Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուները սկսել են իրական աշխատավարձերը հայտարարագրել․ ՊԵԿ-ը սա համարում է ստվերի դեմ պայքար, ֆիննախը հակադարձում է

Ապրիլ 06,2021 14:06

ՀՀ-ում այս տարվա փետրվարին միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է 11 հազար դրամ, 193 հազարից դառնալով 204 հազար դրամ։ Սա, ըստ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի, ՊԵԿ-ի՝ ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության արդյունք է, այսինքն՝ տնտեսվարողները սկսել են գրանցել իրական աշխատավարձերը։

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՊԵԿ նախագահն ասաց․ «Փետրվարին 8 հազարով պակասել են աշխատատեղերը, անցյալ տարի փետրվարի համեմատ, դրանք համավարակի հետեւանքով խոցելի ոլորտներն են՝ հասարակական սնունդ, կեցության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություններ։ Այսպիսի մի երեւույթ է արձանագրվում՝ աշխատավարձերի մինչեւ 150 հազար եւ դրանից ավելի սեգմենտում փոփոխություն է եղել, ավելի շատ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել հենց այդ շեմի շրջակայքում՝ մինչեւ 150 հազար դրամ ստացողները ստացել են ավելին եւ ավելի բարձր դաշտերում՝ 200 հազար եւ ավելին։ Սա նշանակում է, որ այստեղ առաջին հերթին վարչարարության արդյունքում աշխատավարձերը, որոնք որ ունեն անտեսանելի, ստվերային հատված, տնտեսվարողները հնարավորինս ճիշտ են ներկայացրել հարկային հաշվարկներում։ Ինչպես նաեւ ազդեցություն են ունեցել կառավարության կողմից բազմաթիվ միջոցառումներով տնտեսավարողներին եւ աշխատակիցներին տրամադրված գումարները»։

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց՝ ՓՄՁ ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զբաղվածության նվազում եղել է, եւ հատկապես առաջին հերթին աշխատանքից ազատել են ավելի ցածր վարձատրվող անձանց․«Օգտակար կլիներ ոլորտային ուսումնասիրություն արվեր՝ հատկապես ո՞ր սեգմենտում է լրացուցիչ զբաղվածություն ստեղծվել կամ որում նվազել»։

ՊԵԿ նախագահն ի պատասխան ասաց՝ ՊԵԿ-ի առաջին ցուցիչը վիճակագրական տվյալներն են՝ դա համավարակի հետեւանքով խոցելի ոլորտներն են, մյուս ոլորտներում այդ տվյալներն ամեն ամիս փոփոխվում են, եւ ասել, որ կոնկրետ ինչ-որ ոլորտում է տեղի ունեցել աշխատատեղերի էական աճ, այդպես չէ․ «Ավելին, նվազումը տեղի է ունեցել միայն խոցելի ոլորտներում, հետեւաբար, այս ոլորտների աշխատատեղերն են կրճատվել, եւ նաեւ՝ աշխատավարձերն են որոշակի չափով նվազել, քանի որ սուբյեկտը, որը չունի շրջանառություն եւ գործերը լավ չեն, նա ստիպված է կրճատել իր վարչարարական ծախսերն, այդ թվում՝ աշխատավարձերը»։

Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ՊԵԿ վարչարարության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտն ինքնակամ շտկում է իր վարքագիծը եւ ներկայացնում է իրական աշխատավարձը․ «Այլապես ինչպե՞ս կմեկնաբանեք փետրվարի համեմատականով՝ անցյալ տարի աշխատավարձի ընդհանուր ֆոնդը եղել է 8000 պակաս աշխատատեղի պայմաններում՝ 119․6 միլիարդ, իսկ այս տարվա ընթացքում՝ 124 միլիարդից ավելի, տարբերությունը 5.2 միլիարդ է։ Սա ոչ այլ ինչ է, քան աշխատավարձերի եկամուտների ճիշտ հայտարարագրման նկատմամբ իրականացված վարչարարության արդյունք»։

ՊԵԿ նախագահի հիմնավորման հետ չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը պնդեց՝ աշխատավարձերի ստվերի կրճատման կամ իրական աշխատավարձերի հայտարարագրման վրա ազդել է եկամտային հարկի դրույքաչափի հարթեցման գործոնը․ «Որովհետեւ հարթեցման այդ շեմերի նպատակադրումներից մեկը եւ հիմնավորումներից մեկն էլ՝ աշխատավարձը ճիշտ չհայտարարագրելու խթանները վերացնելն էր։ Որովհետեւ այլ հավասար պայմաններում պարոն Հովհաննիսյանի բերած վերջին օրինակը պիտի տեղի չունենար, որովհետեւ ենթադրում ենք, որ ամեն ինչ իր ազդեցությունն ունեցել է, բայց տնտեսությունները տարբեր են, աշխատանքն ու դրա դիմաց վարձատրությունը նույնպես։ Այս փոփոխությունը հնարավորություն է տվել, որպեսզի մարդիկ հայտարարագրեն այնքան եկամուտ, որքան փաստացի մինչ այդ ստացել են։ Ես չեմ ուզում նսեմացնել վարչարարության դերը, բայց հնարավոր չէ այդքան վարչական ռեսուրս ներդնել, որպեսզի բացահայտվի ամեն ինչ, շատ կարեւոր է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը տնտեսապես շահագրգռված չլինի թաքցնել աշխատավարձի իրական չափը»։

ՊԵԿ նախագահն էլ հակադարձեց․ «Եկամտային հարկի դրույքաչափի իջեցման պայմաններում՝ 22% է անցյալ տարվա 23%-ի փոխարեն, մեր եռամսյակային գնահատականներով՝ այդ ազդեցությունը պետք է կազմեր 4 միլիարդից ավելի, սակայն փետրվարին եկամտային հարկից գանձված հարկի համեմատության մեջ 2020 եւ 2021 թվականների մեջ գրեթե տարբերություն չի արձանագրվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930