Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ Հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ:
Քննարկվել են Հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:
Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները:
Արցախի նախագահի աշխատակազմ