Ինչպե՞ս է Սփյուռքը վերաբերվում Հայաստանին հիմա՝ պատերազմում պարտվելուց հետո: Տարբեր ձեւով:
Եթե խոսքը 1990-ականներից ի վեր Հայաստանից մեկնածների մասին է, ապա նրանց մի մասը գնացել է նաեւ այն պատճառով, որ ցանկացել է որքան հնարավոր է արագ մոռանալ Հայաստանի եւ իրենց հայ լինելու մասին: Նրանց, հետեւաբար, պատերազմը եւ կորուստները քիչ են հետաքրքրում:
Նախկին հայաստանցիների մեկ այլ մասը այնքան է «վառված» նախկին իշխանություններից, որ անգամ այս խայտառակ պարտությունից հետո շարունակում է երկրպագել Փաշինյանին: Այդ առումով մեր հայրենակիցների այդ խումբն իր տրամադրություններով նման է Հայաստանում ապրող փաշինյանական ընտրազանգվածին, որը հունիսի 20-ին նպաստելու է իշխանության վերարտադրությանը: Բայց թե՛ այստեղ եւ թե՛ Սփյուռքում այդ զանգվածը մտավոր եւ շատ դեպքերում նյութական առումով առանձին կշիռ չունի:
Վերջապես, արտերկրում ապրող մեր նախկին համերկրացիների մի շերտ կա, որի համար հայրենիքն ու պետությունն ավելի կարեւոր են, քան նախկին զրկանքները. այդ մարդիկ, բնականաբար, խիստ հիասթափության եւ դեպրեսիայի մեջ են:
Կարդացեք նաև
Իսկ ավանդակա՞ն Սփյուռքը: Հիմքեր ունեմ պնդելու, որ նրա վստահությունը Հայաստանի նկատմամբ խիստ նվազել է, եւ այստեղ դեր են խաղացել մի քանի գործոններ: Առաջինն, իհարկե, ազգային նվաստացումն է, որը, կարծում եմ, զգում է արժանապատվություն եւ մտավոր որոշակի ունակություններ ունեցող ցանկացած հայ: Բայց այդ նվաստացումը սփյուռքահայերի շրջանում կարող է բերել ազգային ինքնության ճգնաժամի. մինչ 2020 թվականի աշունը նրանք հնարավորություն ունեին օտար միջավայրում իրենց զգալու որպես հաղթող ազգի ներկայացուցիչներ, իսկ հիմա նրանք այդ հնարավորությունը չունեն:
Այնուհետեւ՝ անվստահության պատճառներից են Հայաստան համահայկական հիմնադրամի, մեղմ ասած, կասկածելի գործողությունները, որոնք խնդիրներ ստեղծեցին, մասնավորապես, ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների համար: (Լավ է, որ գոնե այսօր կառավարության խելքը կտրեց 52 միլիարդ դրամը անուղղակի ձեւով վերադարձնել հիմնադրամ):
Եվ վերջապես. ներկա իշխանությունների խոսակցություններն այն մասին, որ հենց հիմա ճիշտ ժամանակն է բարեկամական հարաբերություններ հաստատել մեզ պարտության մատնած Թուրքիայի հետ, նույնպես չեն կարող դուր գալ սփյուռքահայերին:
Այսքանով հանդերձ՝ Հայաստանում եւ Արցախում կան մարդիկ, որոնք «ախտահարված չեն» նախահեղափոխական եւ հեղափոխական արատներով, եւ որոնց սփյուռքահայերը վստահում են: Այդ մարդիկ պետք է մոռանան իրենց քաղաքական նախասիրությունների մասին, հաշվի չառնեն, թե ով է ներկայումս ղեկավարում Հայաստանը, եւ Սփյուռքի իրենց կապերով իրականացնեն գուցե ոչ այնքան մասշտաբային, բայց հայրենիքի համար կարեւոր ծրագրեր՝ ոչ միայն բարեգործական, այլեւ ներդրումային՝ նաեւ մեր հայրենակիցների փորձը եւ մտավոր ներուժն օգտագործելով: Իհարկե, հաշվի առնելով այսօրվա իշխանությունների «առանձնահատկությունները», հնարավոր են «խանդի տեսարանները»: Առաջ նման ծրագրերին խոչընդոտը կոռուպցիան էր, հիմա՝ ինքնահաստատվելու մանկամիտ ձգտումը: Դա էլ կարող է որոշ չափով հաղթահարվել քաղաքական ընդգծված չեզոքությամբ եւ զուսպ լոյալությամբ:
Բոլոր դեպքերում պատերազմում նվաստացուցիչ պարտությունից հետո էլ պետք է ապրել, եւ մեր եղբայրներին ու քույրերին ազգային ինքնությունը վերգտնելու հույս տալ: Իհարկե, նրանց, ում այդ հույսը պետք է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ կարծիքով, ներկա իրականության պայմաններում բոլոր այն սուբյեկտները, որոնք օր ու գիշեր իրենց «ճղում են» էլ ավելի հուսալքություն, անելանելի վիճակ սերմանելու առանց այն էլ աննախանձելի վիճակում գտվող ժողովրդի համար, պետք է ինչ- որ ձևով պիտակավորվեն, այնպես, որ տեսանելի լինի, մարդը՝ «նրանցից է»: