Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:
Քոչարյանի խոսքով․ «Տեւական ժամանակ է, որ այս թեման բարձրաձայնվում էր, նույնիսկ պատերազմից առաջ, հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, եւ այդ նույն ուժերը նորից անում են առավելագույնը հակառուսական տրամադրություններ հրահրելու համար: Բայց պատերազմ հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար»։ Քոչարյանը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ ռազմական գործողությունները դադարեցնել պայմանով՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի։ Քոչարյանի ներկայացմամբ՝ պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չստանձնեց նման որոշման համար․«Արդյունքում Հայաստանը շատ ավելին կորցրեց, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ»:
Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, Պոզների այս դիտարկմանը Քոչարյանն ասել է՝ Ադրբեջանը կարող էր զենք գնել այլ երկրներից:
Պոզները հետաքրքրվել է՝ ձեզ չի վախեցնում, որ դուք հարցազրույց եք տալիս ռուսական պետական հեռուստաընկերությանը, եւ դա ինչ-որ կերպ արտացոլում է ձեր հատուկ հարաբերությունները ՌԴ ղեկավարության հետ, եւ սա կարող է զգալի թվով մարդկանց վանել ձեզանից։ ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այդ հանգամանքը նրան երբեք չի անհանգստացրել եւ ինքը երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․«Ի դեպ, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար իմ ղեկավարման տարիներին շատ բան է արվել։ Ես չեմ փորձելու խաղալ աջ կամ ձախ։ Դիրքորոշումը պետք է հստակ լինի։ Ես երբեք չեմ փորձել խաղալ բոլոր երանգների վրա կամ բոլոր ճակատներում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ