Մարտի 29-ից ապրիլի 2-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը:
Շաբաթի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ գրողների հետ, գրական քննարկումներ, այս տարվա հոբելյարներին նվիրված ցերեկույթներ, վիկտորինաներ, երաժշտական ունկնդրումներ, հեքիաթապատումներ ու կինոդիտումներ:
Շաբաթի բացումը տեղի ունեցավ ճեմասրահում ներկայացված «Աշխարհի լեզուներով գրքեր» ցուցահանդեսով։ Տարվա հոբելյարներ ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենի 400-ամյակին, հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի 115-ամյակին և հայ մեծանուն աշուղ Ջիվանիի 175-ամյակին նվիրված ցերեկույթներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին գրադարանի ակտիվ ընթերցողները:
Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ: Ցերեկույթն ուղեկցվեց գրադարանի ընթերցողների կողմից պատրաստված բեմականացմամբ ու գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ: Օ.Դարյանի հետ ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ գրադարանի Հեքիաթի սրահում, որտեղ ընթերցողները ներկայացրին ժամանակակից մանկագրի ստեղծագործությունները, բեմադրեցին նրա՝ «Խաղողի երկիր» հեքիաթը:
Շաբաթի ընթացքում գրադարանի ընթերցասրահում անցկացվեցին ինտերակտիվ խաղ-վիկտորինա հայ գրողների ստեղծագործությունների շուրջ, հայ ժամանակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումների շարքը և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայկական մուլտֆիլմերի դիտումներ:
«Ոչ նյութական ժառանգություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ասեղնագործության վարպետաց դաս և «Կռունկ» երգի ունկնդրում Կոմիտասի կատարմամբ:
Գրադարանի ընթերցողները հնարավորություն ունեցան էլեկտրոնային բաժնում ծանոթանալ տարվա գրական հոբելյարների կենսագրությանն ու գրական գործունեությանը:
Ապոր անվան ազգային մանկական գրադարան