Վերջին շրջանում Երեւանում օդի աղտոտվածության մակարդակն ավելի է բարձրացել: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շաբաթվա գրեթե բոլոր օրերին օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Չնայած դրան՝ հանրապետության այլ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակն ավելի ցածր է նախկինի համեմատ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահանզարյանը: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նշված կենտրոնը մայրաքաղաքում ու հանրապետության որոշ հատվածներում իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ. այն արվում է՝ փոշու, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների չափաբաժինները որոշելու համար:
Փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական եւ այլ գործողությունների հետեւանքով: Փոշին հիմնականում ազդում է վերին շնչուղիների վրա: Արդյունքում, տեղի է ունենում լորձաթաղանթների կարմրություն, դրանց այտուցվածություն եւ այլն: Փոշու երկարատեւ ազդեցության դեպքում կարող են առաջանալ ռինիտ, բրոնխիտ եւ այլ հիվանդություններ:
Մասնագետի խոսքով՝ եթե մեզ մոտ առկա պատկերը համեմատում ենք եվրոպական խոշոր քաղաքների ու հատկապես անտառաշատ վայրերի հետ, թվում է, թե մեզ մոտ օդի աղտոտվածությունը պիտի ավելի բարձր մակարդակի վրա լիներ, բայց, բարեբախտաբար, այդպես չէ:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում դրական գնահատեց այն հանգամանքը, որ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մեզ մոտ չի գերազանցում՝ գերնորմատիվային աղտոտվածություն մենք չենք գրանցել: Դա այն դեպքում է, երբ օդի աղտոտվածությունը 10 եւ ավելի անգամ գերազանցում է սահմանված նորման:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: