Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում` Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ երկու գաղտնի հանդիպում է եղել. Արիֆ Յունուսով

Ապրիլ 06,2021 21:01

«Իրականում, ամբողջությամբ հասկանալի է՝ Ադրբեջանն ինչ է անում եւ ինչպես է փորձում հասնել իր նպատակներին։ Հետեւաբար՝ ինչո՞ւ միանգամից հանձնել բոլոր գերիներին եւ բանակցային գործընթացի շրջանակում կորցնել այդ խաղաքարտը, հատկապես՝ ընտրական գործընթացին ընդառաջ»,- այսօր «Հոդված 3» ակումբում կայացած «Հետպատերազմյան բանակցություններ․ ի՞նչ են քննարկում եւ ինչի՞ են ձգտում հասնել Երեւանն ու Բաքուն» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, ոչ մեղմ ասած, Հայաստանն այնքան շատ ռեսուրս չունի, որ այս բանակցություններում որեւէ կերպ պայքարի եւ իր շահերը պաշտպանի, հատկապես գերիների հարցով։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կամ այլ երկրներ այնքան շատ գործիքակազմ չունեն Ադրբեջանին ճնշելու համար։ «Ռուսաստանն ավելի մեծ գործիքակազմ ունի, բայց այն նույնպես բավարար չէ»,- ասաց քաղաքագետը։

Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն այս հարցում համամիտ չէ քաղաքագետի հետ: Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ն ունի համապատասխան գործիքակազմ, որպեսզի Ալիեւն ընդունի այն որոշումները, որոնք իրենց պետք են եւ Ալիեւը լավ գիտե, թե որո՞նք են այդ գործիքները: Թե ինչո՞ւ դրանք գործի չեն դրվում`բանախոսն այլ հարց է համարում` նկատելով, որ այդտեղ Իրանի շահը եւ աշխարհաքաղաքական այլ շահեր կան խաչվող: «Բայց Ադրբեջանի վրա ճնշման կամ, այսպես ասենք, պարոն Ալիեւին թախանձագին խնդրելու տեսանկյունից, ԱՄՆ-ն ունի լծակներ»,- գտնում է նա: Բանախոսի գնահատմամբ, ակնհայտ է, որ «առեւտուր» է գնում. մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի՞ շուրջ, բայց ակնհայտ է, որ Ալիեւն ավելի մեծ լծակներ ունի հայկական կողմի վրա ազդելու:

Նրա կարծիքով, կարելի է ենթադրել միայն, որ գերիների հարցը, որը բավական զգայուն է, կարող են օգտագործել`«օգնելու» համար Փաշինյանին`առաջիկա ընտրություններում հաղթելու հարցում: Բանախոսը չի բացառում, մի քանի գերիների վերադարձի հավանականությունը մինչեւ ընտրությունների օրը. «Ադրբեջանին ձեռնտու է թույլ հայկական լիդերը, նրա հետ հեշտ է պայմանավորվելը»:

Կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը բանակցությունների հարցում լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ բանակցություններ ընթանում են, այն էլ մի քանի հարթությունում. առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում գործընթացն է, որն այսօր փոքր-ինչ կաղում է, բայց իր գնահատմամբ`կա: Ընդ որում, սառցաբեկորի երկու մաս կա. «Տեսանելի հատվածում Ալիեւը կտրուկ հայտարարություն արեց, որ Մինսկի խումբը մեզ պետք չէ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, հենց լրագրողները գնացին, բավականին հանդարտ քննարկվում էին ապագայի հարցերն`այդ ձեւաչափում: Պետք է հասկանալ, որ երբեմն, ասվում են բաներ, հանրության, ներքին լսարանի համար, ինչը պետք չէ լուրջ ընդունել: Մինսկի խումբը ոչ մի տեղ չի անհետացել, պարզապես համաճարակ էր, եվրոպացիները զբաղված էին, ամերիկացիներն արդեն ակտիվացել են»:

Արիֆ Յունուսովի դիտարկմամբ, կա նաեւ երկրորդ ձեւաչափը`Բաքու-Մոսկվա-Երեւան. «Այն հիմա ամենաակտիվն է եւ այստեղ գլխավոր դերը պատկանում է ՌԴ-ին»: Բայց, ըստ բանախոսի, գոյություն ունի նաեւ երրորդ ձեւաչափը, որի վրա շատերը ուշադրություն չեն դարձնում, սակայն իր համար այն շատ կարեւոր է. Ադրբեջանը 1994 թվականից ասում է, որ այս հակամարտությունը Երեւանի եւ Բաքվի մեջ է եւ, որ Ստեփանակերտի հետ բանակցությունը բացառվում է, բայց պատերազմի արդյունքում կոնֆիգուրացիա է փոխվել եւ կողմերին կամա, թե ակամա պետք է սոցիալ-տնտեսական հարցեր լուծել, հակամարտության գոտի չկա, բայց կան հսկիչ անցագրային կետեր, չեզոք հատվածներ եւ իրականում հիմա պաշտոնական շփումներ կան ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ. «Այդ հանդիպումները չեն բարձրաձայնվում, բայց երկու հանդիպում է տեղի ունեցել Ղարաբաղի հարավում եւ հյուսիսում. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատասխանատու անձինք  եւ ԱԱԾ-ից, եղել են նաեւ հայկական կողմից մարդիկ: Այսինքն, մենք տեսնում ենք, որ բանակցություններ գնում են»: Եթե նախկինում բանակցությունները «մեռյալ հարթությունում էին» եւ «իմիտացիոն բնույթ ունեին», հիմա բանակցություններ գնում են`փոխադարձ հանդիմանանքներով, բայց այդ ուղղակի բանակցությունների արդյունքում տարբեր հարցեր են լուծվում, այդ թվում նաեւ սահմանային, կոմունիկացիոն: Այս ամենում նա դրական բան է տեսնում, քանի որ ինչ-որ բան սկսել է առաջ շարժվել, քանի որ «նախկինում ճահիճ էր», բայց դեռ դժվար է «թունելի վերջում լույս տեսնել» եւ դեռ հասկանալի չէ, թե ինչի՞ կհանգեցնի այս ամենը: Ինչ վերաբերվում է հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերին, նա համոզված է, որ կոմունիկացիաների հարցից այն առաջ չի գնա:

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, Արիֆ Յունուսովն ասաց, որ դեկտեմբերին այս հարցում Ադրբեջանի մոտեցումը փոխվեց, գերիները հայտարարվեցին ահաբեկիչներ եւ ակնհայտ էր, որ նրանք կօգտագործվեն Ադրբեջանի կողմից իր համար ինչ-ինչ ձեռնտու հարցեր լուծելու համար: Նա համոզված է, որ կան ստվերային բանակցություններ եւ պատահական չի համարում, որ Ադրբեջանը հայտարարեց`30 գերի կվերադարձնի Կարմիր Շուկայի ճանապարհի դիմաց:

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին էլ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ դա առավելապես քաղաքական խնդիր է, քան տնտեսական: «Ադրբեջանը չի ցանկանում որ ճանապարհները բացվեն բոլորի համար, ցանկանում է, որ բացվեն իր համար`նկատի ունենալով Մեղրիով ճանապարհը դեպի Նախիջեւան, որն առավելապես Ադրբեջան-Թուրքիա ճանապարհ է: Այս ճանապարհի գոյությունը առավելապես քաղաքական է, քան տնտեսական, քանի որ Թուրքիա-Ադրբեջան ճանապարհ կա`Ախալքալաք-Կարս, որը մի քանի անգամ բացել-վերաբացել են, հանդիսավորությամբ կարմիր լենթեր են կտրել, բայց փաստացի այդ ճանապարհը չի աշխատում, թե ինչո՞ւ`այլ հարց է»: Հայաստանի նպատակներն, ըստ նրա, մեզ համար գլխավոր խնդիր`գերիների հարցի լուծումն է, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել, թեեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա ֆիքսված առանձին կետ: ՌԴ-ի խնդիրն այս ամենում էլ, ըստ քաղաքագետի այն է, որ գործընթացն ինչ-որ ձեւով պետք է շարունակվի. «Եթե այն այժմ այսպես սառեցվի, ապա ի՞նչ կլինի 4,5 տարի հետո, ուստի գաղափար կա, որ փոխգործակցությունը կբերի խիստ հակադիր բեւեռներում գտնվող դիրքորոշումների մոտեցման եւ ի վերջո հարցի հանգուցալուծման: Ի դեպ, այս տեսակետը չի համընկնում ոչ հայկական, որ ադրբեջանական, ոչ էլ ղարաբաղյան դիրքորոշումների հետ: Տարաձայնությունները շատ են, ուստի այն, ինչը որ հիմա տեղի է ունենում, ես չէի անվանի բանակցություններ, այլ փորձ`բանակցություններ սկսելու համար եւ ակնհայտորեն, ՌԴ-ն կարծում է, որ դրան կարելի է հանգել ինչ-որ փոխգործակցության արդյունքում, տվյալ դեպքում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ: Սրա այլընտրանքը  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացի պահպանումն է, բայց որը չի կարող հինը լինել, քանի որ փոփոխություններ են եղել»:

Գործընթացի շարունակականություն ապահովելու համատեքստում է քաղաքագետը տեսնում ապրիլի 9-ին, Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930