Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդ ալիքի առանձնահատկություններից է այն, որ բոլոր հիվանդների արյան մեջ թթվածնի պակաս է լինում, 263 հիվանդներն էլ թթվածնի կարիք ունեն». Հովհաննես Մադոյան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 06,2021 11:59

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն, օրինակ, 8 բաժանմունքին պատրաստվում է ավելացնել ևս երկուսը, բացի դա հիվանդանոցը կարիք ունի բուժանձնակազմը համալրելու ՝ հաստատությանն անհրաժեշտ են բուժքույրեր և մայրապետեր: Այս պահին բուժում է ստանում 263 հիվանդ, զբաղված են նաև վերակենդանացման 14 մահճակալները:

«Առավոտվա տվյալների համաձայն հիմա այդքան հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 40 հիվանդ, ևս 40-ը կարող եմ ասել՝ ճիշտ կլինի բուժում ստանան վերակենդանացման բաժանմունքում: Դրա համար անհրաժեշտություն եղավ ավելացնել ևս 34 մահճակալ, ընդհանուր մեր մահճակալների թիվը 282-ն է, այսինքն, որպես այդպիսին մենք բաժանմունք չենք ավելացնում, այլ ռեանիմացիոն սրահին ավելացնում ենք ևս մեկ սրահ՝ 20 մահճակալով, մյուս սրահը ավելացնում ենք մեր մեծահասակների բաժանմունքի համար՝ 14 մահճակալով: Երրորդ ալիքի առանձնահատկություններից է այն, որ բոլոր հիվանդների արյան մեջ թթվածնի պակաս է լինում: 263 հիվանդներն էլ թթվածնի կարիք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը, հավելելով՝ չի բացառվում, որ հիվանդների թիվը ավելանա, քանի որ ընդունարանում ընդունելությունը մեր խոսակցության պահին շարունակվում էր:

Հիվանդանոցը երկու անգամ փորձ է արել վերադառնալ նախկին աշխատանքին ռեժիմին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սկսած երկրորդ ալիքը և 2021 թվականի փետրվարին զարգացող երրորդ ալիքը ստիպել են չփակել քովիդ բաժանմունքները: Հիմա հիվանդանոց են դիմում միջին և բարձր տարիքային խմբի մարդիկ, հոսպիտալացվում են նաև 20-ից 34 տարեկան անձինք: Բազմաթիվ են հատկապես այն դեպքերը, երբ հիվանդները դիմում են տան պայմաններում ինքնաբուժության անհաջող փորձերից և հակաբիոտիկների չարաշահումից հետո:

«Մեզ մոտ ընդունված է, որ ճարպակալումը խնդիր չէ, բայց հիվանդներից շատերը նման խնդիր ևս ունեն, այսինքն ճարպակալման երրորդ աստիճանը արդեն իսկ լուրջ խնդիր է: Լինում է նույնիսկ, որ ուղեկցող հիվանդությունների մասին մարդիկ տեղեկանում են, երբ վարակվում են և ընդունվում մեզ մոտ: Օրինակ՝ հիվանդ կա 170 ճնշում ունի, դա իր համար նորմալ է, բայց դա ինսուլտի շատ բարձր ռիսկ է: Նման հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ է հիմնականում վիրուսի ընթացքը այլ ելք ունենում: Մենք մարտ ամսվա ընթացքում ունեցանք երիտասարդ տարիքի՝ 34 տարեկան հիվանդի մահվան դեպք, քանի որ ուներ ուղեկցող հիվանդություն: Մարդիկ շատ հաճախ նաև, առանց հաշվի առնելու, թե իրենց ծանոթի մոտ հիվանդությունը ինչպես է ընթացել, սկսում են նույն բուժումը ընդունել, լինում են դեպքեր,երբ տարբեր բժիշկների հսկողության տակ եղած անձինք էլ անիմաստ կերպով մեծ քանակությամբ հակաբիոտիկ են ընդունում ու ծանրացած առողջական վիճակում հայտնվում են մեզ մոտ»,- ասաց Մադոյանը:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930