ՀՅԴ-ն դաշինք կազմելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ. այսօր Սեւանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն դեռ չունի որոշում՝ ընտրություններին ինչ ձեւաչափով ենք մասնակցելու: Քանի դեռ ՀՅԴ ԳՄ-ն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մենք որոշում չունենք: Կունենանք ժողով, որոշում կկայացնենք»:
Ըստ նրա, այս կառավարությանը պետք է «քշել» մինչեւ ընտրությունները, դրա համար էլ այսօր հավաքի ժամանակ կոչ էին անում բոյկոտել ընտրությունները. «Նախ, ընտրություն չկա, կա հայտարարություն ընտրության մասին: Հաշվի առնելով այս մարդու հետագիծը՝ ես շարունակում եմ պնդել, որ ընտրություն հնարավոր է չլինի»:
Հետո նա հավելեց, որ եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, այդ ընտրություններն իրենց համար չեն լինելու ստանդարտ, սովորական ընտրություններ. «Սա մեզ համար լինելու է այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով: Եթե մենք մասնակցենք, մասնակցելու ենք այդ սկզբունքով, այլ ոչ թե խորհրդարանում մանդատներ ստանալու համար: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո ձեր սիրելի վարչապետը չի լինելու, որովհետեւ այդ ճանապարհով ենք հեռացնելու իշխանությունից»:
Նա ասաց, որ հիմա իրենց օրակարգում է մարզային այցելություններ անել ու Երեւանում մեծ հանրահավաք կազմակերպել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ