Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից ՌԴ ներմուծվող գինիների ծավալը կտրուկ նվազել է

Ապրիլ 06,2021 22:00

ՌԴ-ում հայկական խմիչքներ ներմուծող ընկերությունների փաստմամբ՝ Արցախից Ռուսաստան ներկրվող ալկոհոլային խմիչքների և հատկապես գինիների քանակը կտրուկ նվազել է՝ պայմանավորված hետպատերազմական իրավիճակով:

Իսկ ԱՀ էկոնոմիկայի նախարարությունից հաստատում են, որ Արցախում գինեգործությամբ և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերություններն առաջիկայում կարող են բախվել հումքի անբավարարության խնդրին՝ ինչպես խաղողի, այնպես էլ ցորենի և թթի, քանի որ պատերազմի արդյունքում Արցախը կորցրել է հարթավայրային և նախալեռնային գոտիներում գտնվող խաղողայգիների կեսը՝ 1800 հեկտարից հայկական կողմին մնացել է ընդամենը 900 հա՝ հիմնականում նախալեռնային գոտում: Խնդիրը, սակայն, ըստ նախարարության, ճակատագրական չէ, քանի որ ներկայումս Արցախում խաղողի մշակության համար պիտանի տարածքները նախալեռնային գոտիներում կազմում են 17,5-18 հազար հա, որոնք կարող են օգտագործվել նաև այլ մշակաբույսերի մշակության համար՝ հողօգտագործողների նախընտրությամբ:

Արցախի Հանրապետությունում տարեկան, ընդհանուր հաշվարկով, արտադրվում է մոտ 500-600 տոննա օղի, 20-25 տոննա կոնյակ և 230-300 տոննա գինի, որի զգալի մասը արտահանվում է արտերկիր, այդ թվում Ռուսաստանի Դաշնություն:

Ընդհանրապես, հայկական արտադրության խմիչքների ներմուծման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարվա ընթացքում, ըստ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տրամադրած տվյալների, Հայաստանը ընդլայնել է ալկոհոլային խմիչքների արտահանման ինչպես ծավալները, այնպես էլ աշխարհագրությունը:

Հայկական գինիները, օրինակ, ներկայացված են աշխարհի 32 երկրում և, եթե 2014-ին Հայաստանից արտահանվել է մրգային և խաղողի հումքով պատրաստված 3.391 հազար լիտր գինի, ապա 2019-ին այդ ծավալը հասել է 7.575 հազար լիտրի: Ռուսական շուկայում ներկայացված են հայկական արտադրության գինիների շուրջ 80 տոկոսը: Արցախյան գինիներից, ըստ հիմնադրամի, ռուսական շուկայում ներկայացված և առավել ճանաչելի են եղել «Կատարո» և «ՊԻԱՆԿ» ընկերության գինիները, սակայն, այս պահին դրանց ճակատագիրն անհայտ է, քանզի ընկերությունների ինչպես գործարաններն, այնպես էլ խաղողայգիներն, որոնք տեղակայված էին ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Տող համայնքում, անցել են թշնամու վերահսկողության գոտի: Նույն ճակատագրին են արժանացել նաև Արցախի Մարտունու շրջանի Շեխեր համայնքում տեղակայված, հայաստանյան և ռուսական շուկայում բավականին լայն ճանաչում վայելող «Արագիլ» գինու ընկերության արտադրամասն ու խաղողայգիները:

Մոսկվայի ՎԴՆԽԱ առևտրացուցահանդեսային կենտրոնի «Արմենիա» տաղավարի համտեսման սրահի տնօրեն Տիգրան Քոսյանի խոսքով, ռուս սպառողին արցախյան ալկոհոլային խմիչքներից առավել ճանաչելի են թթի, հոնի օղիները և խնդողնի խաղողատեսակից պատրաստվող գինին:

«Արցախի գինիները, կոնյակը և օղիները մեր տաղավարում սկսել ենք ներկայացնել 2003 թվականից: Սկզբում միայն թթի և հոնի օղիներն էին, հետագայում ավելացվել են նաև վայրի տանձի, դեղձի և ծիրանի մրգային օղիները: «Արմենիա» տաղավարը սիստեմատիկ և հետևողական աշխատանք է տարել հատկապես մրգային օղիների ճանաչման հարցում, քանի որ սկզբնական շրջանում սպառողի կողմից դրանք ընկալվել են որպես տնական քաշած օղու նախատիպ: Այսօր արդեն արցախյան խմիչքները բարձր պահանջարկ ունեն: Օրինակ, ես ճանաչում եմ արցախցի անհատ արտադրողի, որը շատ բարձր որակի թթի և հոնի օղի էր ներմուծում՝ այլ ներկայացուցչական ընկերության օգնությամբ: Նրա արտադրանքը լայն տարածում չուներ սպառողական շուկայում և մատակարարվում էր միայն պաշտոնական ընդունելությունների ժամանակ, քանի որ շատ որակյալ խմիչք էր: Ափսոս, որ այդ գործարանը նույնպես անցել է հակառակորդին»:

Արցախյան պատերազմից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին Մոսկվայի «Արմենիա» տաղավարում կազմակերպվեց հայկական գինիների փառատոն, որի շրջանակներում հայտարարվեց «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի մասին: Նախագիծը համատեղ իրականացնում են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն» ու «Ռուսաստանի համտեսողների և փորձագետների միությունը»: Միությունը զբաղվելու է Ռուսաստանում հայկական գինիների ճանաչմանը, լայն տարածմանը և մարկետինգային քաղաքականությանը վերաբերող հարցերով: Հիշյալ նախագծի շրջանակներում ընդգրկված էր նաև Արցախում արտադրվող «Կատարո» ապրանքանիշի գինիների համտեսումը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:

«Ամելիա» ներմուծող ընկերության տնօրեն Արայիկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Կատարոն», որը խնդողնի խաղողատեսակից էր պատրաստվում, Ռուսաստան են սկսել ներմուծվել 2017 թվից: Ըստ նրա, խնդողնին դժվար մշակվող տեսակ է և 100 տոկոսանոց խնդողնիից դժվար է լավ գինի ստանալ: Այն սովորաբար խառնում են այլ խաղողատեսակի հետ, սակայն, ընկերության հիմնադիր Ավետիսյանների ընտանիքին հաջողվել էր ստանալ բարձրորակ գինի մաքուր խնդողնիից՝ առանց խառնուրդի:

«Կատարոն» ռուսական ցանցային խանութներում ներկայացված չէր, բայց լայն պահանջարկ էր վայելում բարձրակարգ ռեստորաններում: Պատվերներ ունենում էինք մասնավոր միջոցառումներին և բարձր ընդունելություններին մատակարարելու առումով: Գործարանատերն այսօր պատրաստվում է նոր գործարան կառուցել: Պատրասի և շշալցված գինիների մեծ մասը, ցավոք, մնացել է գործարանում, բայց հասցրել են որոշակի քանակությամբ հումք տեղափոխել և հնարավոր է, որ դրանով կկարողանան արտադրանք ապահովել որոշ ժամանակ՝ մինչև նոր խաղող աճեցնելը: «Կատարոն», նաև պահուստային ֆոնդում ունի որոշակի քանակությամբ շշալցված գինի և պատրաստվում է օնլայն վաճառք իրականացնել, որպեսզի դրանով կարողանա գործարանը վերագործարկել:

«Տակռի» ապրանքանիշի գինին, որը նույնպես ներմուծվում էր Ռուսաստան, ևս խնդողնի հումքից էր արտադրվում և հիմա նույն խնդրի առաջ է կանգնած: Սակայն, ի տարբերություն «Կատարոյի» նրանց գործարանը Ստեփանակերտի մոտակայքում է և եթե գտնեն հումք՝ արտադրությունը կշարունակի»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, որի ընկերությունը 14 անուն հայկական արտադրության գինիներ է ներմուծում Ռուսաստան, մեր խմիչքների խնդիրը ճանաչելի լինելու մեջ է: Դրանք նպատակային և թիրախային սպառողին լավ ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այդ ուղղությամբ լուրջ և համակարգված աշխատանք է պետք տանել՝ պետական մակարդակով: Բացի դրանից կա նաև գնային քաղաքականության խնդիր:

«Ռուսական շուկայում ամենաշատ վաճառվող գինին 600 ռուբլիանոց գինին է, իսկ հայկական գինիները արդեն տեղում գնվում են այդ արժեքով և մինչև հասնում են տեղ, ասենք Ռուսաստան, գինը, բնականաբար, բարձրանում է մոտ երկու անգամ: Մեր գինին, առանց չափազանցության, վերջին տարիներին որակային առումով շատ լավ ցուցանիշներ է գրանցում և եթե լինի նաև վերը նշված խնդիրների առումով համալիր մոտեցում և աջակցություն պատկան մարմինների կողմից, ապա այն կարող է նվաճել ռուսական շուկան»,-ասում է Արայիկ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է արցախյան խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը, ապա, ըստ ԱՀ էկոնոմիկայի նախարարության, արտադրողները բախվում են ծագման սերտիֆիկատի ձեռքբերման հետ կապված մի շարք դժվարությունների: Սերտիֆիկատը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունը և խնդիրը մասնավորապես պայմանավորված է Արցախի՝ որպես պետության չճանաչվածությամբ:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը, որպես արցախյան արտադրանքի արտահանման խթանման ու տնտեսության զարգացման շահագրգիռ մարմին, վերջերս ձեռնամուխ է եղել տվյալ խնդրի այլընտրանքային լուծման տարբերակների որոնման՝ մեկնարկելով ՀՀ գործընկեր կառույցի հետ քննարկումների շարք:

Արցախի Հանրապետությունը նաև արցախյան հողօգտագործողներին ու արտադրողներին առաջարկում է սուբսիդավորման, դրամաշնորհային և այլ տեսակի աջակցության ծրագրերի լայն շրջանակ, ինչպես նաև մի շարք հարկային արտոնություններ: Օրինակ, Արցախում հողօգտագործողներին խաղողայգիների հիմնման համար, կախված դրա մշակության եղանակից (ավանդական կամ ինտենսիվ մշակություն), տրամադրվում է համապատասխանաբար 1 և 2 միլիոն դրամ անհատույց աջակցություն՝ 1 հեկտարի հաշվարկով: Նռան այգիների հիմնման համար տրամադրվում է 100 և 200 հազար դրամ:

Հարկային ոլորտի արտոնությունների շրջանակներում 2020-2022 թվականներին 10 տոկոս դրույքաչափով հարկվող հարկ վճարողներն ազատվել են շահութահարկի վճարումից: Արտոնության ժամկետի ավարտից հետո շահութահարկի դրույքաչափը սահմանվել է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը 2020-2022 թվականներին ազատվել են ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայկական գինիների արտահանման խնդիրներին ապա, ըստ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» դրանք կարող են կապված լինել ԵԱՏՄ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք խոչընդոտ կհանդիսանան որոշակի արտադրատեսակների արտահանման գործընթացում: Խոսքը վերաբերում է մասնավորապես «մրգային գինի» կատեգորիայի բացառումը և այդ ապրանքատեսակի ներառումը նոր կատեգորիայի մեջ: Արդյունքում, ոչ խաղողի հումքով գինիների մակնշման պահանջը կնվազեցնի արտադրանքի վարկանիշը և սպառողի մոտ բացասական տպավորություն կձևավորի տվյալ արտադրանքի հանդեպ: Բացի այդ, այդ հանգամանքը կարող է հանգեցնել վաճառակետերում տվյալ գինիների ներկայացմանն արդեն այլ ցուցափեղկերի վրա, որը տեսադաշտից դուրս կթողնի հիշյալ ապրանքատեսակը՝ բացասական ազդելով վաճառքների ծավալների վրա:

Հիմնադրամի մասնագետները փաստում են, որ այո, հայկական գինիների ճանաչելիության հետ կապված խնդիրներ կան և այդ առումով Հիմնադրամը ջանքեր է գործադրում: «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի առաջին փուլում կազմակերպվել են և շարունակական բնույթ կունենան տարատեսակ սեմինարների անցկացումը Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ ռուսերեն լեզվով: Այդ հանդիպումների ժամանակ հանգամանալից խոսվում է հայկական գինու ծագման, պատմության և որակային առավելությունների մասին, ստեղծվում են համտեսումների հարթակներ:

Ծրագրի շրջանակներում դեկտեմբեր ամսին կազմակերպվել է հայկական գինիների համտես՝ Ռուսաստանի խոշորագույն մեդիա հրատարակչությունների և լրատվամիջոցների խմբագիրների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև ռուսաստանցի լրագրողների և մեդիա ոլորտի գործիչների այց Հայաստանի այն շրջաններ, որոնք առավել հայտնի են գինեգործությամբ: Հիշյալ նախագծին գործուն աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, իսկ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության հովանու ներքո:

 

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930