Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշտ քաղաքականություն՝ ընդդեմ Պուտինի. Էրդողանն Ալիեւին դրան է դրդում

Ապրիլ 06,2021 10:35

Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին հասկացնում են, թե պատրաստ են հնարավոր նոր պատերազմի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին հանդիպելու են: Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը, այլեւ՝ առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, օրերս հայտնեց Կրեմլի խոսնակը։

«Ես կարող եմ հաստատել, որ ապրիլի 7-ին նախատեսված է Փաշինյանի աշխատանքային այցը, որի ընթացքում նա կբանակցի նախագահ Պուտինի հետ», – ասել էր Դմիտրի Պեսկովը։ Փաստելով, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում», Պեսկովը թվարկել է այն հարցերը, որոնք ներառված են երկու առաջնորդների օրակարգում։ «Կքննարկվի՝ ինչպես են իրագործվում եռակողմ պայմանավորվածությունները, որոնք վերջ դրեցին Ղարաբաղում ռազմական գործողություններին, հարցեր, որոնք նախօրեին ակտիվորեն քննարկել է Պուտինը եւ որոնք կապված են Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ», – ասել էր Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, Փաշինյանն ու Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաեւ հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն այս հարցի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ։ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ, ընդհանուր առմամբ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է: Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը: Այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբին:

Վերջին շրջանում Ադրբեջանը ընդդեմ Ռուսաստանի սկսել է ավելի հրապարակային գործել: Մոսկվան էլ այս համատեքստում, կարծես, սկսել է առավել ուշադրություն դարձնել Բաքվի քմահաճություններին: Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով օրերս կոշտ քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որի անդամ է նաեւ Ռուսաստանը, ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ-ի անգործության ու անարդյունավետության հիմքում Ալիեւն «արդարացրեց» պատերազմի սանձազերծումը անցյալ տարվա աշնանը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ. այդ հարցի լուծման համար եւ 28 տարի աշխատել է անարդյունք: Մինսկի խմբի աշխատանքը եղել է զրոյական: Մինսկի խմբի համանախագահներն աշխարհի առաջատար երկրներ են, միջուկային տերություններ եւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ: Իհարկե, եթե Հայաստանի վրա լուրջ ճնշում լիներ, եւ Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ սահմանվեին, հարցը կարող էր լուծվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիեւը Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ դա տեղի չի ունեցել, ընդհակառակը, քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ: «Փաստացի, Հայաստանը հրաժարվել է բանակցություններից: Եթե նախորդ տարիներին կար բանակցությունների իմիտացիա, ապա վերջին երկու-երեք տարիներին բաց եւ ցուցադրական հայտարարվում էր, որ Ադրբեջանին չեն վերադարձվելու ադրբեջանական 5 տարածքները: Բացի այդ, Հայաստանի ղեկավարության անպատասխանատու եւ սադրիչ գործողությունները բանակցությունները դարձրին գործնականում անիմաստ: Երկու տարի առաջ Հայաստանի առաջնորդն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»: Իհարկե, մենք պատասխանեցինք դրան, եւ ամենալուրջ պատասխանը տրվեց մարտի դաշտում: Սակայն դա ինքնին արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը հարցը համարում էր լուծված եւ չէր ցանկանում վերադարձնել հողերը»,- ասել է Ալիեւը: Նա նաեւ հավելել է, որ պատերազմի առաջին օրվանից մեծ աջակցություն է ստացել եղբայրական Թուրքիայից. «Այդ քաղաքական եւ բարոյական աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ: Իհարկե, դա շատ լուրջ ազդակ էր: Դա մեզ թույլ տվեց անցկացնել հաջող հակահարձակում առանց արտաքին ուժերի միջամտության: Ես միշտ ասել եմ, որ առանց օտարերկրյա միջամտության Ադրբեջանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարճ ժամկետներում, ինչը եւ տեղի ունեցավ»:

Ընդդեմ Ռուսաստանի մեկ այլ քայլ կարելի է համարել իսկանդերային թեմայով Բաքվից տեղեկատվության արտահոսքը: Ադրբեջանի ականազերծման գործակալությունից (ANAMA) հայտնեցին, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» երկու հրթիռ, հրապարակվեցին լուսանկարներ՝ ենթադրյալ այդ հրթիռների կտորներից: Սա էլ իր հերթին նոր հակաքայլ է՝ ռուսական կողմի պնդումներին հակառակ: Հիշեցնենք, որ ռուսական կողմը հայտարարել էր, թե «Իսկանդեր» չի կիրառվել Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, սակայն, հանկարծ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 5 ամիս անց նման տեղեկատվություն է տարածում, լուսանկարներ հրապարակում:

Թուրքիան Ադրբեջանին ակնհայտորեն դրդում է ավելի կոշտ քաղաքականության ընդդեմ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայած Ռուսաստանի: Թուրք-ադրբեջանական տանդեմի քողարկված դժգոհությունը արտահայտվում է տարբեր նրբերանգներով, թեեւ արտաքուստ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանին համարում են հզոր գործընկեր, եւ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին առնչող ու իրենց հետաքրքրող հարցերում՝ բանակցելու միակ պատասխանատուն այսօրվա դրությամբ:

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղասիրության քարոզչություն իրականացնել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս կրկնեց Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը: «Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,-ասել է Ալիեւը: Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»: Միեւնույն ժամանակ Ալիեւը կարծիք է հայտնել, թե «նվազագույնի հասցված է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը»: Նման գնահատական նա տվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ. «Հետկոնֆլիկտային իրավիճակն, ընդհանուր առմամբ, դրականորեն է զարգանում, սրացման ռիսկերը նվազագույնի են հասցված»:

Ռուսական կողմն առայժմ նախընտրում է լռել պաշտոնական Բաքվից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հավակնությունների վերաբերյալ հայտարարություններին ի պատասխան: Առայժմ թուրք-ադրբեջանական տանդեմը մի կողմից, Ռուսաստանն էլ իր հերթին ցույց են տալիս, որ առավելապես հետաքրքրված են ու նույնիսկ շտապում են տարածաշրջանում կոմունիկացիոն հեռանկարներով: Բայցեւ ակնհայտ է, որ Բաքուն ու Անկարան, ըստ ամենայնի ոչ միայն պատերազմում պարտված Հայաստանին, այլեւ առավելապես Ռուսաստանին շարունակ ձգտում են հասկացնել, որ պատրաստ են հնարավոր նոր պատերազմի եւ լրջորեն պատրաստվում են դրան:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930