Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձվի դավադրությունը»

Ապրիլ 07,2021 10:00

Կիրակի օրը, երբ նշվում էր Սուրբ Հարության տոնը, խանութներում հավկիթ գրեթե չկար, իսկ եթե կար, ապա սարսափելի հերթերով ու թանկ գներով: Ո՞վ է դրանում մեղավոր: Դե, իհարկե, նախկին իշխանությունը, որը հրամայել էր ձու արտադրողներին եւ վաճառողներին պահել ապրանքը, արհեստական դեֆիցիտ ստեղծել՝ ժողովրդի դժգոհությունն առաջացնելու նպատակով:

Ձուն, իհարկե, մանրուք է՝ անձամբ ինձ համար եկեղեցական տոնի խորհուրդը չի բնորոշվում ձվով, փլավով կամ նույնիսկ պահքով. դրանք բոլորն արտաքին դրսեւորումներ են:

Մեծ հաշվով,  այնքան էլ կարեւոր չէ, որ «նախկին իշխանությունների» դավերի վարկածին հավատում են տասնյակ հազարավոր մարդիկ. առանց այդ էլ պարզ է, որ ուղեղները լվացած մարդիկ հսկայական զանգված են կազմում: Էականն այն է, որ նույնիսկ նման մանր խնդիրներում իշխանությունը դրսեւորում է իր ամլությունը,  անկազմակերպվածությունը, ապաշնորհությունը, եւ այս դեպքում նույնպես էության մեջ խորանալու փոխարեն հեքիաթներ է հորինում:

Այլ կերպ չէր կարող լինել: Գյումրիից Երեւան քայլելով եւ 2-3 շաբաթում իշխանություն ստանալով, հնարավո՞ր է արդյոք ունենալ պետական զարգացման որոշակի տեսլական, կառավարման հմտություններ եւ ստեղծել կենսունակ իշխանական թիմ: Ո՛չ, այս ընթացքում հնարավոր է նախկին կոռումպացված համակարգի փոխարեն ստեղծել «հակահամակարգ»՝ կոորդինացիայից եւ նպատակից զուրկ ինչ-որ «հանգույցներ», որոնք ունակ չեն գործելու եւ կարող են նպաստել միայն պետության հետագա քայքայմանը:

Եթե ձախողումները լինեին միայն ռազմական կամ արտաքին քաղաքական ոլորտներում, դա կլիներ շատ ցավալի, ողբերգական, բայց մեջքն ուղղելու հույսը դեռ կպահպանվեր: Բայց երբ պետական ողջ համակարգը, պատկերավոր ասած, «խոդի չի ընկնում», սա որոշակի հոռետեսական սցենար է ենթադրում նաեւ հետպատերազմյան ամիսների եւ տարիների համար: Այս պարագայում մնում է միայն օդի մեջ խոսել՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին», «1000 փաստ մեր աննախադեպ հաջողությունների մասին», «10000 գորգ՝ քաղաքացու օրվա առիթով»:

Կարեւոր է, որ այդ խոսակցությունները մեր քաղաքացիներին դուր են գալիս: Նրանք կարող են մի քանի ամիս կամ անգամ մի քանի տարի հավատալ, որ, ասենք, սննդամթերքի էական թանկացումը «նախկին թալանչիների» գործն է: Բայց եթե դա երկար տեւի, նրանք այդ նույն համոզվածությամբ կհավաքեն ճամպրուկները եւ նույն հեքիաթները կպատմեն  իրենց երեխաներին ու թոռներին, օրինակ, Կրասնոդարի մարզի գյուղերում: Երեխաները եւ հատկապես թոռները որոշ ժամանակ կլսեն այս պատմությունները, բայց հետո կմոռանան, թե ինչ առիթով էին դրանք շրջանառվում: Որովհետեւ այն երկիրը, որի մասին պատմում էին իրենց ծնողներն ու պապերը, իրենց այլեւս չի հետաքրքրի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    “առանց ձու կապրեմ”ը՝ հայերուն նոր նշանաբանը։

  2. Armen says:

    Ավելի քան 20 տարի երկրում ստեղծվել էր շվեյցարական ժամացույցի նման գործող համակարգ, որտեղ յուրաքնչյուրը գիտեր իր գործը: Օրինակ՝ սփյուռքահայը որոշակի ներդրումային ծրագրով մտնում էր այն ժամանակվա վարչապետի մոտ և լսում պատասխան՝ իմ փայը ինչքա՞ն է լինելու; հարկայինը մտնում էր ստուգման մտքում ունենալով թե ինչքան կանխիկ է կարողանալու պոկել գործարարից(անկախ ստուգման արդյունքից ակտ էր գրվում, այսինքն գործարարը նախորոք գիտեր, որ ինչքան էլ «մաքուր» աշխատեր բացի կանխիկից ակտի գումար պետք է մուծվեր); ԲՈՒՀ- երում մոմի ճրագով պետք է գտնեիր դասախոսի, որը ուսանողից փող չէր վերցնում և այս շարքը անվերջ կարելի է շարունակել: Պետական կառույցներում աշխատող իմ ծանոթների զգալի մեծամասնությունը դժգոհում է այս իշխանություններից, տողատակում պարզ երևում է՝ մարդը զրկվել է անձնական «հավելյալ» եկամտից: Հիմա մենք ի՞՞՞նչ ենք ուզում….. Մինչև իսպառ չձերբազատվենք այսպիսի «ավանդույթներից», մենք ոչնչի չենք հասնի: Ստեղծագործության հեղինակներին թողած, հիմնականում «քլնգում ենք» կարդացողներին: Բանը հասել է նրան, որ նույնիսկ թիվ 2 նախագահի մոտ է հույսեր արթնացել: Ակամայից հիշում ես մեծն Սևակի հանրահայտ տողերը…

    • Արամ says:

      Արմեն ջան, աշխատավարձդ ինչքան է՞ (մեկ մեկնաբանությունը-…՞)։
      Ինչ պրն. Աբրահամյանը սկսել է քննադատել, ոչ մի հոդված «բաց չէս թողնում» (աշխատում են հատուկ «քոմենթչիններ»)։ Տարբեր լրատվականներում տարբեր մարդիկ են «աշխատում»։

  3. henri says:

    Կացութիւնը չափազանց մտահոգիչ է . Այս անձը դեռ ՛՛կիթառը ձեռքին՛՛ ուս ուսի տանք
    կ՛ըսէ և երկիր կերտենք . . . Այս աստիճան լկտիութիւնը այլևս անհանդուրժելի դարձած է ։ 5.000 զոհ-10.000 հաշմանդամ ուր են Երկրապահ կոչուածները,որ երկիրը պիտի պահեն՞ , ափ մը հող մնաց արիւնով և գերեզմաններով շաղախուած ։
    Թէև գիւղացի է բայց հաշիւները լաւ գիտէ -բանակը իրար ձգեց օրական զօրավարներ տեղաշարժելով ըստ կամս , կոկիկ համազգեստներով,յարդարուած մօրուքով և մազերով իր ՛՛քայլականներ ՛՛ մէկական «գայլի գլուխի» վերածեց կարճ ժամանակի մէջ, այդ համեմատաբար նոր սերունդն ալ փճացուց իր մականին տակ . . .աւելի տրամաբանական չէ ՞ որ ՛՛ռատը քաշէ՛՛ և կորչի որ մնացեալ պարկեշտ մարդիկ ,հանգիստ ապրին իրենց ծննդավայրին մէջ , դժուարութեամբ բայց մեծ սիրով ։

  4. Արթուր says:

    Հարգելի պարոն Աբրահամյան ստիպված եմ կրկնվել:
    1. Ճտիկով գրիչի դեպքից հետո (իսկ ավելի ճիշտ կլիներ 1ին 100 փաստերից հետո) անհրաժեշտ էր անցկացնել բազմակողմանի եւ համալիր բժշկական հետազոտություններ եւ տեղավորել «հերոսին» համապատասխան բուժ. հիմնարկի «Փրկիչների» պալատում, կամ «Հիսուսների» ըստ բժշկական եզրակացության:
    2. Ազգային ժողովին. մշակել օրենքի նախագիծ, ըստ որի բարձր պաշտոններին հավակնող անձինք պարտադիր պետք անցնեն Զինվորա-բժշկական բուժզննում՝ հատուկ հանձնաժողով:

    Ինչպես կարելի էր նրա հետ հույսեր կապել….. Ճիշտն ասած ինձ զարմացնում էր Ձեր համբերությունը՝ 2018-2020 թթ. գրեթե ոչ մի քննադատական հոդված:
    Ցավոք սրտի ինձ համար ամեն ինչ ավարվել էր վաղուց՝ Ա.Սարգսյանի բարաթից հետո:

    ՀԳ. արագ կողմնորոշվել հերթական նոր իշխանությունների հարցում հեշտ գործ չէ, ուղակի 1988ից ի վեր հանճարեղ ուսուցիչներ եմ ունեցել:

  5. Armen says:

    Արամ ջան, ապրում եմ Սյունիքում, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և որևէ մեկի համար չեմ աշխատել ու չեմ աշխատում, իշխանության մեջ որևէ մեկի չեմ ճանաչում: Այսքանը, երևի թե հերիք է:

  6. Armen says:

    Ավելացնեմ, ունեմ համոզմունք, որ վերադառնալ անցյալ պարզապես չի կարելի, իսկ ով լինի իշխանության՝ որոշի ժողովուրդը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930