Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Բուլգակովի այցն Արցախ հունից հանել է Էրդողանին ու Ալիեւին

Ապրիլ 07,2021 10:30

Սկիզբը՝ այստեղ:

Անկարայի ու Բաքվի հակաքայլները բավական կոշտ էին ու ջղաձիգ, սակայն Ադրբեջանում կրքերը դեռ չեն հանդարտվում

Մարտի 31-ին Արցախում եւ Ադրբեջանում երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնց հիմքում կարելի է դիտարկել Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի աճող դժգոհության աստիճանը:

Վերջին օրերին ընթերցելով եւ համացանցում ադրբեջանցի փորձագետների առցանց հարցազրույցներին ծանոթանալով՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ հսկայական դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում Արցախ կատարված մի այցելություն…

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի այցին: Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվում կրքերը բորբոքված են ու չեն հանդարտվում: Մոտավորապես այսպիսի շեշտադրումներով քննադատություններ են հնչում Բաքվից՝ «ո՞վ է թույլ տվել ՌԴ պաշտոնյային այցելել Լեռնային Ղարաբաղ», «Ադրբեջանի իշխանություններին հարկ էլ չե՞ն համարել տեղեկացնել, սա ի՞նչ ինքնագործունեություն է…», «ինչո՞ւ ՌԴ պաշտպանության փոխնախարարի կողքին ադրբեջանցի պաշտոնյան չկար…» եւ այլն:

Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ստեփանակերտում է, նա մասնակցում էր հերթական շարժական ավանի (նախատեսված 250 զինծառայողի համար) բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել էր նաեւ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է նաեւ շարժական հոսպիտալ, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանումները բուժօգնություն կցուցաբերեն։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Բուլգակովը ասել է, որ այդ հոսպիտալի տեղակայման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 5-7-ը։ Բուլգակովը հստակեցրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: «Մինչեւ ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- նշեց ռուսական բանակի գեներալ Բուլգակովը:

Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում երեք ամսվա ընթացքում տեղակայվել է 12 շարժական ավան Ստեփանակերտում, Գետավանում, Բերդաշենում, Խաչմաչում, Մարտունիում եւ Ասկերանում։ Մոտակա ապագայում այդպիսի ավաններ կկառուցվեն նաեւ Ճարտարում, Բերձորում, Սոսում, Կարմիր Շուկայում, Մարտակերտում, Շուշիում եւ մի շարք այլ բնակավայրերում։

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի այցը Ստեփանակերտ թեեւ ռուս խաղաղապահների համար նախատեսված հերթական մոդուլային ավանի բացման եւ բնակեցման արարողության առիթով էր, Ադրբեջանում դա «ապտակ» են համարում, «անարգանք՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին»: Որոշ փորձագետներ անգամ նկատում են, թե Ադրբեջանի նախագահը նման անարգանք պետության հանդեպ չի հանդուրժի:

Վստահաբար պատահականություն չի կարելի համարել այն, որ Ստեփանակերտ ռուսական բանակի գեներալի այցի նույն օրը մի սկանդալային հարցազրույց հայտնվեց ադրբեջանական լրատվական դաշտում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունից՝ ANAMA-ից Caliber.az-ին տված հարցազրույցում հայտնեցին, որ Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» երկու հրթիռ: Գործակալության ներկայացուցիչը, որի անունն ի դեպ, չի հրապարակվել, նշել էր, թե հրթիռները հայտնաբերվել են մարտի 15-ին իրականացված ականազերծման աշխատանքների ընթացքում: Նկատենք նաեւ, որ ANAMA-ն կառավարական պետական կառույց է:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ երկու շաբաթ ադրբեջանական կողմը «ուսումնասիրություններ» է իրականացրել եւ փաստորեն նախընտրել էր ոչ թե դիվանագիտական խողովակներով ճշտել Մոսկվայից, այլ հրապարակային ռուսական կողմին լսեցնել «Իսկանդերի» երկու հրթիռների հայտնաբերման պատմությունը: Սա, ակնհայտորեն, մտածված քայլ էր Բաքվի կողմից:

Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ մինչ ռուս գեներալը Արցախում էր, Էրդողանն էլ փեսային գործուղեց Բաքու…

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգեւատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիեւը Բաքվում ընդունել էր Բայրաքթարին եւ Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին: Թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է ղարաբաղյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալու համար:

Թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներին՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից, ընդունել էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մուսթաֆա Մուրաթ Շեքերը։

Մոսկվային բավական կոշտ պատասխանելու առումով մարտի 31-ի թուրք-ադրբեջանական հակադարձումների շարքից կարելի է համարել անձամբ Էրդողանի հայտարարությունը, թե Ռամադանից հետո պատրաստվում է այցելել Շուշի: Էրդողանն իր մտադրության մասին կիսվել էր Թյուրքական խորհրդի մասնակիցների հետ: Նա հավելել էր, որ իրենց համար շատ կարեւոր է սատարել Ադրբեջանին եւ մաղթել է «բոլոր հարկադիր տեղահանվածների շուտափույթ վերադարձ իրենց հողեր»:

Իսկ թե ինչպես է դրսեւորվում Ադրբեջանին թուրքական կողմի սատարումը՝ դրանում կարելի է համոզվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցկացվում են թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ համատեղ զորավարժությունները:

Ադրբեջանական եւ թուրքական բանակի կապի զորքերը համատեղ ռազմական զորավարժություններ սկսեցին ապրիլի 6-ից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զորավարժությունների ընթացքում կապի մասնագետները կտեղափոխվեն ուսումնառազմական խնդիրներ կատարելու շրջաններ, որտեղ կիրականացնեն կապի միասնական համակարգը կազմակերպելու ուղղությամբ խնդիրներ: «Զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն կապի ժամանակակից միջոցների եւ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, կկատարեն զորքերի փոխազդեցությունը կազմակերպելու, դաշտային հենակետեր տեղակայելու խնդիրներ եւ այլ միջոցառումներ»,-մանրամասնել էին Ադրբեջանի ՊՆ-ից: Զորավարժությունները կտեւեն մինչեւ ապրիլի 8-ը:

Իրականում, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հինգ ամիս անց արդեն իսկ նկատվում է, որ ընթանում է համառ, լուռ, երբեմն քողարկված, երբեմն էլ՝ ոչ քողարկված պայքար Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Ադրբեջանում միաբերան կարծիք են հայտնում, որ իրենց երկրի ղեկավարը համբերատար կսպասի, առանց կտրուկ «շարժումների», որպեսզի չզայրացնի ո՛չ «մեծ եղբայր Էրդողանին», ո՛չ էլ «ռազմավարական գործընկեր Պուտինին», բայց ի վերջո կլուծի՝ «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության խնդրահարույց հարցը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Արցախում ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի եւ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի
հրամանատար Ռուստամ Մուրադովի լուսանկարները՝ ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:

«Առավոտ» օրաթերթ,
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էրդողանին և Ալիևին դարձրել եք հեռուստա և լրատվական աստղներ՝չեմ հասկանում,նրանց բարբաջանքները ինչու եք մեզ ներկայացնում՝մանավանդ նրանց տհաճ դիմանկարներով,շարժանկարներով և այլն:Ինչ է?,կարոտել ենք նրանց,թե այլ սենսացիոն լուր չկա և եղածն եք շրջանառում:Հետաքրքիրն այն է,որ բոլոր ալիքներով լուրը մատուցվում է նույն բովանդակությամբ և շարադրանքով՝գոնե,ձեզնից մեկ,երկու բառ փոխեք…,թե չէ առավոտյան ինտերնետ կայքերում ինչպիսի լուր կարդում ենք,նույնը 24 ժամ կրկնվում են ՀՀ բոլոր հեռուստահաղորդումներում….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930