Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Վանաձորում վճարովի ավտոկանգառներ չկան, դրանք անօրինական են». Վանաձորի քաղաքապետ

Ապրիլ 05,2021 15:10

Վանաձորցի վարորդները շարունակում են բողոքել քաղաքում գործող վճարովի ավտոկայանատեղիներից: Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ եւ Մխիթար Գոշ փողոցներում կայանելու դեպքում, տարածքում կանգնած հսկիչները վարորդներից գումար են պահանջում՝ 100-ից 200 դրամ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորում վճարովի ավտոկայանատեղիներ չկան: Նրա խոսքով՝ իրենք 2017 թվականից մինչ օրս որեւէ պայմանագիր որեւէ կազմակերպության կամ անհատի հետ այդ նպատակով չեն կնքել. «Որտեղ որ Վանաձոր քաղաքում կան ավտոկայանատեղիներ, դրանց պայմանագրերից ոչ մեկը վճարովի ավտոկանգառ կազմակերպելու համար չէ: Բիզնեսի նպատակահարմարությունից կամ տաքսի սերվիսը, որպեսզի կայանատեղի ունենա, հիմնականում այդ նպատակն են հետապնդել տնտեսվարողները կամ ֆիզիկական անձիք, այդ տարածքները վարձակալելիս»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ փորձել են կապ հաստատել Մխիթար Գոշ հասցեում գործող ավտոկայանատեղի վարձակալի հետ: Վերջինս քաղաքում չէ. «Հիմա ինչ-որ մարդիկ են այնտեղ կանգնած «Խուլ ու համրերի» կազմակերպությունից: Երկու օր առաջ ես էլ եմ գնացել այդտեղ: Մի քիչ սաստեցի, բայց նույնիսկ գուցե չհասկացան, որ թողնեն գնան: Հիմա լուր ենք ուղարկել վարձակալին, որպեսզի պայմանագիրը խզենք վերջացնենք: Որ այդտեղ ո՛չ վարձակալած տարածք լինի, ո՛չ էլ ոմանք կարողանան օգտվեն, եւ խուսափենք նման ավելորդ խնդիրներից»:

Իսկ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող մյուս ավտոկայանատեղին համեմատաբար ավելի վաղուց է, ինչ վճարովի է: Այս պահին այդ տարածքի հետ կապված դաստական գործընթաց է ընթանում. «Մենք այս տարածքի հետ կապված այլ աշխատանքներ ենք տանում, քանի որ 2015 թվականից դատական գործընթաց կա, հետո դատարանը ոչ ի օգուտ քաղաքապետարանի վճիռ էր կայացրել եւ պայմանագիրը թողել էր: Հիմա իրավաբանների հետ մտածում ենք, թե ինչպես անենք, կամ ժամկետն ավարտենք ու չերկարացնենք: Ամեն դեպքում սա եւս լուծման ենթակա է»,- ասաց Ասլանյանն ու եւս մեկ անգամ շեշտեց. «Վանաձորում վճարովի ավտոկանգառներ չկան, դրանք անօրինական են»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930