Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ նկատմամբ հարուցված այդ քրեական գործը պարզապես հիմարություն է». Շուշիի քաղաքապետ

Ապրիլ 05,2021 22:55

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է.

«Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով  ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, 2021 թվականի հունվարի 15-ից հանդիսանալով ՀՀ կառավարության  համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների  հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում Շուշիի վարչակազմի 2021  թվականի հունվարի 15-ի թիվ 1 որոշմամբ  ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից  ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ համայնքի շահառուների  ցուցակներում ներառել է թվով  7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը,  վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում: Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով  էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ  ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի  5-րդ մասով,  322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի  5-րդ մասով և  332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իմ նկատմամբ հարուցված այդ քրեական գործը պարզապես հիմարություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Նա պատմել է, որ իրեն դիմում են հազարավոր քաղաքացիներ, երբեմն մոլորեցնում իրեն, թե Շուշիի բնակիչ են եղել, որպեսզի շահառու դառնան. «Շուշիում ունենք հարեւան, որը 10 տարի Շուշիում չի ապրել։ 2019 թվականին իր տունը վաճառել է, այդ տանն արդեն ուրիշ մարդ էր ապրում։ Պատերազմից հետո արդեն եկել ու ինձ ասում է՝ ինձ ու եղբորս շահառու ճանաչիր, նրա եղբայրն էլ այս պատերազմից փախած է եղել։ Ես էլ նրանց ասել եմ, որ կարգն այդպես չէ, ես չեմ կարող այդ քայլին գնալ, քանի որ շահառու հանդիսանում են այն քաղաքացիները, որոնք գոնե վերջին 3 ամիսն ապրել են Շուշիում։ Ինքը դրանից բորբոքված գնացել ու իմ վերաբերյալ սուտ հաղորդում է ներկայացրել։ Նա հայտարարել է անգամ, թե ես իմ մեքենան Հայաստանում վաճառել եմ, ու իբրեւ եկել, ասել եմ՝ մեքենաս մնացել է հակառակորդի վերահսկողության տակ, դա նույնպես պարզաբանել եմ, որ մեքենաս այս պահին էլ Արցախում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930