Պարզվում է՝ փետրվարի 17-ին Փաշինյանի՝ Գյումրի այցի ընթացքում տհաճ միջադեպ է գրանցվել։ Պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա ախուրյանցի Միշա Հարությունյանի հայրը՝ Սեդրակ Հարությունյանը, պարզվում է, Գյումրի այցի ժամանակ ճեղքել է ոստիկանական պատը, մոտեցել Նիկոլ Փաշինյանին եւ, մեղմ ասած, շան լափ թափել գլխին։ Մեզ պատմել էին, որ որդեկորույս հայրը մտադրվել է անգամ վնասել Փաշինյանին, բայց ի վերջո բավարարվել է նրա թեւն ամուր սեղմելով եւ դառը խոսքեր երեսին նետելով։
Մեզ հետ զրույցում Սեդրակ Հարությունյանը վստահեցրեց, որ չի ուզեցել վնասել, չհերքեց, որ մոտեցել է Փաշինյանին ու ինչ որ պետք է, ասել նրան․ «Ախրանան ուզում էր չթողնել, բայց ասացի՝ չմոտենաք, ինքն էլ ասեց՝ թողեք։ Գրիչով ինչի՞ պիտի վնասեի, մուսկուլներիս ի՞նչ է եղել, ուզենամ՝ հարյուր կիլո կտապալեմ»։ Պարոն Հարությունյանը հեռախոսով չմանրամասնեց, թե ինչ է ասել։ «Շատ վատ բաներ եմ ասել։ Եթե իրենցից եք, էդ քրջոտներին պիտի արդարացնեք, ուրեմն պետք չի գալ իմ տուն։ Ես առաջին օրվանից իրեն աջակից եմ եղել, բայց հիմա պարզ է, որ ամեն ինչ ստի վրա է հիմնված։ Ես իմ էրեխուն եմ կորցրել, հիմա իմ աչքին հեչ մարդ չի երեւա, Նիկոլ կլինի, Նիկոլի հերը կլինի, Միրզոյան կլինի, չարդարացնեք դրանց»,- խիստ տոնով ասաց զոհվածի հայրը։
Որդին՝ Միշա Հարությունյանը, ծառայության է եղել Արմավիրի «ուչեբկայում», այնուհետեւ տեղափոխել են Սյունիք՝ Խնձորեսկ, իսկ պատերազմի ընթացքում՝ Ղարաբաղ։ Զոհվել է հոկտեմբերի 15-ին, ընտանիքի մինուճար որդին էր, նրանից բացի, եւս երկու աղջիկ ունի ընտանիքը։ «Շիրակում ում հարցնեք, կպատմի իմ երեխուս մասին, ես կարայի իրեն ազատել, բայց չազատեցի, ինքն էնքան դուխով, թասիբով տղա էր, որ գնաց ծառայելու»,- պատմում է հայրը։ «Պատերազմի օրերին, երբ զանգում էր, երկու բառ էր խոսում, ասում էր՝ լավ, պապ ջան, կախի, հեռախոսը տամ՝ երեխեքը տնեցիքի հետ խոսեն։ Ավագ սերժանտ էր։ Երեխեքին Խնձորեսկից ուր ասես տարել են, չգիտեմ՝ ինչ քալակ են խաղացել գլխներին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: