«Հովիվի վիճակը կայուն է, թեթև վնասվածք է ստացել, առողջական առումով նա լավ վիճակում է»,- «Մեդիա կենտրոնում» «Ականի պայթյուն Դավիթ Բեկում. առջևում գյուղատնտեսական աշխատանքներն են, ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները» թեմայով քննարկման ընթացքում տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը:
Նշենք՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչը մարտի 29-ին ականի պայթյունից վնասվածքներ է ստացել: Նա դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կարինե Հախնազարյանը պատմեց՝ դեպքը տեղի է ունեցել սահմանին, երբ կովը գնացել է առաջ, հովիվը նկատել է ականը, միաժամանակ զինվորները փորձել են հրահանգ տալ՝ կանգ առնելու, բայց նա առաջ է գնացել կովին փրկելու համար:
Կարդացեք նաև
Կարինե Հախնազարյանն ասաց՝ որքան էլ ականազերծման աշխատանքներ կատարվում են, բայց նաև պետք է բնակիչներն ուշադրություն և զգոնություն ցուցաբերեն:
Խոսելով ականազերծման աշխատանքների ընթացքի մասին՝ Կարինե Հախնազարյանը հայտնեց. «2019-ին Դավիթ Բեկի ամբողջ տարածքը մաքրված էր, բայց վերջին պատերազմական գործողություններից հետո այն այս պահին աղտոտված է: Ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո մեր մասնագետները եղել են Դավիթ Բեկում: Աշխատանքները դեկտեմբերից սկսված են: Գրեթե 30 հազար քմ տարածքով մեր մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել: Փետրվարին հայտնաբերել ենք կասետային ենթազինամթերք: Հայտնաբերման այդ տարածքում տեղայնացված նշագրումներ են կատարվել: Սյունիքի մարզում եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով աշխատանքները դադարեցված են»:
Անդրադառնալով համայնքի բնակիչների այն մտահոգություններին, որ արդեն գյուղատնտեսական աշխատանքների ժամանակն է, սակայն ականազերծման աշխատանքները դեռ լրիվ չեն կատարվել, Կարինե Հախնազարյանը պատասխանեց. «Սա մեկ օրվա կամ ամսվա աշխատանք չէ: Իհարկե, հնարավորինս սեղմ ժամկետներում ենք փորձում աշխատել, բայց դեռ աշխատանքները կատարվում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ