Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց դասերի ժամանակ ծնողները հուշել են աշակերտներին, ուսուցիչները ենթարկվել են սթրեսի․ հետազոտության արդյունքներ

Ապրիլ 06,2021 14:54

«Կորոնավիրուսի համավարակի ընթացքում եւ դրանից հետո մենք անընդհատ ծնողներից եւ ուսուցիչներից ստացել ենք քննադատություններ, թե ինչու այս հարցը չենք քննարկում ԱԺ-ում։ Համավարակի ժամանակ հեռավար կրթությունը նորություն էր բոլորիս համար՝ իր բարդ մարտահրավերներով, հատկապես՝ գործընթացը մշակողների եւ կիրառողների համար։ Ուստի արդյունավետ չէր այն քննարկել կատարման փուլում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Անի Սամսոնյան

Նրա խոսքով․ «Հիմա արդեն անցել ենք որոշակի փուլեր, անցել սովորական ուսուցման, բայց հարցը դեռ հետաքրքրական է, որովհետեւ առկա է համաճարակային իրավիճակ, որը պետությանը կարող է պարտադրել նորից անցնել հեռավար ուսուցման։ Ակնհայտ է, որ այն դառնալու է հետագայում կրթական գործընթացի անբաժանելի մասնիկը։ Այսինքն, սա ապագայի հարց է»։

Ապա Անի Սամսոնյանը նշեց, որ այս քննարկման ձգձգման պատճառը «Մանկական զարգացման հիմնադրամի» հետազոտությունն էր, որը պետք է ամփոփվեր եւ ներկայացվեր քննարկման ժամանակ։

Արմինե Բուրմանյան

Հիմնադրամի ծրագրերի համակարգող Արմինե Բուրմանյանը հրապարակեց հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրությունը հիմնադրամի մասնագետները կատարել են 2020թ․-ի մարտից մայիս ընկած ժամանակահատվածին վերաբերող խնդիրները վերհանելու համար․ թիրախային խմբերն են տարրական դպրոցների ուսուցիչները, աշակերտները, տնօրեններն ու ծնողները։ Տասը մարզում եւ Երեւանում հարցումների մասնակցել են 300-ից ավելի ուսուցիչներ, իսկ աշակերտները, ծնողներն ու տնօրենները մասնակցել են հարցազրույցների։

Արմինե Բուրմանյանի փոխանցմամբ՝ ուսուցիչների մեծ մասն (66%) ավելի շատ ժամանակ է ծախսել աշակերտների եւ ծնողների հետ հաղորդակցվելու, դասապրոցեսի նախապատրաստման վրա․ «Ուսուցիչների 28%-ը նշել է, որ աշակերտներն ավելի պասիվ են դարձել, իսկ 16%-ն ասել է, որ բավականաչափ բացակայողներ են եղել առցանց դասերից։ Հիմնական խնդիրներն են եղել՝ թույլ կամ անհուսալի ինտերնետ կապ։ Ինտերնետի բացակայություն եղել է ուսուցիչների 15%-ի մոտ, իսկ 32%-ի հեռախոսները եղել են անորակ՝ հնարավորություն չտալով նորմալ դասապրոցես իրականացնել։ Ուսուցիչների 23%-ն էլ չի ունեցել թվային սարք»։

Արմինե Բուրմանյանը տեղեկացրեց, որ ուսուցիչների անհանգստության, տագնապի եւ լարվածության հիմնական պատճառներ են եղել․ «Աշխատանքի ծավալը զգալի մեծացել է, տեխնիկական խնդիրներ են եղել, հավելվածներին չտիրապետելը նրանց մոտ ստեղծել է տագնապային իրավիճակ, լարվածություն։ Հեռավար դասերը վարելու հմտությունների պակասն ուսուցիչները հատկապես շեշտել են, նաեւ ասել, որ դժվար էր հասկանալ՝ երեխաները հասկացե՞լ են նյութը։ Շատ ուսուցիչներ ստիպված են եղել 35 հոգանուց դասարանը բաժանել մի քանի մասի եւ ամեն խմբի հետ նույն դասը վարել օրական մի քանի անգամ։ Իսկ ծնողներն անտեղի միջամտել են դասապրոցեսին, փորձել ինչ-որ բաներ հուշել երեխաներին, ինչը եւս մարտահրավեր է եղել ուսուցիչների համար։ Ծնողների հետ անընդհատ հեռախոսազրույցները եւս խնդիր են եղել»։

Ըստ հետազոտության՝ ուսուցիչները դժվարացել են աշակերտներին առցանց գնահատել, դժգոհել են մեթոդաբանական նյութերի պակասից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930