Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է փնտրել նրանց, ովքեր ձգտել են գերշահույթ ստանալ, հնարավո՞ր է՝ դեֆիցիտ լիներ ու Զատկի հաջորդ օրը ձուն հայտնվեր խանութներում 70 դրամով». «Ժամանակ»

Ապրիլ 07,2021 10:21

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն Սուրբ Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Արհեստական դեֆիցիտ ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները ընկերությունը հերքում է՝ դրանք որակելով «կեղծ լուրեր»:

Ընկերությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում։

«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հայտարարությանը, բայց հարցադրում արեց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը շուկայում 30-35 տոկոսը ծածկում է, վերջին պահին հասկացավ, որ ներկրում է պետք։

Մեր զրուցակիցը պնդեց՝ իրենք հաշվարկել են, գույքագրել են և հասկացել են, որ ներկրումներով հանդերձ հնարավոր է Զատիկի ժամանակ ապահովել անհրաժեշտ քանակ։ Սակայն խնդիրներ ամեն դեպքում առաջացան, որոնք և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ: «Օբյեկտիվը այն էր, որ մեզանից կախված չէր։ Դա մեծածավալ գնումներն էին և այն, որ մենք 2020 թվականին չկարողացանք համավարակի ու պատերազմի պատճառով թարմացնել գլխաքանակները։ Մենք չկարողացանք պայմանագրերով սահմանված պահանջարկով ներկրում կատարել։ Ներկրում կատարեցինք միայն այն ժամանակ, երբ նոյեմբերին ռազմական վիճակը դադարեցվեց, և կարողացանք չարտերային չվերթ կազմակերպել, այն էլ՝ երրորդ երկրից, քանի որ ոչ Ռուսաստանն էր ձու տալիս մեզ, ոչ էլ հարևան մյուս երկրները։ Նրանք դա պահում էին իրենց համար։ Մենք գլխաքանակի թարմացում հազիվ կարողացանք կատարել տարվա վերջին»,- ասաց Ստեփանյանը:

Նա հավելեց, որ սուբյեկտիվ պատճառն էլ այն էր, որ արտադրողները, այդ թվում՝ ամենախոշոր արտադրողը ճիշտ չհաշվարկեց իր հնարավորությունները և գրեթե վերջին պահին նոր ասաց, որ արտադրման համար նախատեսված ծավալները չի կարող լրացնել և ցանկանում է դիմել ներկրման համար։ Երկրորդ սուբյեկտիվ պատճառը այն էր, որ շուկան չկարգավորվեց, որի մեջ, Ստեփանյանի խոսքով, իրենք էլ մեղք ունեին, բայց շատ քիչ։ Մեղքի բաժին ուներ նաև առևտրային ցանցը, երբ ի հայտ եկան երրորդ խաղացողներ, որոնք ճիշտ կռահելով պահը՝ արհեստական դեֆիցիտ, խուճապ առաջացրին շուկայում, որ ձվի քանակը չի հերիքելու։ «Մենք Զատիկից 3-4 օր առաջ ներկրված գլխաքանակի շնորհիվ ձու ստացանք, նույնիսկ ակցիաներ կազմակերպվեցին, և հնարավոր եղավ սպառողին ցույց տալ, որ ձու կա»,- ասաց Ստեփանյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Զատկի նախօրյակին այդ վիճակը եղավ, իսկ հաջորդ օրը արդեն բոլոր խանութներում 70 դրամով ձու կար, Ստեփանյանը պատասխանեց. «Դե դուք տրամաբանեք։ Հնարավո՞ր է, որ դեֆիցիտ լիներ, ու հանկարծ Զատկի հաջորդ օրը ձուն հայտնվեր խանութներում 70 դրամով։ Մնում է փնտրել նրանց, ովքեր որ ձգտել են գերշահույթներ ստանալ կամ բարձրացնել վրադիր գները»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930