Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը կարծում է, որ երբ դիմացդ մարդու առողջությունն է ու կյանքը, անթույլատրելի է անձնական ամբիցիաներով շարժվելը։
– Պարոն Թամամյան, արդեն կորոնավիրուսի 3-րդ ալիքն է ակտիվացել, այս մասին ի՞նչ կասեք։
– Ես էպիդեմիոլոգ չեմ, այդ մասին նեղ մասնագետներին կխնդրեմ հարցնեք։ Ոչ թե խուսափում եմ պատասխանել, որովհետեւ չեմ կարող վիրուսի մասին ինչ-որ տեղեկություններ հայտնել, կամ ավելի քիչ եմ տիրապետում այն հնարքներին, որ մի երկու հոդվածներից մեջբերումներ անեմ, պարզապես դրա համար գոյություն ունեն նեղ մասնագետներ, նրանց խոսքը պետք է լինի որոշիչ։ Մեր դժբախտություններից մեկն այն է, որ բոլորը խոսում, լուրջ վերլուծություններ են անում կորոնավիրուսի մասին, այդ աղմուկով խլացնելով ինֆեկցիոնիստի ու էպիդեմիոլոգի խոսքը։ Ուռուցքաբանը պետք է խոսի ուռուցքաբանության մասին, ինֆեկցիոնիստը՝ ինֆեկցիոն հիվանդությունների։ Մենք ամեն ինչ խառնել ենք իրար։ Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա, դրա համար էլ այս օրին ենք հասել։ Ինչ-որ անլուրջ միջավայր է ստեղծվել, ինչի հետեւանքով էլ նաև կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվեցինք։
– Սա գալիս է մեր հասարակության անկարգապահությունից ու անտեղյակությունի՞ց։
Կարդացեք նաև
– Նժդեհն ասել է․ «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»։ Օրինակ, եթե դպրոցում երեխաներին առողջ ապրելակերպ եմ դասավանդում, նրանց ասում եմ՝ չծխեք, պատմում եմ ծխելու վնասակար ազդեցությունների մասին, բայց հետո՝ ընդմիջման ժամանակ լսարանի դիմաց կանգնած ծխում եմ, երեխաները կընկալե՞ն այդ մեսիջը։ Իհարկե՝ ոչ։ Հիմա նույնն այս տարբերակն է, եթե կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե անլրջացվել է, վերածվել շոուի, էլ ի՞նչ ենք պահանջում հասարակությունից։ Հասարակության հետ ճիշտ կոմունիկացիան, մասնագետների ներգրավվումը շատ կարևոր է։ Մեկ տարի առաջ կազմալուծվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որտեղ լավագույն մասնագետներն էին աշխատում։ Այս կենտրոնի կորուստը կարող ենք լուրջ մասնագիտական և մարդկային կորուստ համարել, որը չափազանց բացասական եմ գնահատում երկրի համար։ Կորոնավիրուսի հենց առաջին օրերին իմ կարծիքն արտահայտել եմ հանրային՝ ասելով, որ սա այն հարցն է, որի շուրջ պետք է ամբողջ բժշկական հանրությունը համախմբվի և քայլեր ձեռնարկենք, բայց… Երբ դիմացը մարդու առողջությունն է՝ կյանքը, այստեղ անձնական ամբիցիաներով շարժվելն անթույլատրելի է։ Համոզված եմ, որ ժամանակը միշտ ամեն ինչ իր տեղը դնում է։
– Սեպտեմբերին, երբ Աննա Հակոբյանը հրաժարվեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, շատերի համար անակնկալ էր, ըստ Ձեզ, ինչո՞ւ նման որոշման եկավ նա։
– «Ժպիտների քաղաքը» հիմնադրվել էր 2014 թվականին՝ մի խումբ բժիշկների կողմից, որոնց մեջ նաև ես էի։ Ստեղծման միակ նպատակը Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը զարգացնելն էր։ Օրինակ, 2016 թվականին «Ժպիտների քաղաքը»՝ Հարվարդի համալսարանի հետ համատեղ, Հայաստանում ստեղծեց քաղցկեղի առաջին հոգեսոցիալական ծառայությունը։ Նույն թվականին կազմակերպվեց նաև խոշոր միջազգային կոնգրես, որի ժամանակ Հայաստան եկան աշխարհահռչակ ուռուցքաբաններ և արյունաբաններ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը մինչ այդ բավականին լայն գործունեություն էր ծավալել, աջակցություն էր ցուցաբերել երեխաներին, հայտարարեց, որ այդ պահին սառեցնում է գործունեությունը։ Ես եղել եմ նաև «Նվիրիր կյանքի» փորձագիտական խմբի անդամ, հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ նաև հավաքվում էր փորձագետների խումբը։ Եվ քանի որ անորոշ իրավիճակ էր, և այդ օրը նույն առիթով տիկին Հակոբյանը հարցազրույց տվեց, արտահայտելով իր մտահոգությունը և պատրաստակամությունը, ընկերներիցս մեկի միջոցով դիմեցի նրան, հանդիպեցինք, խոսեցինք հիմնադրամի և խնդիրների մասին, հետո հավաքվեցինք Հայաստանում գործող բոլոր հիմնադրամների հետ միասին։ Քննարկումներից մեկի ժամանակ որոշում կայացվեց, որ պիտի այդ բեռը վերցվի և «Ժպիտների քաղաքի» հիմքի վրա շարունակվի այդ գործը։ Առաջարկեցինք տիկին Հակոբյանին, որ գլխավորի հիմնադրամը, որպեսզի կարողանանք համատեղ նորից գումարներ հավաքել երեխաների բուժման համար, ինչն էլ, կարծում եմ, բավականին լավ կազմակերպվեց ամբողջ թիմի աշխատանքի արդյունքում։ Մինչ օրս չի եղել մի երեխա, որը չստանա անհրաժեշտ բուժումը և այդ ամենը ամբողջությամբ անվճար։ Համենայնդեպս, այդ երկուսուկես տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք կատարվեց՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Պարտավոր եմ նշել, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանի հետ մեր համագործակցությունը շատ պրոդուկտիվ եղավ։ Իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին ճիշտ չի լինի, որ ես պատասխանեմ, որովհետեւ անձամբ ես էլ չեմ հարցրել։
– «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է Բագրատ սրբազանը։
– 2018 թվականին մենք բժիշկներով ենք խնդրել Բագրատ Սրբազանին, որ լինի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Բացի այն, որ նա մեր ազգի ամենալուսավոր մարդկանցից մեկն է, գրեթե տասը տարի անընդհատ այցելում էր կլինիկա և այնտեղ բուժվող երեխաներին իր հոգևոր օրհնությունն էր բերում։ Նրա ներկայությունը շատ կարևոր էր։ Իսկ վերջերս խորհրդի անդամների կողմից եղավ առաջարկ Սրբազանին՝ ղեկավարել հիմնադրամը, նա էլ համաձայնվեց ստանձնել այդ ծանր գործը։
– Ուռուցքաբանության ոլորտում մենք շա՞տ բացեր ունենք։
– Բազմաթիվ բացեր ունենք, ինչպես բոլոր ոլորտներում։ Ամեն օր զբաղվում ենք այդ խնդիրներով և զարգանալու տեղ միշտ կա։ Համենայնդեպս, վերջին տարիներին մենք ունեցել ենք աննախադեպ զարգացումներ։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 80-85 տոկոսն առողջանում են, զարգացող երկրներից շատերում՝ միայն 20 տոկոսը։ Հայաստանը, լինելով զարգացող երկիր և ունենալով սահմանափակ ռեսուրսներ, մեր երկրում երեխաների 70-75 տոկոսն առողջանում են։ Դա տասնամյակների ընթացքում՝ սկսած մեր ուսուցիչներից, տաժանակիր աշխատանքի արդյունք է։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում, որ կուզեի նշել, վերջին 2 տարվա ընթացքում մեզ մոտ կլինիկական օրդինատուրա «մանկական ուռուցքաբան – արյունաբան» մասնագիտությամբ տաս օրդինատոր ենք ընդունել՝ Բժշկական համալսարանի լավագույն ուսանողներից։ Տասը թիվը կարող է փոքր թվալ, բայց մեր ոլորտի համար շատ մեծ թիվ է և ամբողջովին լուծում է մեր երկրում այս ոլորտի կադրային հարցը։ Մեծ երկրների խոշորագույն, աշխարհահռչակ հիվանդանոցներ կան, որ տարեկան մեկ-երկու օրդինատոր չունեն, այն պարագայում, որ այդ կարիքն ունեն: Չէ որ մասնագիտությունը ծանր է թե հոգեպես, թե հենց մասնագիտական տեսանկյունից…
Երկու տարի առաջ, երբ Հայաստան եկավ Եվրոպայի խոշորագույն մանկական ուռուցքաբանական կլինիկայի՝ Շարիտեի ղեկավարը՝ Անգելիկա Էգերտը, և տեսավ մեր աշխատանքը ասաց. «Ճիշտն ասած, երբ գալիս էի Հայաստան, մտածում էի գալիս եմ զարգացող երկիր, բայց մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բնագավառում ես տեսա զարգացած երկիր»։ Իհարկե, դեռ առաջ գնալու շատ տեղ ունենք, և միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որ որևէ բանով չզիջենք աշխարհի լավագույն կենտրոններին, և այլ երկրներից էլ պացիենտները որոշեն գալ այստեղ ախտորոշման և բուժման համար:
– Պարոն Թամամյան, Հիպոկրատի երդում տված յուրաքանչյուր բժիշկ դատապարտված է հիվանդի հարազատների հետ հավասար ապրելու նրանց կյանքով, որպես մանկական ուռուցքաբան, հոգեբանորեն դժվար չէ՞։
– Բնականաբար դժվար է, հատկապես մեր ոլորտում։ Հիվանդների հետ երկարատև ենք աշխատում և ընթացքում շատ ենք կապվում։ Իսկ ամեն կորուստ մեզ համար անձնական կորուստ է։ Սակայն եթե մենք չանեք, ապա ո՞վ պետք է անի այդ աշխատանքը, ինչ-որ մեկն իր վրա այդ բարդ գործը պետք է վերցնի, թե՝ ոչ։
– Եղե՞լ է պահ, որ փոշմանեք՝ մանկական ուռուցքաբանի մասնագիտությունն ընտրելու համար։
– Կստեմ, եթե ասեմ, որ՝ ոչ։ Նման բան լինում է բոլոր մասնագետների մոտ։ Ցանկացած կորուստ շատ մեծ հարված է բժշկի համար, բայց երբ տեսնում ես, որ մեկ այլ երեխայի օգուտ ես տալիս, առողջացնում ես, կամ հենց այդ կորստի դեպքում էլ փորձել ես ցավը մեղմել կամ երկարացնել կյանքը, դա քեզ ուժ է տալիս։ Բնականաբար, դժվար րոպեներ ունենում ենք։
– Այս դեպքում, երևի թե, Ձեր կինն է Ձեզ ուժ տալիս…
– Բնականաբար, երջանիկ մարդ եմ, որ ունեմ նման հրաշալի ընտանիք։ Իմ կինն իմ ամենամոտ ընկերն է: Մենք ընկերներ ենք դեռ 16-17 տարեկանից, միասին ենք սովորել բժշկականում։
– Համոզված եմ, լավագույն հնարավորություններն ունեցել եք դրսում աշխատելու, ապրելու ավելի լավ պայմաններում ու ավելի բարձր աշխատավարձով, Ձեզ ի՞նչն է պահել Հայաստանում։
– Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու մոտ երկրից գնալու մտքեր լինում են, բայց, տարբեր երկրներում ուսանելու կամ աշխարհի լավագույն կենտրոններում ու համալսարաններում աշխատելու ու ապրելու տարիներին ավելի եմ սկսել արժևորել ունեցածս ու երկիրս։ Մեր փոխարեն ո՞վ պիտի այն կառուցի, այլազգի՞ն, նա իր երկիրն արդեն կառուցում է։ Իմ երկիրն այստեղ է, ամեն ինչ շուրջս հարազատ է, ինձ այստեղ լավ եմ զգում, այստեղ իմ տունն է:
Հարցազրույցը վարեց Դավիթ Գրիգորյանը