«Մեր 100․830 աշակերտներից ավելի քան 4000-ը չունեին կամ ինտերնետ կամ համակարգչային տեխնիկա։ Բայց նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ռեսուրսներով դպրոցները կարողացան արագ եւ ճկուն հարմարվել իրավիճակին»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը։
«Կարծում եմ՝ վաղ է արդյունավետության գնահատման մասին պատկերացում ունենալ հիմա։ Հասկանալի է, որ կան դժգոհություններ, բողոքներ։ Ծնողների մի մասն էլ գոհ է։ Աշնանը, կարելի է ասել, խնդիրը հաղթահարվեց, առցանց ուսուցման խնդիրներ ավելի քիչ եղան։ Իհարկե, տնօրենների, ուսուցիչների եւ ծնողների կողմից եղավ դժգոհություն՝ շտապ անցնել առկա ուսուցմանը։ Հոգնել են, երեխաներն են հոգնել, ծնողները չեն կարողանում աշխատանքի գնալ, սոցիալական խնդիրներ են առաջանում։ Գործատուների մի մասը մինչեւ աշուն ընդառաջում էր ծնողներին, բայց սեպտեմբերից հետո մոտեցումը շատերի դեպքում փոխվեց, եւ ծնողները ստիպված էին աշխատանքի գնալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ