Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրը, կաթողիկոսի եւ Արամ Սարգսյանի հանդիպումը եւ կառավարության արհեստական խոչընդոտը՝ մեռելոցին

Ապրիլ 05,2021 17:45

Այսօր մեռելոց էր եւ Եռաբլուրում աննկարագրելի ցավ ու տխրություն էր: Պատերազմում իրենց հերոս որդիներին կորցրած ծնողներն ամեն մեկն իր որդու շիրմաքարը գրկած՝ հեկեկում էր, մեկը պատմում էր, թե ինչ է տեսել երազում, մյուսը պատմում էր երեխաների ապրումները, մեկ ուրիշը լուռ մաքրում շիրմաքարը ու նրա հետ Զատկի ձու խփում:

Եռաբլուրում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նա ծաղիկներ խոնարհեց եւ հարգանքի տուրք մատուցեց զոհված հերոսների հիշատակին:

Ավելի ուշ կաթողիկոսը, տեսնելով սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ կանգնած եղբորը՝ Արամ Սարգսյանին, նրան ձայն տվեց:

Մի քանի բառ փոխանակեցին, նա ողջություն հարցրեց եւ օրհնեց Արամ Սարգսյանին:

Լրագրողների հետ զրույցում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսեց օրվա խորհրդի մասին եւ այն մասին, որ այս օրը մեռելոց է ու կառավարությունը աշխատանքային օր է այն համարել. «Մեռելոցների հարցը քննարկում էր, նախորդ կառավարության շրջանում էլ: Մեռելոցների համար օրենքով նախատեսված դրույթ կա, որ կառավարությունը կարող է որոշում կայացնել տաղավար տոներին հաջորդող օրը ոչ աշխատանքային հռչակել: Քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ եղան, որոշները պահպանեցին, որոշները զիջեցին: Անկեղծ ասած, այդ քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել: Եթե մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեզմաններ, թող այցելեն: Ի՞նչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել, հատկապես այս օրերին: Եթե աշխատանքային օր է սահմանվում, մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, ես կարծում եմ, որ խոչընդոտում են: Առավելաբար այս տարի, հատկապես այս պայմանների մեջ, երբ Եռաբլուր այսպիսի հոսք կա ու այսպիսի մեծաթիվ զոհեր ունենք, կարծում եմ, պետք էր հաշվի առնել այս հանգամանքը եւ նման գործելաոճից հրաժարվել»:

Մեր հարցին՝ Զատկի տոնին խանութներում ձվի հերթերը ցույց տվեցին, որ մարդիկ օրվա խնդիր ու նպատակ էին դրել անպայման այդ օրը ձու ունենալ՝ առանց ընկալելու օրվա նշանակությունն ու խորհուրդը, եկեղեցին այստեղ անելիք ունի՞՝ պատասխանեց. «Նախ, կարծում եմ, չպիտի այդպիսի իրավիճակ լիներ, որ այդպիսի հերթեր գոյանային, այդպիսի պահանջարկ լիներ, սակավության պատճառով, պետք է նախապես պլանավորված լիներ՝ պահանջարկը բավարարելու ուղղությամբ: Իսկ եթե նման իրավիճակներ լինում են՝ մշակութային, վարվեցողության հետ կապված խնդիրներ պետք կարգավորվեն, որպեսզի զերծ լինենք այնպիսի դրսեւորումներից, որը տեսանք՝ հերթեր, քաշքշոց, հրմշտոց: Կարծում եմ, իհարկե, անելիքներ բոլորս էլ ունենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930