Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մարտի 28-ին «Արաբ նյուզ» թերթը մի հոդված հրապարակեց՝ «Սաուդացի հեղինակի գիրքը բացահայտում է օսմանյան վայրագությունները Մադինայում» վերնագրով։ Գիրքը գրել է պատմաբան Մուհամեդ ալ-Սաիդը, որը բացահայտել է օսմանյան վայրագությունները Սաուդյան Արաբիայի Մադինայի սուրբ քաղաքի մահմեդական բնակչության դեմ 1918 թվականին, երբ այն Օսմանյան կայսրության մաս էր կազմում:
Կարդացեք նաև
Ալ-Սաիդն իր «Սեֆերբերլիկ. Մադինայում օսմանյան ոճրագործությունից մեկ դար անց» գրքում պատմում է օսմանյան գեներալ Ֆախրի փաշայի կողմից Մադինայի բնակչության տեղահանության և սպանությունների քիչ հայտնի պատմությունը: Քաղաքը կողոպտվել էր, իսկ սուրբ մասունքները՝ թալանվել օսմանյան բանակի կողմից:
«Արաբ նյուզ»-ի հոդվածի լրագրող Մոհամեդ ալ-Սուլամին բացատրել է, որ չնայած որոշ պատմաբաններ օգտագործում են թուրքերեն և արաբերեն Սեֆերբերլիկ բառը, որը նշանակում է զորահավաք կամ հավաքական տեղահանություն, երբ խոսք է գնում Հայոց ցեղասպանության մասին, այս եզրույթը օգտագործվում է նաև Մադինայից բնակչության զանգվածային տեղահանմանն անդրադառնալիս:
Ֆախրի փաշան պաշարեց Մադինան, երբ քաղաքը հարձակման ենթարկվեց բրիտանական աջակացություն ունեցող արաբ մարտիկների կողմից՝ Մաքքայի շարիֆ Հուսեյն բին Ալիի գլխավորությամբ: Ֆախրի փաշան 40 հազար մարդու գնացքներով արտաքսեց Մադինայից դեպի ներկայիս Սիրիա, Թուրքիա և Իրաք՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Մադինայում մնաց ընդամենը 140 բնակիչ, որոնք տառապում էին սովից։
Բացի այդ, օսմանյան բանակը դուրս բերեց Մուհամեդ մարգարեի արժեքավոր անձնական իրերն իր սրբազան պալատից և դրանք տեղափոխեց Կոստանդնուպոլիս (Ստամբուլ): Ֆախրի փաշան մարգարեի մզկիթը վերածեց զենքի պահեստի, այդպիսով վտանգելով մարգարեի գերեզմանը: Ֆախրի փաշան նաև քանդեց շատ շենքեր, սովամահ արեց Մադինայի մնացած բնակչությանը և առգրավեց նրանց ունեցվածքը, ինչպիսիք էին ագարակներն ու բերքը՝ սննդամթերք պահեստավորելով իր զինվորների համար:
«Թալանված գանձերը հասան Կոստանդնուպոլիս՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք և երկար տարիներ ցուցադրվում են Թոփքափի թանգարանում», ասաց հեղինակ Ալ-Սաիդը։ «Արաբ նյուզ»-ի հոդվածում բացատրվում էր, որ գողացված սուրբ մասունքները ներառում էին «Ղուրանի հին օրինակներ, զարդեր, ոսկե մոմակալներ և սրեր: Բացի 390 նմուշներից, [Թոփքափի] թանգարանի այցելուները կարող են տեսնել Մուհամեդ մարգարեի հետևյալ ունեցվածքը՝ Օրհնյալ թիկնոցը, Սուրբ դրոշը, նրա սուրն ու աղեղը, սափորը, նրա ատամի մի կտորը և մորուքից մազեր»։
Ալ-Սաիդը նաև հայտնեց, որ «Ֆախրի փաշան նույնիսկ փորձել է արտաշիրմել մարգարե Մուհամեդի մարմինը և ուղարկել Կոստանդնուպոլիս: Եգիպտացի մի ինժեներ, ում Մադինա էին կանչել մարգարեի մզկիթի մինարեթները ձևափոխելու համար, որպեսզի դրանք դիմանային օսմանյան հրետանու ծանրությանը, պնդել է, որ իրեն հրամայել են բացել գերեզմանը, բայց նա մերժել է։ Ֆախրի փաշան խնդրել է նրա օգնությունը՝ մարգարեի մարմինը արտաշիրմելու և այն Կոստանդնուպոլիս տեղափոխելու համար՝ համաձայն Կահիրեում Ֆրանսիայի ներկայացուցչի գրած և Արտաքին գործերի նախարարություն ուղարկված պատմական փաստաթղթերի: Ֆրանսիայի ներկայացուցիչը երաշխավորել է քաղաքից փախած եգիպտացի ինժեների համար, որը հանցանք չի գործել՝ դրանով հաստատելով, որ մարգարեի մարմինը իսկապես գտնվում էր քննարկվող գերեզմանում, և նպատակն էր մարմինը տեղափոխել Կոստանդնուպոլիս»:
Ալ-Սաիդը «Արաբ նյուզ»-ին ասաց, որ «Մադինան սովի էին մատնել՝ ստիպելով նրա քաղաքացիներին ու որբ երեխաներին ուտել կատուներ, շներ և այն ամենը, ինչ մնացել է ագարակներում ու փողոցներում»:
Կարևոր է նշել, որ Ալ-Սաիդն ասաց՝ ինքը գրել է Մադինայում Օսմանյան կայսրության վայրագությունների մասին, «քանի որ հավատում է, որ ժամանակակից Թուրքիան փորձում է արդարացնել իր կայսերական անցյալը: Նա նախատեսում է իր գիրքը թարգմանել մի քանի լեզուներով՝ օսմանյան պատմության այս սակավ հայտնի մասի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով»:
Ալ-Սաիդն այնուհետև ասաց․ «Ես 2015 թվականին մի հոդված գրեցի այս ոճրագործությունից 100 տարի անցնելու մասին և մանրամասներ ներկայացրեցի, որոնց մասին շատ քչերը գիտեին: Հոդվածի վերաբերյալ արձագանքները տատանվում էին տեղեկատվությունից ցնցված մարդկանց և դրան չհավատացողների միջև՝ հաշվի առնելով թուրքական գովազդը հրապարակմանն ընդառաջ, որը փորձում էր արդարացնել Օսմանյան կայսրության հրեշությունն ու արաբների դեմ կատարած իր սարսափելի հանցագործությունները: Հանրությունը մոռացության է մատնել օսմանյան ոճրագործությունները։ Հոդվածից հետո իրադարձությունը փաստագրելու գաղափար առաջացավ, որպեսզի պատմությունը չմոռանա այն, ինչպես նաև արաբական պատմության մյուս իրադարձությունները, մանավանդ որ Սեֆերբերլիկը փաստող մի քանի պատմական աղբյուրներ գտնվում են օսմանյան, անգլիական և ֆրանսիական արխիվներում։ Ավելին, տեղեկատվության աղբյուրները շատ սահմանափակ են, և նրանց թոռները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մադինայում, շատ փաստաթղթեր չունեն: Քաղաքի շատ բնակիչներ տեղահանվել էին, իսկ նրանցից շատերը չէին վերադարձել»։
Երկրորդ հրապարակման մեջ, Սաուդյան Արաբիայի «Օկազ» թերթի սաուդացի լրագրող Խալեդ Աբբաս Թաշքանդին 2017 թ․ հոդվածում գրել էր, որ «իր պապը Մադինայի ժողովրդի և զավակների զանգվածային ու բռնի տեղահանման հանցագործությունների զոհերից մեկն էր Սեֆերբերլիկի ժամանակ, որն իրականացվել էր ռազմական նահանգապետ Ֆախրի փաշայի հրամանով, և այն մասին, թե ինչպես են թուրք զինվորները ներխուժել իր ընտանիքի տուն և մոր ձեռքից խլել նրան ու արտաքսել Աստանա»: Սաուդացի լրագրողը հաստատեց Ֆախրի փաշայի կողմից Մադինայի բնակիչներին հետապնդելու և Մուհամեդ մարգարեի անձնական իրերը թալանելու մանրամասները:
Երրորդ հրատարակության մեջ «ՆյուԱրաբը» մարտի 11-ին հրապարակեց Քեմալ Աֆզալիի մի հոդված՝ «Սաուդցիները պնդում են, որ վերջին օսմանցի նահանգապետը ծրագրել էր «գողանալ Մուհամեդ մարգարեի մարմինը»» վերնագրով։ Այս հոդվածը «մեծ աղմուկ բարձրացրեց սաուդյան սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, որոնցից շատերը հավատում էին, որ դա բնորոշ վկայությունն է Թագավորության սուրբ քաղաքների նկատմամբ թուրքական ենթադրյալ թշնամանքի»: «#Մարգարեի_գերեզմանի_սրբապղծումը» արաբական հեշթեգը մարտի սկզբին հայտնվեց Թվիթերի և Ֆեյսբուքի ավելի քան 7500 հաղորդագրություններում։ Բազմաթիվ սաուդցիներ դատապարտեցին «թուրքական անարգանքի» պատմական արարքը։ Ոմանք զուգահեռներ անցկացրեցին Ֆախրի փաշայի բարբարոսությունների և նախագահ Էրդողանի՝ «արաբական պետությունների դեմ ապստամբների ներկայիս աջակցության միջև»։ Սոցցանցերի գրառումներից մեկում ասվում էր. «Թուրքերը գողերի ժողովուրդ են։ Նրանք ավազակներ և հանցագործներ են»։
Ինձ համար անհասկանալի է, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի կառավարությունից չի պահանջել վերադարձնել Մուհամեդ մարգարեի թալանված սրբազան իրերը: Մինչ Թուրքիան լկտիաբար պահանջում է այլ երկրների թանգարաններից վերադարձնել Թուրքիայից դուրս բերված հնարժեք իրերը, չնայած որ դրանցից շատերը հունական կամ հայկական ծագում ունեն, Թուրքիայի կառավարությունը չի վերադարձրել սաուդյան գողացված իրերը։ Եթե Թուրքիան հրաժարվի դա անել, Սաուդյան Արաբիան պետք է հայց ներկայացնի Թուրքիայի դեմ Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան) և հանրայնացնի թուրքական գողությունն ամբողջ աշխարհում:
Նախկինում Թուրքիան և Սաուդյան Արաբիան նորմալ կամ բարեկամական հարաբերություններ ունեին, սակայն այժմ այդպես չէ։ Աշխարհի որոշ մասերում Էրդողանի բռնապետական և ռազմական գործողությունների պատճառով, Թուրքիան և Սաուդյան Արաբիան տարբեր վեճերի հակառակ կողմում են: Դրա հետևանքով, Սաուդյան Արաբիան արգելափակել է թուրքական հաղորդումների հեռարձակումն իր հեռուստակայաններից և արգելել թուրքական ապրանքների ներմուծումը: Ճիշտ ժամանակն է, որպեսզի Սաուդյան Արաբիան ավելի վճռականորեն հանդես գա ընդդեմ Թուրքիայի և պահանջի վերադարձնել Թագավորությանը պատկանող սրբազան կրոնական առարկաները: Մուհամեդ մարգարեի անձնական իրերի ցուցադրումը թուրքական թանգարանում նախատինք է աշխարհի բոլոր արաբների և մահմեդականների համար: Այս սրբազան առարկաները պատկանում են Սաուդյան Արաբիային:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի