Հայաստանի սպառողական շուկայում մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 5.8%։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը եւ ըստ այդմ էլ՝ 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի նկատմամբ, գնաճը 5.8% է, իսկ նախորդ ամսվա, այսինքն փետրվարի նկատմամբ՝ 1.0%։
ՎԿ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն, այս տարվա մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճը կազմել է 7.4%, իսկ 2021թվականի փետրվարի համեմատ՝ 0.9%։
Ըստ վիճակագրական կոմիտեի, սննդամթերքի գնաճի վրա մեծապես նպաստել են ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի եւ ճարպերի, մրգի՝ գնաճերը: Օրինակ՝ մրգի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ արձանագրվել է 10.9% գնաճ, իսկ այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ՝ 6.9% գնաճ:
Կարդացեք նաև
Ռեկորդային գնաճ է արձանագրվել բուսական յուղի ապրանքախմբում։ Արեւածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թվականի մարտին 2020 թվականի մարտի համեմատ կազմել է 62.2%։ Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ մարտի համեմատ, գնաճը կազմել է 24.6%, իսկ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ։
Շաքարի եւ շաքարավազի գնաճը դիտարկվող ժամանակաշրջանում, այսինքն այս տարվա մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, գրանցվել է 40.9% գնաճ, իսկ փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ։
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 12 ամսյա գնաճը կազմել է 16.5%, իսկ այս տարվա մարտին փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ:
Այս տարի հավկիթի գնաճը եւս ռեկորդային էր.2021թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, հավկիթի գնաճը կազմել է 78.2%, իսկ 2021թվականի փետրվարի համեմատ՝ 8.1%-ով: Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.6% գնաճ՝ մարտը մարտի համեմատ, իսկ այս տարվա մարտին կրկին այս տարվա մարտի համեմատ՝ 1.6% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում մեկ տարվա գնաճը կազմել է 3.4%, իսկ 2021թվականի փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ: Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, արձանագրվել է 9.2% գնաճ, իսկ փետրվարի համեմատ՝ 1.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը այս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ կազմել է 9.0%, 2021թվականի փետրվարի համեմատ՝ 1.9%։ Ծխախոտային արտադրատեսակների գնաճն այս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ կազմել է 9.6%։
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 12-ամսյա գնաճը կազմել է 9.4%, այս տարվա մարտը 2021-ի փետրվարի համեմատ՝ 0.6%։ Հացի գնաճը 8.6% է, ալյուրինը՝ 14.4%։
Բանջարեղենի ապրանքախմբում գնաճը 2021թվականի մարտին 2020-ի մարտի համեմատ կազմել է 1.4%, իսկ 2021թվականի փետրվարի համեմատ 4.7% գնանկում է գրանցվել:
Վառելքի շուկայում գնաճը նույնպես զգալի է։ 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, հանրապետությունում բենզինի գնաճը կազմել է 4.9%, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թվականի մարտին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, ըստ ՎԿ-ի, արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% եւ 18.1% գնաճ: 2021 թվականի մարտին փետրվարի համեմատ բենզինը թանկացել է 8.2% -ով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 11.2%-ով։
2021թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.4% գնաճ, իսկ 2021թվականի փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ։
Ծառայությունների ոլորտում այս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ արձանագրվել է 2.2% գնաճ, իսկ փետրվարի համեմատ՝ 0.5%։
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաեւ փոխարժեքի տվյալները՝ 2021թվականի մարտին դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ, ինչը 7.9%-ով բարձր է 2020 թվականի մարտի համապատասխան ցուցանիշից՝ 489.0 դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.04.2021