«Դատարանն այս դատական նիստի ընթացքում ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին, նույնիսկ չանդրադարձավ, թե դատավարական որ նորմերին հղում կատարելով՝ քրեական հետապնդումը դադարեցրեց»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Պետրոս Պետրոսյանը տեղեկացրեց՝ դատախազությունը հետագա քայլերի մասին կհայտնի որոշման հիմնավորումներին ծանոթանալուց հետո:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա նշանակում է, որ «մարտի 1-ի գործը» փլուզվե՞ց, Պետրոս Պետրոսյանը պատասխանեց. «Կոնկրետ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի մասով մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, որ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե′ դատախազների՝ իրենց լիազորությունների իրականացման, թե′ դատարանում տուժողների իրավունքները ապահովելու տեսանկյունից»:
Այն, որ Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դատական նիստը շարունակվում է մյուս հոդվածներով, դա չի՞ նշանակում, որ դատախազական կողմի միջնորդությունը մնաց օդից կախված, Պետրոս Պետրոսյանը պատասխանեց. «Մենք մեր միջնորդությունը ներկայացնելուց հենց շեշտադրումը դրա վրա էինք կառուցում, որ առանձին քննարկումների պայմաններում մեր միջնորդությունը առարկայազուրկ է դառնում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է գործը նորից վերսկսվի, քանի որ ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՍԴ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով, Պետրոս Պետրոսյանը պատասխանեց. «Մեր դիմումը ՍԴ-ին հենց տանում է դրան: Մեր կողմից դատախազական լիազորությունների իրականացման տիրույթում գործող քրեադատավարական նորմերը Սահմանադրությանը հակասում են, և այդպիսի մեկնաբանության առկայության դեպքում մենք լիազորված ենք լինելու նման գործողությունների»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ