«Նախ, մինչեւ այս քննարկումը մեզ պետք է ուղարկվեր փաթեթը, որ ծանոթանայինք։ Նախագիծը գաղտնի՞ք էր պարունակում, որ չենք կարող ծանոթանալ։ Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների ողջ փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ ծանոթանում են, իսկ մենք խաբար չենք»,-ՀՀ Հանրային խորհրդի կազմակերպած՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀԽ անդամ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու փաստին։
«Երբեմն սա վիրավորական է։ Հիմա մենք ի՞նչ քննարկենք։ Ընդունված նախագիծը ճի՞շտ էր, թե սխալ․․․Սա ապացուցում է, որ օրենսդիր մարմինը որեւէ օրենք ընդունում է իր իսկ շահերից ելնելով։ Սա չենք կարող մերժել կամ ժխտել»,-նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն արձագանքեց, որ ԸՕ փոփոխությունների նախագիծը դրված է եղել հանրային քննարկման մեկ ամսից ավելի, եւ գաղտնի որեւէ բան չկա։
Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լսելը կարեւոր է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ