«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի մանրամասներն, ասաց, որ առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, որը կտեւի մինչև մայիսի 10-ը: Դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնելու է ընդունելության դիմում-հայտը:
Նա տեղեկացրեց, որ դպրոցների տնօրեններին ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են գործընթացը: «Առաջին հերթին, եթե դիմորդը տվյալ դպրոցի շրջանավարտ է, դիմում է իր դպրոցի տնօրենին, որը գրանցում է աշակերտին եւ գրանցում է նաեւ քննությունները: Մենք բացի միասնական քննություններից, ունենք նաեւ ավարտական քննություններ: Եվ եթե աշակերտը գնում է միասնական քննությունների, ավարտական քննական թեստ իրեն դպրոց չենք ուղարկի:
«Դպրոցում աշակերտը ստանում է ԳԹԿ-ի անձնական համարը, որից հետո շրջանավարտը ինքն է որոշում` անձա՞մբ է ներկայացնելու դիմում-հայտը ԳԹԿ էլեկտրոնային եղանակով, թե՞ դպրոցի օժանդակությամբ: Կարող է նաեւ դիմել դպրոցին եւ դպրոցի օպերատորի հետ լրացնել դիմում հայտը, կարող է թեկուզ իր հեռախոսով մտնել dimord.am եւ լրացնել»,-ասաց պարոն Նասիբյանը:
Նրա խոսքով՝ նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները կարող են մասնակցել առաջին փուլի հայտագրմանը եւ քննություններին` լրացնելով դիմում-հայտ հանրապետությունում առանձնացված դպրոցներում, որոնց ցանկը ԳԹԿ-ն հրապարակել է: Դա կտպագրվի նաեւ «Կրթություն», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, կհաղորդվի հեռուստատեսությամբ:
Կարդացեք նաև
Կարո Նասիբյանն ասաց, որ անցյալ տարի հաքերային հարձակում է եղել ԳԹԿ-ի կայքէջի վրա, առաջացել են ինչ-ինչ խափանումներ, ստիպված հրավիրել են համապատասխան մասնագետի, որն ապահովել է կայքի անխափան աշխատանքը: Հավաստիացրեց, որ այս տարի խափանումներ չեն լինի:
Ինչ վերաբերում է ընդունելությանը, ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, կառավարությունը նախապատվությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը. «Եթե դուք որպես շրջանավարտ, դիմորդ ցանկանում եք ուսումը շարունակել բուհում, ուրեմն պետք է իմանաք, թե ուր եք գնում, ինչ մասնագիտություն եք ընտրում:
Եթե մենք շարունակում էինք նախկին` մինչեւ 2019թ ներառյալ կարգը գործածել, ապա ստացվում էր այնպես, որ դիմորդների կեսից ավելին ընդունվում էր առաջին հայտով, մնացածների դեպքում բարձր միավոր ստացածը «դուրս էր գցում» երկրորդ, երրորդ հայտերին, երկրորդ, երրորդը` չորրորդին, չորրորդը` հինգերորդին: Արդյունքում ոչ ինքն էր ընդունվում իր մասնագիտությամբ, ոչ էլ թույլ էր տալիս այդ մասնագիտությունն ընտրածը շարունակի կրթությունը բուհում: Փաստորեն երկու կողմից տուժում էր դիմորդը»:
Այնպես որ այս տարի մեկ մասնագիտություն` մեկ բուհ սկզբունքն է կիրառվում, ինչպես նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ դիմորդներն իրենց նախընտրելի մասնագիտությունը հայտագրում են միայն մեկ բուհում` անվճար ու վճարովի տարբերակներով: Իսկ հիմնական մրցույթն ամփոփելուց հետո, եթե լինեն թափուր տեղեր, ապա նոր հնարավորություն կլինի հայտագրելու եւս 6 մասնագիտություն նույն քննություններով, որոնք առաջին անգամ հայտագրել են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ