Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մնացած մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է». Աննա Դանիբեկյան

Ապրիլ 06,2021 18:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Աննա Դանիբեկյանն ընթերցեց դատական ակտը: Համաձայն դատարանի որոշման՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվեց, նրա շարժական, անշարժ գույքի, դրամական միջոցների, ակտիվների վրա դրված կալանքը վերացնեց: Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց գրավը վերացվեց: Կվերադարձվի նրա գրավի համար վճարված հինգ միլիոն դրամ գումարը: Յուրի Խաչատուրովի ֆինանսական միջոցների և գույքի վրա դրված կալանքը վերացվեց:

Տուժող Արթուր Ավագյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը որոշեց թողնել առանց քննության:

Աննա Դանիբեկյանը պարզաբանեց. «Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված եղել միայն ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի առաջին մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածի կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքի համապատասխան մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով: Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ ՀՀ ՔՕ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է»:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 13-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930