Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու ենք հանդուրժում

Ապրիլ 06,2021 17:25

Արդեն շուրջ հինգ ամիս է, որ խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից, Արցախը կորցնելուց հետո, հանդուրժում ենք այդ ամենի պատասխանատու իշխանությանը։ Մի քանի առիթներով նշել եմ, որ բացառվում է, որ որևէ այլ ժողովուրդ հանդուրժեր նման նվաստացման պատասխանատու իշխանությանը։ Այո, համաշխարհային պատմության մեջ նույնպես նման դեպքեր չկան։ Ինձ գրում, զանգահարում են իմ այլազգի ընկերներն ու նույնպես զարմանում մեզ վրա ու․․․ ցավակցում։

Արդ, ո՞րն է այս, այլ բառեր չեմ գտնում՝ մեր դատապարտվածության պատճառը։

Չեմ ուզում մտնել պատմական տարբեր ժամանակաշրջանների հայտնի իրողությունների՝ դարերով պետականություն չունենալ, հարմարվել և հպատակվել նվաճողներին և այլ ճշմարտությունների մեջ, որոնց հետ, իհարկե, լրիվ համաձայն եմ։

Փորձեմ ներկայացնել իմ անձնական, թերևս սուբյեկտիվ կարծիքը, հարցերով և պատասխաններով։

1.Նման ձախողումից հետո, առաջին հերթին ձախողման պատասխանատու անձի կուսակցությունը նրան կդատապարտեր, կհեռացներ կուսակցությունից և ԱԺ-ում ունենալով մեծամասնություն՝ նրան անվստահություն կհայտներ։

Պատասխան․

Այս շուրջ 30 տարիների ընթացքում, Հայաստանում չձևավորվեց քաղաքական համակարգ՝ կայացած կուսակցություններ, իրենց հստակ գաղափարախոսությամբ, ներքին ժողովրդավարությամբ, կուսակցական ֆրակցիաներով, կարծիքների բախումով, որոշումների կայացման կոլեգիալությամբ։ Հայաստանյան կուսակցությունները նման են կրոնական աղանդների (ներեցեք կրոնական համայնքներ, կոպիտ համեմատության համար), իրենց կենդանի կուռքերով և, այսպես կոչված, անդամների հնազանդությամբ։ Կուռքն է հայթայթում կուսակցության ֆինանսական միջոցները, կազմում նախընտրական ցուցակները, որոշում կուսակցության «քաղաքականությունը» և ելնելով իրավիճակից, որոշում, այսպես կոչված «մետությունը»՝ արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ։ Թերևս այս համակարգն ամենաընդգծված դրսևորումներ ունի վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Այստեղ, անդամները ոչ միայն սեփական կես կարծիք ունենալու իրավունքից են զրկված, այլ ոտքով գլխով պարտական են վարչապետին՝ իրենց ոչնչից պատգամավոր, նախարար դարձնելու համար։ Սրանց մտքով եթե նույնիսկ անցներ անհամաձայնություն հայտնել, ապա նրանք իրենց իսկ մտքերից կվախենան, որ հանկարծ դրանք չբացահայտվեն։ Այնպես որ, շատերի հույսերն առ այն, որ իմքայլականները կընդվզեին, զուր հույսեր էին։ Այո ստրուկներն էլ են երբեմն ապստամբում, բայց սրանք հատուկ ընտրված, կամքից զուրկ և բարձր վարձատրվող ստրուկներ են։

2.Անկախ փոքրամասնություն լինելուց, ԱԺ-ում ներկայացված երկու «ընդդիմադիր» խմբակցությունները կընդվզեին, կբոյկոտեին նիստերը, «հարամ» կանեին վարչապետի կյանքը։

Պատասխան․

Նախ դրանք նույնպես տիպիկ հայաստանյան կուսակցություններ են , իսկ դրանց առաջնորդներին ոչ այնքան պարտությունն ու Արցախի ճակատագիրն էր հուզում, որքան այդ ամենից շահած դուրս գալու միտքը։

3. Արցախի կորստից և պետության կորստի սպառնալիքը զգալով՝ արտախորհրդարանական ուժերը, մոռանալով նախկին հակասությունները և թշնամությունը, կմիավորվեին ընդդեմ իշխանության և կարճ ժամանակում կհամախմբեին ժողովրդի գերակշիռ հատվածին։

Պատասխան․

Այդպիսի փորձ արվեց, բայց ընդամենը փորձ։ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մասն, ինչպես խորհրդարանական ուժերը, նույնպես նեղ անձնական, կուսակցական շահեր էին հետապնդում։

4.Դեռևս մինչ պատերազմը, այնուհետև պատերազմի ընթացքում, նաև պարտությունից հետո, Հայաստանի բարձրաստիճան զինվորականները չընդվզեցին՝ և զինտեխնիկայի գնումների փոփոխության և չարաբաստիկ ՍՈՒ-երի գնման և փորձառու հրամանատարներին հեռացնելու և պատերազմի ժամանակ զորակոչը կամավորականությամբ փոխարինելու և պատերազմն, առնվազն շատ կասկածելի կառավարման, նաև պարտությունից հետո։

Պատասխան․

Պատերազմի ավարտից ամիսներ անց, ուշացումով այդպիսի վախվորած դիրք բռնեց ԳՇ պետը։

Հայաստանում անկախության տարիներին այդպես էլ չձևավորվեց պետության նվիրյալ, արժանապատվություն ունեցող պրոֆեսիոնալ բարձրաստիճան զինվորական վերնախավ։ Փաստորեն, չնչին բացառությամբ, բոլոր բարձրաստիճան զինվորականներն ընդամենը իշխանությունների կամակատարներ էին։

5.Պարտությունից հետո բազմաթիվ փաստեր, վկայություններ հրապարակվեցին, պարտության իրական պատճառների մասին, որոնք լուրջ կասկածներ են հարուցում «կազմակերպված պարտության» և Արցախը հանձնելու մասին։ Այս ամենը և դեռևս պատերազմից առաջ իշխանությունների կողմից բազմաթիվ անօրինականությունների, նաև կոռուպցիայի գործերով, իրավապահ մարմինները պետք է քրեական գործեր հարուցած լինեին և արդեն, իմ համոզմամբ և վարչապետը և շատ այլ պաշտոնյաններ, այժմ պետք է հայտնված լինեին անազատության մեջ։

Պատասխան․

Հայաստանը չդարձավ իրավական պետություն։ Երբ գործեր հարուցող, քննող, մեղադրանքը պաշտպանող մարմինները՝ ԱԱԾ, Ոստիկանություն, ՀՔԾ, ՔԿ, Դատախազություն, օրենքով և փաստացի գտնվում են վարչապետի անմիջական հսկողության տակ և գործում վերջինիս ցուցումով, այս համակարգի նկատմամբ սպասելիքներ ի սկզբանե չէին կարող լինել։

6. Վերը նկարագրված բոլոր դեպքերով, ցանկացած երկրում կընդվզեր հասարակությունը, կամ ինչպես ընդունված է ասել՝ քաղաքացիական հասարակությունը։

Պատասխան․

Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակության հիմնական դերակատարների համար, իրենց «առաքելությունը» եղել են ոչ թե այն արժեքները, որոնք նրանք հռչակել են, այլ այդ արժեքներ կոչվածի տակ քողարկված բիզնեսը։ Նրանք անգիր արած կրկնել և կրկնում են այդ «արժեքները», որպես «քաղաքակիրթ, արևմտյան» արժեքներ, բայց իրականում, կողմ են եղել Արցախի հանձնմանը, թեկուզ պատերազմում պարտվելու գնով, քանի որ այդ էր պահանջում, նրանց պաշտելի արևմուտքը։ Նաև, կարծում եմ, այդ իսկ պատճառով էլ, նրանք «չէին տեսնում և այժմ էլ չեն տեսնում» այս իշխանությունների անօրինականությունները նույնպես։

7. Բա ժողովու՞րդը։ Չէ՞ որ կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլև վտանգի տակ է ողջ Հայաստանը, որտեղ էլ ապրում է այդ ժողովուրդը։

Պատասխան

Ի վերջո, վերը նկարագրված բոլոր խավերը ժողովրդի ներկայացուցիչներ են։ Իսկ դրանցից դուրս ժողովուրդն այս անկախության տարիներին կորցրեց առանց այն էլ ոչ բավարար կրթական մակարդակը, դարձավ հպատակ մարզպետներին, նախարարներին, վարչապետներին, նախագահներին։ Ժողովուրդը սկսեց նաև հետևել միմյանց չարախոսող քաղաքական ուժերին և դառնալով նրանց քարոզչության զոհը՝ սկսեց ատել կամ երկրպագել տարբեր գործիչների, իրականում ատելով իր պետությունը։

8. Այս կետը տրամաբանորեն պետք է առաջինը լիներ։ Այսպիսի խայտառակությունից հետո, ցանկացած երկրի ղեկավար, փոքր ինչ արժանապատվություն ունենալու դեպքում, ինքնասպանություն կգործեր, վատագույն դեպքում՝ հրաժարական կտար։ Չէ՞ որ պարտությունից, հազարավոր զոհերից, վիրավորներից, գերիներից բացի՝ ոչ միայն Հայաստանը որպես պետություն արհամարհված է, այլևանձամբ ինքը՝ ողջ աշխարհում։ Եվ անպատկերացնելի է, թե նա ինչպես է մասնակցելու տարբեր միջազգային հանդիպումների, հանդիպելու այլ պետությունների ղեկավարների հետ։

Պատասխան․

Ա՛յ այստեղ արդեն, իսկապես մեր բախտը չի բերել։ Մենք գործ ունենք պաթոլոգիկ երևույթի հետ, որը չունի որևէ մարդկային զգացմունք՝ արժանապատվություն, սեր, կարեկցանք, գթասրտություն։ Նա պատրաստ է զոհել ոչ միայն հայրենիքը, մարդկային կյանքեր, այլ ընկերներին, հարազատներին և ամեն ինչ՝ հանուն իշխանության։

 

Հ․ Գ․ Եթե ամփոփենք վերոգրյալը, կարելի է փաստել, որ հայ ժողովրդի համարյա բոլոր շերտերը վարակված են նյութապաշտություն կոչվող ախտով, որոնց համար, հայրենիք, պետություն, պատիվ, արժանապատվություն հասկացությունները, լավագույն դեպքում տասներորդական նշանակություն ունեն։

․․․Այսպիսով հույսը մնում է ոչ թե « համարյա բոլոր շերտերի», այլ նվիրյալ փոքրամասնության վրա, որն էլ ի վերջո, հենց 1918թ․, ի հեճուկս, նույն՝ «համարյա բոլոր շերտերի» , Արամ Մանուկյանի գլխավորությամբ կազմակերպեց և հաղթեց Սարդարապատը, ստեղծելով ՀԱՅԱՍՏԱՆ։ Խոսքս ուղղում եմ, հենց այդ արժանապատիվ փոքրամասնությանը՝ մոտենում է հաղթական մայիսը, շտապել է պետք և համախմբվել՝ կրկնելու մեծն Արամի մեծ գործը և փրկելու հայրենիքն ու պետությունը վերջնական կործանումից։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930