Ապրիլի 2-ից բացվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի «Բեկում» խորագրով ցուցահանդեսը, որն իրավամբ կարելի է որակել որպես արեւային սիմֆոնիա, քանի որ ցուցահանդեսում գերակշռում են հեղինակի «արեւային» գործերը:
Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ հենց «Բեկում», հեղինակը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես մասնագիտությամբ իրավաբան եմ: Ինքս ինձ համար շատ անսպասելի սկսեցի նկարել: «Բեկում» որովհետեւ իմ կյանքում դա շրջադարձ էր, բեկում էր, անվանումը հենց դրանով էլ պայմանավորված է»:
Կարդացեք նաև
Մարինեն ասում է, որ շատ վաղուց էր ուզում գնել կտավ, ներկեր ու ստեղծագործել. «Հաշվի առնելով իմ ծանրաբեռնված առօրյան, քանի որ նոտար եմ աշխատում, չէի հասցնում նկարելու փորձեր անել: Շուրջ երկու տարի առաջ, սակայն, վերջապես ժամանակ գտա, գնացի մասնագիտացված խանութ, գնեցի կտավ, յուղաներկ, անհրաժեշտ պարագաներ ու սկսեցի նկարել… Սկսել եմ որպես հոբբի, ինձ դա դուր էր գալիս, ես ժամերով կտրվում էի իրականությունից, իմ ծանր աշխատանքից:
Առաջին նկարներս սկսեցի ցույց տալ հարազատներիս, մոտ ընկերներիս, բոլորը քաջալերում էին: Սկսեցի ավելի շատ նկարել, ոճը փոխեցի…Այստեղ տարբեր ոճերով արված նկարներ են` դիմանկար, աբստրակցիա: Ես փորձում էի ինձ համար գտնել իմ ոճը, իսկ արեւը ակամայից դարձավ իմ այցեքարտը: Արեւը նախ եւ առաջ գեղեցիկ խորհրդանիշ է: Մեր գորշ, տխուր իրականության մեջ ավելի շատ ջերմության ու լույսի կարիք կա: Մեր ամբողջ կյանքն էլ բաղկացած է արեւից, ամպրոպից, արցունքից, ծիծաղից, տարբեր հույզերից…Սակայն, միշտ էլ ցանկացած ամպրոպից հետո արեւ է ծագում եւ հույս ներշնչում»,-ասաց Մարինե Մանուկյանը:
Հավելեց, որ իր աշխատանքներով հատկապես ոգեւորված էր արվեստասեր եղբայրը, որին էլ պատկանում է ցուցահանդես կազմակերպելու գաղափարը: Արվեստաբան, գալերիստ Թաթուլ Առաքյանն է շատ հավանել իր նկարները, առաջարկել է շարունակել ստեղծագործել, նման առաջարկ հնչել է նաեւ նկարիչ ծանոթներից:
«Ես ինքնաքննադատաբար եմ մոտենում ինքս ինձ, բայց քաջալերանքի խոսքերն այնքան շատ էին, որ համարձակվեցի ներկայանալ լայն հանրությանը: Ուրախ եմ, որ լավ արձագանքներ կան»,- նշեց Մարինեն: Հավելեց, որ հնարավոր են բարեգործական նախագծեր ու ցուցահանդեսներ նաեւ Հայաստանից դուրս:
Մարինե Մանուկյանը, թեեւ ընդգծում է, որ որպես հոբբի է սկսել նկարելը, բայց միեւնույն ժամանակ զգում է, որ այն միտում ունի ավելի լուրջ գործունեության վերածվելու. «Արդեն հոբբի չի ինձ համար, հատկապես որ ցուցահանդեսս Նկարիչների միությունում է կայանում; Ի դեպ, աշխատանքս էլ եմ շատ սիրում, որովհետեւ կարողանում եմ օգնել մարդկանց: Երեկոյան, երբ քունս չի տանում, ես սկսում եմ նկարել եւ դա ձգվում է մինչեւ առավոտ ու վերջում չքնած գնում աշխատանքի»:
Նա նաեւ մի դրվագ պատմեց իր խոշոր արեւներից մեկի մասին. գնել էր ներկեր, կտավ ու պետք է աշխատեր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը. «Քանի որ Ապրիլյան պատերազմը կարճ էր տեւել, ինչպես ես, այնպես էլ շատերը տպավորություն ունեինք, որ այս պատերազմն էլ շուտ կավարտվի: Ոչ մի կերպ չէի կարողանում մոտենալ կտավին ու նկարել, մյուս կողմից էլ կպչուն միտք եկավ, որ հենց արեւն ավարտեմ, պատերազմն էլ կավարտվի: Ամեն օր շուտ էի գործից տուն գալիս, տրամադրվում էի, որ պետք է անպայման նկարեմ, բայց չէի կարողանում արեւն ավարտել: Հենց պատերազմն ավարտվեց, ես արագ ավարտեցի նաեւ արեւը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ