«Այսօր սուրբ Հարության օրն է, իմ բալեն հարություն է առնելու, իր ընկերներն են հարություն առնելու: Ինքը մարմնապես չկա, բայց հոգով ինքը իմ հետ է, ինքը ողջ է: Երբ մարմինը չկա, չի նշանակում, որ իրենք չկան: Իրենք Աստծո հրեշտակներն են, իսկ հրեշտակներն այս անպատկառ աշխարհում անելու բան չունեն»,- այսպես Եռաբլուրում որդու շիրիմին ծնկած՝ արտասվում էր Արցախում զոհված զինծառայող Էրիկ Գալստյանի մայրը՝ Լիանա Գալստյանը:
Վերջին անգամ ծնողների հետ Էրիկը խոսել է հոկտեմբերի 10-ին: Երկու ամսվա ծառայող է եղել՝ տարել են առաջնագիծ. «Վարորդ է եղել տղաս: Ամեն ինչ խաբեցին, ասեցին՝ ապահով տեղ ենք տանում, բայց տարել են Մատաղիս: Այն մարդիկ, որոնք այդ ամենը հրահրեցին, ես չեմ ուզում այս կյանքում պատժվեն, ուզում եմ Աստծո դատաստանը ստանան՝ բոլոր հրամանատարներն ու կամբատները, որ թողել են երեխեքին ու փախել են զորամասից»:
Հարցին՝ պետական մարմիններից բավարար ուշադրության արժանանո՞ւմ եք՝ մայրը պատասխանեց. «Ոչ մի ուշադրություն: Մենք պետություն չունենք, որ ուշադրության արժանանամ: Ո՛չ պետություն ունենք, ո՛չ պետության ղեկավար ունենք, ոչինչ չունենք: Իմ արցունքների հաշվին իրենք այսօր քայլում են իմ երեխու թափած արյան հողի վրա: Իմ երեխու արյան հաշվին, իմ արցունքների հաշվին ու իմ նման շատ մայրերի: Ոչ մեկը չի մարսելու, եթե ես իմանայի գոնե հանուն հայրենիքի…իրենք հողն էլ ծախեցին: Անպատկառ երկիր, անպատկառ մարդկություն: Մենք ղեկավար չունենք, ամեն ինչ կազմակերպված, պլանավորված սպանդ է եղել: Երկու ամսվա զինվորն ի՞նչ գործ ունի առաջնագծում՝ սոված, ծարավ, առանց զենք, ոչինչ չունենալով»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ ձեզ ո՞վ է ասել, որ ձեր երեխան սոված է եղել՝ հայրը՝ Էմիլ Գալստյանը պատասխանեց. «3 օր սոված, ծարավ են եղել, ամսի 1-ին դաշնակներն են եկել, իրենց սկաուտական խմբով, իրենք են պուճուր ուտելիք տարել երեխեքին»:
Մայրը հարցադրումներ ուներ՝ ո՞ւր է եղել հրամանատարը պատերազմի ժամանակ. «Զորամասի պետը՝ գնդապետը, եղել է մի հատ Սեւակ, որն իր երեխուն առել ու փախել է, ո՞ւր է եղել…Իմ տղան այնքան քաջ է եղել, կյանքը տվել է հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս: Ու հիմա, որ տեսնում եմ այդ անպատկառները հանգիստ քայլում են իմ երեխու թափած արյան հողի մեջով, սիրտս կանգնում է…Ես իմ բալին տեսնելու եմ, չի քննարկվում դա , չի՛ քննարկվում: Ուղղակի հիմա մի քիչ կարոտում եմ, բայց ոչինչ: Ես մղկտալով այս կյանքում կապրեմ, որ մյուս կյանքում իմ բալի հետ լինեմ: Իսկ մյուս ծնողները, ովքեր այս պատերազմը հրահրեցին, կապրենք կտեսնենք՝ մյուս կյանքում իրենց բալեքի հետ կլինե՞ն, թե՞ չեն լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ