Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ նշելով, որ բանակի համալրումը եղել և մնում է ուշադրության կենտրոնում:
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համալրման գործընթացը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով եղել է և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը միշտ կլինի ուշադրության կենտրոնում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի ԶՈՒ-ում արդեն սկսվել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք իրականացվում են «մեր ռուս գործընկերների հետ սերտ գործակցությամբ»:
«Պետք է ասեմ, որ մենք արդեն սկսել ենք բանակի լիամասշտաբ բարեփոխումները, և, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ միութենական և գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության ոլորտում՝ տարվում են համապատասխան խորհրդակցություններ, իսկ փորձագետների մակարդակով արդեն հաստատվել են համապատասխան կապերը»,- ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նա համոզմունք է հայտնել, որ գործակցությունը բարեհաջող կշարունակվի, և Հայաստանի կառավարությունը խիստ շահագրգռված է դրանում:
Փաշինյանը նաև նշել է, որ բանակի ներսում զինվորականների հետ հարաբերությունները կարգավորվել են, բանակը կառավարության հետ աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
«Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորվել է, և բանակը կառավարության հետ լիարժեք կերպով շարունակում է քայլերը երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ