Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնից, մեծ ցանկության դեպքում անգամ, չէի կարող վիրավորվել»

Ապրիլ 07,2021 12:30

Ճանաչված եւ սիրված դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը 2020թ.՝ 90 տարեկանում, «ընտրեց» երկնային կյանքը։ Արդարության դեմ չմեղանչելու համար խոստովանենք, որ ոչ բոլոր տաղանդավոր, ճանաչված, հանրահայտ կամ հայտնի արվեստագետներին է բնորոշ սիրված լինելը ոչ միայն գործընկերների, այլեւ հանդիսատեսի կողմից։ Առանց բացառության բոլորը մաեստրոյին դիմում էին «ջան»-ով՝ Յուրի Գայկովիչ ջան։ Դժվար է խոսքերով ներկայացնել մի ասպարեզ, որտեղ ընդհանրացվում ու սինթեզվում են երաժշտական կատարողական արվեստին բնորոշ բոլոր գծերը։ Դիրիժորության ոլորտում կերպարներ կերտելու, արտահայտչամիջոցներ որոնելու ճանապարհը անվերջ է։ Այս միտքը Յուրի Դավթյանինն է, որի հետ «Առավոտը» պատիվ է ունեցել քանիցս հարցազրույցներ վարելու։

Իրավամբ մաեստրոյին հաճախ ներկայացնում են որպես հայկական օպերային եւ բալետային արվեստի երախտավոր։ Արվեստագետի իր կենսագրության ընթացքում դիրիժորը ղեկավարել է հայ հեղինակների մեծակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ Եղիազարյանի «Սեւան», Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնուն» բալետները, Սպենդիարյանի «Ալմաստ», Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ-Բեկ», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաները…, իհարկե, նրա երկացանկում մեծ տեղ են գրավել նաեւ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշները. բոլորը չես թվարկի։ Դիրիժորի վաստակն ակնհայտ է նաեւ սիմֆոնիկ երաժշտության եւ օպերետի ժանրերում։ Այսօր ճանաչված շատ դիրիժորների համար դիրիժոր հասկացությունը սկսվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Դավթյանի ղեկավարությամբ սովորելու տարիներին։ Իսկ Յուրի Գայկովիչի համար այդ հասկացությունը սկսվեց 1952թ., դարձյալ Երեւանի կոնսերվատորիայում։ Այս առիթով մաեստրոն միշտ բարձրաձայնում էր իր պրոֆեսորների՝ Գեորգի Սարաջյանի եւ Միքայել Թավրիզյանի անունները։ Ընդ որում, վերջինս է երիտասարդ դիրիժորին 1952թ. առաջին անգամ ուղեկցել օպերային թատրոն։ Հենց այդտեղ էլ 1954թ. Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա» օպերային ներկայացմամբ կայացավ երիտասարդի դեբյուտը։ Իսկ առաջին ինքնուրույն աշխատանքը որպես բեմադրող դիրիժոր, տեղի ունեցավ մեկ տարի անց՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությամբ։

Մեզ հետ հարցազրույցներից մեկում հարցին՝ մուտք եք գործել թատրոն, երբ այնտեղ էին Սարաջյան ու Թավրիզյան, Բուդաղյան եւ Չարեքյան, Յաղուբյան, Ստեփանյան… մեծությունները, երիտասարդ դիրիժորի համար, մեղմ ասած՝ դժվար չէ՞ր, Յուրի Դավթյանը պատասխանել էր. «Չէ, չէ, թատրոն ոտք դնելու առաջին օրվանից ոչ թե մեկ-երկու, այլ բոլոր դիրիժորների կողմից մի տեսակ հայրական վերաբերմունք էի զգում։ Էլ չնշեմ օպերայի եւ բալետարվեստի մեր մեծերի վերաբերմունքը իմ հանդեպ… Մի տխուր դեպք ներկայացնեմ. 1957թ. Թավրիզյանի ղեկավարությամբ ընթանում էին «Արծվաբերդ» օպերայի փորձերը։ Իսկ ներկայացման հանձնման օրը պատահեց սարսափելին՝ Թավրիզյանը եկավ, կանգնեց դիրիժորական վահանակի առջեւ եւ կնքեց իր մահկանացուն։ Քանի որ ես բոլոր փորձերին մասնակցում էի, մեծանուն Թավրիզյանին նվիրված «Արծվաբերդի» պրեմիերան վստահվեց ինձ…»։

Զրույցների ժամանակ Յուրի Դավթյանը ներկայացրել է նաեւ խորհրդային տարիներին իր ղեկավարած մի քանի նվագախմբերը, այդ թվում՝ Բոլշոյ եւ Մարիինյան թատրոնների, առանձնակի ակնածանքով էլ նշում էր, թե այդ թատրոնների նվագախմբերի երաժիշտները ի՜նչ մեծ հաճույքով են կատարում հայ կոմպոզիտորների՝ Խաչատրյանի, Հարությունյանի, Սարյանի, Միրզոյանի գործերը։ Հետո էլ հիշում էր Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում համերգները։ Ընդգծված հպարտությամբ նշում էր իր ղեկավարությամբ թողարկված մի շարք ձայնասկավառակները։

Զրույցներից մեկի ժամանակ կեսկատակ-կեսլուրջ մաեստրոյից հետաքրքրվեցինք, թե ճանաչված արվեստագետների կյանքի օրոք եւ հետո խոսվում է նրանց ստեղծագործական կյանքում տեղ գտած դիպվածների, ինտրիգների մասին, ինքն էլ բացառություն չէ. ասում են՝ Յուրի Դավթյանը Երեւանի օպերային թատրոնից վիրավորված 1964-ին հեռացել է եւ նույն թվականից ստանձնել Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը, ի՞նչն էր պատճառը։ «Նման բան չկա։ Թատրոնից, մեծ ցանկության դեպքում անգամ, չէի կարող վիրավորվել։

Պարզապես մինչ Սարատով մեկնելը Կիրովականում հյուրախաղերի ժամանակ, մինչ օրս էլ չեմ հասկանում, թե ինչպես եւ ինչի համար, տհաճ միջադեպ «գրանցվեց», որը բացարձակ կապ չուներ թատրոնի հետ…»։ Ռեպլիկին՝ մաեստրո ջան, «սարքե՞լ էին», հաջորդեց պատասխանը՝ «Ինչպես ուզում եք մտածեք»։

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում հուշ երեկո էր՝ նվիրված սիրելի դիրիժորին։ Ցուցադրվեց ֆիլմ, որն ամփոփում էր Յուրի Դավթյան դիրիժորի ողջ ստեղծագործական ուղին, բարձրարվեստ կատարումներով ներկայացան թատրոնի առաջատար մեներգիչները։ Սիրելի արվեստագետին ուղղված եւ ներկայացնող խոսքով հանդես եկան ճանաչված օպերային արտիստներ՝ երգիչներ Հասմիկ Պապյանը, Կոնստանտին Սիմոնյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը։ ԱՄՆ-ից անակնկալ էր մատուցել թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. ճեմասրահում ներկայացված անվանի արվեստագետների դիմանկարների շարքում տեղ գտավ նաեւ ամերիկաբնակ գեղանկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի հեղինակած Յուրի Դավթյանի դիմանկարը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Ալեքսանդր Բաղրամյանի «Յուրի Դավթյանը»:

«Առավոտ» օրաթերթ
06.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930