Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը մեր դուռը չի եկել բացել, որ ասի՝ այս ինչ է եղել, ոչ մեկը՝ թե՛ հրամանատարական կազմը, թե՛ պետությունը». Կապիտան Արտուշ Արզումանյանը կնոջ հետ գնաց պատերազմ…

Ապրիլ 05,2021 21:12

Արցախյան վերջին պատերազմում ԶՈՒ 5-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ, կապիտան Արտուշ Արզումանյանը մեկնել էր Արցախ: Ինքը՝ որպես սպա, կինը՝ որպես բուժքույր: Այսօր կինը Եռաբլուրում էր՝ ամուսնու շիրիմին. «Ոչ մի ձեւ չկարողացա իրեն հետ կանգնեցնել, ես զգում էի, որ ամեն ինչ վերջացած է, ոչ մեկս ոչ մի ձեւ չենք կարող փրկվել: Ես Ջաբրայիլի հոսպիտալում բուժքույր եմ եղել: Խնդրում էի՝ ոչ մի ձեւ մի գնա առաջ, հիշիր, որ 3 երեխա ունես, շատ են վերեւից թափում: Չլսեց: Ասեց՝ Հռիփ, էս երեխեքը մեղք են, աչքիս առաջ երեխեքը կոտորվում են, 18 տարեկան երեխեք են, ախր իմ երեխեքի թայն են: Ոչ մի ձեւ չկարողացա հետ պահել: Հանուն իրեն գնացի մասնակցեցի այս պատերազմին, բայց զոհվեց»,- Եռաբլուրում մեզ հետ զրույցում պատմեց Արզումանյանի կինը՝ Հռիփսիմե Մարտիրոսյանը:

Հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է զոհվել՝ պատասխանեց. «Իր գումարտակում մեքենաները լրիվ պայթեցրել էին: Իր սեփական մեքենայով էր զինամթերքը տեղափոխում, զինամթերքը տեղափոխելիս ճանապարհին վիրավորներ էր վերցնում, մեքենայով տեղափոխում հոսպիտալ, դիակներ էր բերում հոսպիտալ: Ես չգիտեմ՝ այդ ժամին ինքն ինչի՞ էր գնացել վիրավորներ տեղափոխելու: Շտապօգնության մեքենաներն էին պայթեցրել: Ինքը ընդհանրապես կապ չուներ վիրավորների հետ, ինքը չպետք է վիրավորներ տեղափոխեր»:

Արտուշ Արզումանյանի մեծ որդին 18 տարեկան է: Հնարավոր էր ծառայությունը հետաձգել, բայց չի համաձայնել. «Իր կամքով գնաց, ոչ մի ձեւ չկարողացա նույնիսկ երեխայիս հետ պահեմ ծառայությունից: Հիմա Ղարաբաղում է»:

Հարցին՝ պետության կողմից բավարար ուշադրություն այս օրերին տեսնո՞ւմ եք՝ կինը պատասխանեց. «Բացարձակ: Պետությունը սկի երեւի չգիտի էլ, որ սպա է կորցրել, իր անունը ոչ մի տեղ չկա գրված: Չեն այցելել բացարձակ: Պետության կողմից ոչ մեկը մեր դուռը չի եկել բացել, որ ասի այս ինչ է եղել, ոչ մեկը՝ թե՛ հրամանատարական կազմը, թե՛ պետությունը: Ես շատ եմ ափսոսում, որ այսքանը զոհվել են, ինչի՞ համար, այս պետությա՞ն, որ ոչ մեկը չգիտի այս սպաների տեղը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930