Կարծում է երիտասարդ դերասան Հարություն Սարգսյանը
«Մինչեւ հիմա չեմ կարող պատասխանել այն հարցին` թե ինչու ընտրեցի դերասանի մասնագիտությունը, որովհետեւ ամեն բան պատահական է եղել։ Ուղղակի մի օր որոշեցի թատերականի զրո կուրս ընդունվել, տեսնել՝ ինչ կլինի։ Ընդունվեցի ու կարծում եմ` ճիշտ ընտրություն եմ կատարել։ Տնեցիների համար սկզբում անակնկալ էր, որ ընտրել եմ դերասանի գործը, սակայն կողմ են եղել ընտրությանս»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Հարություն Սարգսյանը, որը վերջին շրջանում առավել հայտնի է «Կորած օրագիր» հեռուստասերիալի Արթուրի կերպարով։
Մեր զրուցակցի խոսքով` կինոն ու թատրոնն իրարից շատ տարբեր են, բայց թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է։ Կարծում է` դա պայմանավորված է նրանով, որ ավելի շատ աշխատել է թատրոնում, քան կինոյում։ Կերպար կերտելուց երբեք չի փորձում նմանություններ գտնել, ասում է՝ փորձում է բացահայտել կերպարը, գտնել այնպիսի գծեր, որոնք չունի, այնպիսի բաներ, որ չկան իր կյանքում։
«Արթուրի կերպարի հետ հիմնական նմանությունն այն է, որ երկուսս էլ բռնցքամարտով ենք զբաղվել, դպրոց հաճախել, բայց բնավորության գծերի առումով ընդհանրություններ չկան։ Նշեմ, որ Արթուրի կերպարը շատ համարձակ է, եւ իր ամեն քայլում դա ակնառու է։ Ես էլ եմ ինչ-որ չափով այդպիսին, բայց ոչ այնքան, որքան Արթուրը: Նույնիսկ կցանկանայի, որ որոշ չափով իմ մեջ էլ լիներ այդ համարձակությունը։ Այդ գիծն ինձ իրոք շատ է դուր եկել»,-հավելում է մեր զրուցակիցը։
«Կորած օրագրում» խաղալու մասին Հարությունն ասում է, որ ամեն բան շատ արագ ստացվեց։ Համացանցում քաստինգի մասին հայտարարությունը տեսել է եւ որոշել մասնակցել։ Սկզբում վիդեո տարբերակով էր, որից հետո կանչել են երեսառերես քաստինգի` տեսքտ կարդալու, դա էլ է անցել ու այդպես սկսել կերտել Արթուրի կերպարը։ Հեռուստասերիալի բերած հայտնիության մասին ասում է. «Չէի ասի, որ շատ հայտնիություն է բերել ինձ այս ամենը, հավանաբար հիմնականում դպրոցականների շրջանում, ինչը հաճելի է։ Ճիշտ է, փողոցում քայլելիս բոլորը չէ, որ ճանաչում են ինձ, բայց նոր բան է, որին հոգեպես պատրաստվում ես, երբ դառնում ես դերասան, պատրաստվում ես նրան, որ մի օր կարող է քեզ ճանաչեն: Ամեն դեպքում մեծ հաշվով դա էապես չես զգում, մինչ քեզ հետ չի կատարվում։ Այս ամենն առավել հաճելի է հատկապես այն ժամանակ, երբ սիրելով են ճանաչում»։
Կարդացեք նաև
Թատերական առաջին քայլերը սկսել է ինստիտուտի նախապատրաստական փուլից եւ այդ ժամանակվա ամենահիշարժան դեպքերը` ընդունելության քննության օրերն էին։ Ասում է` չէր հավատում, որ կընդունվի։ Ճիշտ է, մի միավոր պակասում էր անվճար ընդունվելու համար, բայց դա այդքան էլ հետաքրքիր չէր ապագա դերասանի համար։ Հարությունի կարծիքով՝ դերասանի մասնագիտության մեջ ամենակարեւորը պրոֆեսիոնալիզմն է եւ լուրջ մոտեցումը։ «Առհասարակ, յուրաքանչյուր ներկայացում պետք է խաղաս այնպես, ինչպես կխաղայիր առաջին կամ վերջին անգամ, ճիշտ է, այս խոսքերն իմը չեն, բայց միշտ սովորում եմ մեծերից։ Երբեք չպետք է որեւէ բան կիսատ անել, որովհետեւ 200-ից ավելի մարդ այդ պահին քեզ է նայում ու դու պետք է այնպես անես, որ նրանք հավատան այդ պահին կատարվող հեքիաթին բեմում: Իմիջիայլոց, բեմում միշտ մեկս մյուսի մասին մտածում ենք……Չես կարող էգոսիտ լինել եւ միայն քո մասին մտածել, որովհետեւ այդպես կտուժի ներկայացումը»,-կարծում է Հարությունը։
Տարբերություն չի կարողանում դնել կինոյի եւ ներկայացման միջեւ, երկուսն էլ սիրում է դիտել, որովհետեւ երկուսի դեպքում էլ կտրվում է իրականությունից։ «Ամենասիրելի ներկայացումն այս պահի դրությամբ Նարինե Գրիգորյանի բեմադրած «Փափլիկ» ներկայացումն է՝ ըստ Գի դը Մոպասանի, որն «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ դարձավ Տարվա լավագույն ներկայացում։ Իրոք, շատ լավն է եւ խորհուրդ կտամ բոլորին դիտել։ Ֆիլմերից էլ ամենաշատը «Կնքահայրն» եմ սիրում։ Ալ Պաչինոն էլ իմ ամենասիրելի դերասանն է, որն իր առաջին քայլերն արել է վերոնշյալ ֆիլմում։ Նրանից շատ բան եմ սովորել, դիտելով իր կերտած ֆիլմերը։ Այնպես չէ, որ միայն իրեն եմ սիրում եւ իրենից սովորում, փորձում եմ բոլորից ինչ-որ բան սովորել, թեկուզ ուսանողներից, որովհետեւ կան ներկայացումներ, որտեղ իրենց հետ եմ խաղում, կարճ ասած՝ բոլորից մի բան սովորում եմ»,-հավելում է դերասանը։
Ոգեշնչման աղբույրը հանդիսատեսն է։ Մեզ հետ զրույցում կատակում է՝ ասելով, որ ներկայացումից մեկ րոպե առաջ միշտ փոշմանում է, որ դերասան է դարձել, որովհետեւ շատ է լարվում. «Այդ պահերին միշտ ծիծաղելով ասում եմ` ինչո՞ւ դերասան դարձա։ Դե մեկ րոպեից վարագույրը բացվում է, դահլիճը լի է լինում մարդկանցով, որոնք քեզ են նայում, լարվածությունն էլ ավելի է շատանում, երբ դու ես սկսում ներկայացումը։ Եթե անկեղծ` չեմ հանում լարվածությունս, ինչքան շատ եմ լարվում, այդքան ուրախանում եմ, որովհետեւ դա օգնում է ինձ ավելի լավ խաղալ»։ Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա մեր ընթերցողներին, կարճ ու հստակ պատասխանում է` ընթերցել։ Դպրոցականներին էլ խորհուրդ է տալիս դպրոցում լավ սովորել, որովհետեւ հետո փոշմանելու են։
Խոսեցինք նաեւ երիտասարդ դերասանի սիրելի գրքից։ «Սիրելի գիրքս Դանթեի «Աստվածային կատակերգությունն» է։ Ֆանտաստիկ գիրք է, տարօրինակ եւ յուրահատուկ գործ։ Դժոխքի, Քավարանի, Դրախտի եւ սիրած աղջկա մասին է։ Իրականում այն ինձ շատ է ոգեւորել։ Իմիջիայլոց, խորհուրդ կտամ «Կորած օրագիր» վեպը կարդալ, որովհետեւ կարդալը թույլ է տալիս քեզ անձամբ պատկերացնել այն, ինչ գրված է գրքում։ Իսկ ցանկությունս մեկն է, որ մարդիկ շատ հաճախեն թատրոն»,-հայտնեց Հարությունը։
Տեղեկացանք, որ առաջիկայում նոր ներկայացումներ կլինեն։ Ապրիլի 29-ին ունենալու են պրեմիերա «Մետրո» թատրոնում, որ պարբերաբար խաղալու են, ներկայացումը կոչվում է «Թոքեր», ռեժիսորն է Գոռ Մարգարյանը։
«Կուզեմ, որ մարդիկ լուրջ վերաբերվեն թատրոնին, որովհետեւ մենք մեր գործին շատ լուրջ ենք վերաբերվում: 3 ամիս մեր կյանքից տրամադրում ենք, որ մի քանի ժամ տեւող ներկայացում ստեղծենք, մարդիկ գան ու նայեն, ու այդ ամենը մեր երկրում շատ մատչելի է, այսինքն` 1500 դրամով կարող ես գալ ներկայացում նայելու»,-հավելում է դերասանը։ Ու մի խորհուրդ էլ է տալիս. «Սիրելի հանդիսատես, որ գալիս եք ներկայացման, խնդրում ենք, անջատեք հեռախոսները եւ հեռախոսի լույսով մի նկարեք ներկայացման ընթացքում, դա խանգարում է դերասաններին»:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
Խմբային նկարն արվել է Արցախում՝ ներկայացումից հետո
«Առավոտ» օրաթերթ
06.04.2021