Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությունը չէր հասկանում, որ պատերազմ է սադրում»

Ապրիլ 06,2021 00:57

Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է՝ սպասելի էր պատերազմը, եւ դրա մասին զգուշացրել է հանրայնորեն։

«Բանն այն է, որ բոլոր փորձագետներն ասում էին՝ այն քաղաքականությունը, որը վարում էր Հայաստանը, անխուսափելիորեն հանգեցնելու էր պատերազմի։ Փորձագետներն ասում էին, որ մենք պատրաստ չենք պատերազմի, ծանր պատերազմ է լինելու»։

Պատերազմի միակ պատասխանատուն, ըստ Քոչարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

«Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացը փակուղի տարան։ Որտեղ ավարտվում են բանակցությունները, այնտեղ սկսվում է պատերազմը»։

Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացում հայկական կողմը նոր պահանջներ էր դնում․ «Անհասկանալի պահանջներ՝ սկսում ենք զրոյից, 92-ից սկսված բանակցությունները հասցրեցին զրոյի, հետո՝ բանակցային գործընթացում առանց ԼՂ ներկայացուցիչների որեւէ բանակցություն չի կարող լինել, հետո՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ եւ այլն, եւ այս ամենը բոլորի մոտ տպավորություն թողեց, թե Հայաստանը հեռանում է բանակցություններից»։

Հարցին՝ տեսականորեն, բանակցությունների լավագույն ավարտը ո՞րը կլիներ, Քոչարյանը պատասխանել է․ «Բանակցություններն իրականում կարող էին ավարտվել հայկական կողմի զբաղեցրած տարածքների փոխանակումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց»։

Քոչարյանը պարզաբանել է՝ այդ տարածքները մենք ասում ենք՝ ազատագրված, միջնորդները՝ զբաղեցրած․ «Դրանք ներառվել են ԼՂՀ տարածքների մեջ, բայց այն Սահմանադրությունը ենթադրում էր որոշակի հնարավորություններ․․․ այն ընկալվում էր անվտանգության գոտի, բայց ենթադրվում էր, սա այն թեման էր, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի դիմաց»։

Պոզների ճշտող հարցին՝ ՀՀ իշխանությունները պետք է որ հասկանային, որ նման մոտեցմամբ պատերազմ էին սադրում, Քոչարյանը պատասխանել է՝ ենթադրում եմ, որ նրանք չէին հասկանում, որ սադրում են, դա մի պրիմիտիվ մեթոդ էր ծանր բանակցությունների պատասխանատվությունից խուսափելու, դա պատասխանատվությունից փախուստ էր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930