Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան կօգտագործի Փաշինյանի և իր փաշիստների բարեկամական կոչերը՝ ի վնաս Ցեղասպանության միջազգային ճանաչման». Տիգրան Խզմալյան

Ապրիլ 05,2021 14:56

«Մեզ հետ չեն լինի բոլորը, մեզ հետ կլինեն նրանք, ովքեր չեն ուզում, որ Հայաստանին վերաբերող հարցերը լուծվեն արտերկրում»,- այսօր այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ իրենց չմիացողները կլինեն թալանը խրախուսող, դրանից օգտվող և դրան հարմարված քաղաքացիները. «Ստրուկներն ունեն մի առավելություն՝ նրանց կյանքը ստաբիլ է, նրանք ունեն իրենց կայուն «թուլափայը», նրանք պատրաստ են այդ կյանքը պահել ինչպես իրենց, այնպես էլ մեր, մեր երկրի շահերի հաշվին»:

Տիգրան Խզմալյանն ասուլիսի մեկնարկին անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դրանք անցնելու են ստի, կեղծիքի և հալածանքների մթնոլորտում, քանզի, իր հիշեցմամբ, ընտրությունները հայտարարվել են Փաշինյանի և օլիգարխ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, ինչը հուշում է, որ Փաշինյանը եկել էր օլիգարխիան վերացնելու, բայց նա պայմանավորվում է նույն օլիգարխիկ զանգվածի հետ: Նրա պնդմամբ՝ Ազգային ժողովրդավարական բևեռն ընդունում է այդ մարտահրավերը և շարունակում է պայքարը:

«Մեր հերթական՝ ապրիլի 9-ի հանրահավաքը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում իրավիճակը սրվում է և ընտրությունների հարցն արդեն որոշվում է Հայաստանից դուրս: Ընտրությունները նշանակվեցին այդքան հապճեպ, որպեսզի հնարավոր չլինի փոխել օլիգարխիկ պայմանավորվածությունները և ընտրություններն անցկացնել հակաժողովրդավարական կերպով: Իշխանությունը և իշխանությանը երկրորդող կրեմլահաճո ընդդիմությունն ամբողջությամբ օգտվում են պուտինյան վարչակազմից: Մենք տեսնում ենք, որ օրենսդրական փոփոխությունների մասին խոսվում է, բայց ասվում է, որ միևնույնն է՝ այս ընտրություններն անցնելու են հին օրենքներով: Այսինքն, իշխող ուժերի վերարտադրման համար ստեղծվում են բարենպաստ նախապայմաններ»,- ասաց Խզմալյանը:

ԱԺԲ խորհրդի անդամը տեղեկացրեց, որ իրենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության, ժողովրդի անունից դիմել են Ֆրանսիային և ԱՄՆ-ին: ԱՄՆ-ից ստացել են պատասխան, որը, դիվանագիտական լինելով հանդերձ, կարելի է համարել դրական արձագանք. «Պատասխան նամակում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, պատրաստ է աշխատել ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի հետ: Սա ուղիղ ակնարկ էր մեզ, քանզի մենք գրել էինք հենց ժողովրդի անունից: Մենք դիմել էինք ՆԱՏՕ-ի ոչ անդամ, դաշնակից պետություն լինելու խնդրանքով: Սա արդեն իսկ չհայտարարված կերպով գործում է Ուկրաինայում, որտեղ տեղակայված են զորքեր, Վրաստանում, որտեղ կառուցվում են ռազմական ուսումնական հաստատություններ: Իսկ մեր դեպքում՝ Ռուսաստանը չի թաքցնում, որ ցանկանում է Հայաստանը բաժանել Թուրքիայի հետ՝ ինչպես հարյուր տարի առաջ: Բայց մենք չենք թողնի, որ Ռուսաստանը խանգարի Հայաստանում ազատ, ժողովրդավարական կյանքին: Իհարկե, սա միայնակ անելը դժվար է, այդ պատճառով էլ մենք դիմել ենք ԱՄՆ-ին և Ֆրանսիային»:

Տիգրան Խզմալյանը հայտնեց իր վստահությունն առ այն, որ «Փաշինյանի և նրա փաշիստների»՝ Թուրքիայի հետ հաշտեցման կեղծ օրակարգն ունի մեկ պատվեր, որը գալիս է ռուս-թուրքական դաշինքի կողմից. «Մենք ԱՄՆ-ից բազմաթիվ ուղերձներ ենք ստանում, որ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը պատրաստվում է արտաբերել «Հայոց ցեղասպանություն» բառերը: Իհարկե, պետք է նշել, որ սա ամենակարևորը չէ. Դեռևս այն ժամանակ և չկար «գենոցիդ» բառը, Ամերիկան հայերի համար փորձում էր ապահովել կորցրած տարածքների վերականգնումը հայտնի Վուլսոնյան մանդատով: ԱՄՆ-ն 20-21րդ դարերի ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել են իրենց մարդասիրական մղումները: Իսկ այս պայմաններում, երբ Բայդենը Պուտինին անվանել է մարդասպան, ասել Հայոց ցեղասպանություն, նշանակում է մարդասպանի պիտակը կպցնել նաև Թուրքիային: Ահա թե ինչու Թուրքիան կօգտագործի Փաշինյանի և իր փաշիստների բարեկամական կոչերը, որպեսզի ասի. «Պարոն Բայյդեն, Ձեր ճանաչումը կարող է խանգարել հայ-թուրքական հաշտեցման փորձերին, չէ՞ որ Հայաստանի ընտրված վարչապետը պատրաստ է հաշտվել»:

Բանախոսը շեշտեց, որ Փաշինյանն այնքան միամիտ չէ, որ այսքանը չհասկանա. «Նա պարզապես կատարում է այն, ինչն իրավաբանության մեջ կոչում են պետական դավաճանություն, իսկ ժողովրդի մեջ՝ ազգային դավաճանություն: Ես ուզում եմ բոլորը գիտակցեն, թե ինչ է այսօր անում այս տխրահռչակ իշխանությունը»,- ամփոփեց Խզմալյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930