Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու օրից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, ստանալու է իր վերջին հրահանգները և գործի ըստ դրանց». Արկադի Վարդանյան

Ապրիլ 05,2021 14:45

«Հարյուր տարի մեզ խաբել են, բնաջնջել են: Այժմ էլ տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում իրենց քաղաքականությունը: Հիմա այն օրհասական պահն է, երբ մենք պիտի ձեռք ձեռքի տանք և փրկենք մեր հայրենիքը»,- այսօր այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արկադի Վարդանյանը:

Նա նշեց, որ տպավորություն է, թե սպասվելիք ընտրությունները կարող են նույնիսկ չկայանալ, քանզի գործ ունենք մի անձի հետ, որը կարող է առավոտյան մի բան հայտարարել, մեկ ժամ անց՝ մեկ այլ բան, հետո փորձել բացատրել այդ իրարամերժ կարծիքները. «Ես բոլորովին չեմ զարմանա, եթե շաբաթներ անց հայտարարվի, որ ընտրություններ չեն լինելու, օրինակ՝ համավարակի երրորդ ալիքի տարածման պատճառով: Երկու օրից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, ստանալու է իր վերջին հրահանգները և գործի ըստ դրանց: Տեսնենք՝ ինչ կլինի:»

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի այլ գործիչներին՝ Արկադի Վարդանյանն ասաց. «Ես կոչ եմ անում համախմբվել, չհավատալ նիկոլական կամ այսպես կոչված «Հայրենիքի փրկության շարժման» պրոպագանդային. 17+-ը և Նիկոլը նույն ճամբարի տարբեր թևերն են»:

ԱԺԲ խորհրդի անդամի կարծիքով՝ նրանք, ովքեր քարոզում են հայ-թուրքական բարեկամություն՝ ազգի դավաճաններ են: Այս համոզման հիմքում Վարդանյանը դնում է Ադրբեջանի կողմից մինչ օրս մեր գերիներին չվերադարձնելը, քարերով հայկական համարներով մեքենաներին հարվածելը և այլ շանտաժները, որոնք իր համոզմամբ՝ ուղղված են հայերին հարկադրել, որպեսզի հրաժարվեն ցեղասպանության պահանջից. «Ես կարծում եմ, որ այստեղ արևմուտքի աջակցությունը կարևոր է, և չեմ կասկածում, որ մենք այդ աջակցությունը կստանանք անպայման, որովհետև վերջերս ընթացող գործողությունները հայանպաստ են»:

«Ընդհանրապես, պատմությունը հիմնականում ընթանում է տրամաբանության և բարոյականության ճանապարհով. Այնպես չէ, որ չարիքը միշտ հաղթող է դուրս գալիս և անպատիժ մնում: Ինչպես ժամանակին Գերմանիան ճանաչեց հոլոքոստը և մինչ այժմ վճարում է հրեաներին դրա համար, ճիշտ այդպես էլ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, միայն դրանից հետո կարելի է խոսել ինչ-որ հաշտության մասին»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930