Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու փթթող, փակվելու վտանգից փրկված ծննդատունը. (Ֆոտոշարք)

Ապրիլ 07,2021 00:03

Տևական ժամանակ է՝ կառավարությունում քննարկվում էր «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն փակելու ծրագիրը, սակայն Շիրակի նախորդ մարզպետ Տիգրան Պետրոսյանը գտավ ելքը․ առաջարկեց այն օպտիմալացնել Գյումրի բժշկական կենտրոնի հետ։ Գյումրու ծննդատունը գործելու է իր իսկ շենքում, սակայն ենթարկվելու է Գյումրի բժշկական կենտրոնին։

Սա Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օպտիմալացման բացառիկ դեպքերից է, որը փայլուն արդյունք է ունեցել․ ավելացել է և՛ ծնունդների թիվը, և՛ ծննդատան կուտակած պարտքերից որոշ գումար մարվել է, և՛ շենքը շքեղ վերանորոգման է ենթարկվել։ 10 միլիոն դրամ են ծախել վերանորոգման վրա, կտուրի, հիվանդասենյակների վերանորոգումից բացի նույնիսկ կոնֆերանսի սրահ, բժիշկների սենյակ ու խոհանոց են սարքել։

Նախորդ տարի այս ամիս գրանցվել էր ընդամենը 18 ծնունդ, այս տարվա նույն ամսին 41 ծնունդ։ Վերջին երեք ամիսների ընթացքում ծնունդների թիվը կտրուկ ավելացել է, չնայած որ դեռ չեն հասցրել ամբողջ ծավալով աշխատել։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, որը ժամանակին զբաղեցրել է Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնն, այսօր խոսեց ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի օպտիմալացման դրական արդյունքների մասին ու շրջայց կազմակերպեց շենքի ներսում՝ ցույց տալու նորույթները։

Նա մասնավորապես ասաց, որ նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, տեսնելով, որ ծննդատունը հայտնվել է ծանր իրավիճակում՝ պարտքերի մեջ, իրեն առաջարկել է օգնել, համաձայնել այն միավորելու Գյումրի բժշկական կենտրոնի հետ։

Արմեն Իսահակյանն էլ, որը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է, իր համար Գյումրու ծննդատունը յուրահատուկ դպրոց է եղել․ 21 տարի աշխատել է այնտեղ, սիրով համաձայնել է։

Ծննդատունը տարիների ընթացքում կուտակել էր 120 միլիոն դրամ պարտք, օպտիմալացումից հետո այժմ որոշակիորեն մարել են։ Պետական եկամուտների կոմիտեին ունեցած 15 միլիոն հարկային պարտավորությունը լիարժեք կատարել են, ինչպես նաև սկսել են մարել աշխատավարձերի պարտքերը։ Նախկինում աշխատավարձերը ուշացումով էին վճարում, այժմ նման բան չկա։

«Ծննդատունը 8 առանձին մուտք ունի, լինելով ամբողջությամբ մոնոլիտ ու անմիջապես երկրաշարժից հետո կառուցված՝ կարող է իրականացնել բազմաթիվ ծառայություններ։ Պատերազմի տարիներին ծննդատան նկուղային հարկը կարելի է ծառայեցնել որպես նկուղային հոսպիտալ, մենք դրա փորձն ունենք, տեղանքը գծած է ու պայմանները համապատասխանում են։ Մենք նաև փորձ ունենք, որ կարող ենք տարանջատել մի մասն առանձին մուտքով, ապահովել հղի վիրուսով հիվանդների իզոլացումը, չունենալ շփում այլ բաժանմունքների հետ»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Գյումրի բժշկական կենտրոնը կօգտագործի նաև իր պոտենցիալը ծննդատան համար, սարքավորումները, նեղ մասնագետները կծառայեն հղիների համար։ Ըստ տնօրենի, նախկինում պայմանագիր էին կնքում հիվանդանոցների հետ նեղ մասնագետների ծառայություններից օգտվելու համար, այժմ՝ օպտիմալացման արդյունքում, մի կոլեկտիվ են դարձել, այս ամենն անվճար է իրականացվում։

«Հնարավոր չէ ծննդատներում ունենալ համակարգչային տոմոգրաֆիա, սրտի ինվազիվ բաժանմունք, հնարավոր չէ ունենալ բոլոր նեղ մասնագետները, օրինակ ասենք՝ անոթային վիրաբույժ, որը շատ կարևոր է հղիության ընթացքում և շատ անգամ մեզ դիմում են։ Այդ ամենը ծննդատունը կունենա որպես գործընկեր՝ ոչ ֆինանսական հարաբերության մեջ», -ասաց Արմեն Իսահակյանը։

Նա նաև նշեց, որ ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքները շարունակվում են և կծախսեն այնքան գումար, որքան անհրաժեշտ է գերժամանակակից կառույց ունենալու համար և մեծ աշխատանք կկատարեն պատերազմից հետո ծնունդների թվի ավելացմանը նպաստելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930