Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց այդ ի՞նչ պայքար էր, ի՞նչ մենամարտ հանուն մեկ տուփ հավկիթի. «Փաստ»

Ապրիլ 06,2021 11:43

Առհասարակ, մենք՝ հայերս, մշտապես հպարտանում ենք այն հանգամանքով, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, մենք հպարտանում ենք մեր հազարամյա վանքերով ու եկեղեցիներով, մեր դարավոր պատմությամբ: Մենք առհասարակ գլուխ գովելու հետ մեծ սեր ունենք։ Մենք, մենք, բայց մեր ամենօրյա կյանքը ցույց է տալիս, որ մենք հեռացել ենք իրական արժեքներից, հեռացել ենք Աստծուց, հավատքից, անում ենք բաներ, որոնք բնորոշ չեն ոչ միայն քրիստոնյա մարդուն, այլ մարդուն առհասարակ։ Մենք կորցրել ենք մեր արժանապատվության, մեր հավատի, հարգանքի ու սիրո սերմը։ Դարձել ենք եսակենտրոն, չենք զատում կարևորն անկարևորից, ուրացել ենք մեր հավատը։ Յոթ «մահացու» մեղքերն ենք գործում՝ առանց ապագայի մասին փոքր-ինչ մտածելու։ Հպարտանում ենք սին արժեքներով։ Նախանձում ենք, երբ մեր հարևանն ավելի լավ է ապրում, առանց մտածելու, թե ինչ դժվարությամբ է նա ձեռք բերում ամեն մի իրը, որ կյանքում նա էլ իր պայքարն է մղում՝ իր զավակներին ու իրեն բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Որկրամոլ ենք, երբեմն տպավորություն է, թե ստամոքսով ենք առաջնորդվում, կարևորը կուշտ լինենք։ Տոնական բոլոր օրերին խանութներում հերթեր են գոյանում, բանական մարդու համար անհասկանալի, անընդունելի հերթեր ուտելիքի համար։ Մենք հոգևոր տոն ենք նշում, բայց առաջնահերթություն տալիս սննդին, իսկ մեր հոգին, մեր սիրտը ո՞վ պետք է սնի։ Բարկանում ենք ամեն առիթով, չենք հանդուրժում, երբ մեզ մի բան են սովորեցնում, ճիշտ ճանապարհը ցույց տալիս։ Ագահ ենք, դա ամեն հարցում է դրսևորվում, հատկապես, երբ խոսքը ստամոքսի և գումար կուտակելու մասին է։ Անասելի ծույլ ենք՝ ընտանիք կազմելու, պետությունը զարգացնելու հարցում ևս։ Այսքանից հետո կիրքը գուցե որպես մահացու մեղք էլ չդիտվի։ Մեր կյանքը թողել ենք ինքնահոսի, պետությունը՝ նույնպես։ Առաջ ենք գնում առանց դասեր քաղելու, առանց խրատվելու։

Առաջնային տեղ ենք տալիս ուտելուն, ցանկացած տոն մեզանում կորցրել է իր հոգևոր խորհուրդը, դրանք վերածվել են կերուխումի օրերի։ Տեսնես ինչո՞վ ենք արդարացնում սուպերմարկետներում պայքարը ձվի համար։ Եթե զատկական մեր սեղաններին չլիներ ներկած հավկիթ, դրանով իմաստազրկվելո՞ւ էր տոնի խորհուրդը։ Իհարկե, ոչ։ Բայց այդ ի՞նչ պայքար էր, ի՞նչ մենամարտ հանուն մեկ տուփ հավկիթի։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930