Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, բա մենք ի՞նչը պիտի պարտակեինք. Գեւորգ Կոստանյան. «Հրապարակ»

Ապրիլ 06,2021 10:18

Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ զրուցել ենք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այս իշխանությունների կողմից Մարտի 1-ի գործով հետապնդվող Գեւորգ Կոստանյանի հետ։

– Ձեզ էլ է մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու գործով ի՞նչ եք կարծում, ՍԴ այս որոշումը Ձեր մասով էլ որեւէ բան կփոխի՞։

– Դուք շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ ինձ մեղադրել են նրա համար, թեեւ հիշեցնեմ, որ անգամ միջազգային քրեական ոստիկանության մակարդակով հավաստվեց՝ ապօրինի եւ անհիմն, բայց, այնուամենայնիվ, ինձ մեղադրում են նրա մեջ, որ երբ որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, իրենց պատկերացմամբ, 2008 թվականին տապալում է սահմանադրական կարգը՝ մի խումբ անձանց հետ, հետո, իբրեւ թե, ես արդեն այդ տապալված սահմանադրական կարգի արդյունքում ոստիկանապետի եւ այլ բարձրաստիճան ոստիկանների հետ միասին՝ որպես այն ժամանակ արդարադատության փոխնախարար, դրդում եմ, որպեսզի կատարեն կեղծիքներ։ Արդյունքում, եթե փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, իսկ դա արդեն փաստ է, հետեւաբար, ես եւ որեւէ մեկը չէինք կարող պարտակել դա։ Պատկերացրիք, չէ՞։ Իմ մեղադրանքը՝ շատ կարճ, հետեւյալն է․ իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանն ու մի խումբ այլ անձինք տապալել են սահմանադրական կարգը, հետո ես ու Գեւորգ Մհերյանը, Ալիկ Սարգսյանն ու էլի մի քանի հոգի պարտակել ենք դրանք։ Հետեւաբար, եթե Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, բա մենք ի՞նչը պիտի պարտակեինք։

– Ի դեպ, դատարանն այդպես էլ մինչ այս պահը չի հրապարակել արդեն գոյություն չունեցող հոդվածով քրեական գործը կարճելու մասին որոշումը, դրան զուգահեռ՝ մեղադրող դատախազներն էլ դիմել են Սահմանադրական դատարան։ Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ։

– Լավ եք հարցնում՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ։ Սա տրամաբանության եւ իրավագիտության պայմաններում հնարավոր չէ հասկանալ։ Բացատրեմ՝ ինչու։ Որովհետեւ այն պահից, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանն ուրիշ տարբերակ չունի, քան կայացնի արդարացման դատավճիռ։ Ինքն ուրիշ տարբերակ չունի։ Այսինքն՝ էս դատավորը, որ նիստը հետաձգում է, ներողություն եմ խնդրում, որ էսպիսի ձեւակերպում եմ տալիս, բայց ինքն արդեն ոչ միայն գրագիտության հետ կապված խնդիրներ ունի, այլեւ, իմ կարծիքով, նաեւ տրամաբանության հետ կապված։ Եվ հետաձգելն արդեն նշանակում է, որ այս դատավորն ինքն իրենով կատարում է հանցանք։ Ինչ վերաբերում է դատախազության այդ միջնորդությանը, որ դիմել է ՍԴ, ապա դատախազությունն օրենքով պարտավոր է, երբ որ հակասահմանադրական է ճանաչվում կոնկրետ հոդվածը, մեղադրանքից հրաժարվել։ Այն հանգամանքը, որ դատախազությունը դիմում է իբրեւ թե տուժողների իրավունքների պաշտպանության կոնտեքստում, տուժողների իրավունքների պաշտպանությունը, այո, շատ կարեւոր է, բայց դա ոչ մի կապ չունի մարդու անմեղության պաշտպանության հետ։ Այսինքն՝ դու ապօրինի մեղադրանք ես առաջադրում, հետո ասում ես՝ բա էն ապօրինի մեղադրանքի տուժողներին ի՞նչ պետք է անենք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930