Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմությունը գտնի, որ ԸՕ որեւէ դրույթ պետք է այս պահին իրականացնել, մենք խնդիր չենք տեսնում»․ Մակունց

Ապրիլ 05,2021 14:25

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկու մաս ունեն։ Մեկը, որը վերաբերում էր համամասնական ընտրակարգին, արդեն ընդունվեց ԱԺ նիստում։ Այս ընթացքում ունեցել ենք խորհրդակցություններ մասնագիտացված միջազգային կառույցների հետ եւ իրազեկել այդ առիթով։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, կքննարկենք այդ հարցը, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար եւ որ դրույթները կհետաձգվեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընտրական օրենսգրքի հնարավոր լրացուցիչ փոփոխություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Դա արդեն խորհրդարանում կորոշենք։ Նաեւ պետք է հաշվի առնել ԿԸՀ կարծիքը, որովհետեւ միտում չունենք գործընթացը բարդացնելու։ Եթե կլինեն ընթացակարգերը պարզեցնող դրույթներ, ապա կընդունենք դրանք։ Եթե ոչ, կթողնենք հետագայի համար»,-տեղեկացրեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրական շեմերը նույնությա՞մբ են պահպանվելու։ Մակունցը պատասխանեց, որ դրույթները քննարկելի են գործընկերների հետ խորհրդարանում․ «Եթե իրենք գտնեն, որ որեւէ դրույթ պետք է այս պահին իրականացնել, մենք խնդիր չենք տեսնում»։

Նկատառմանն ի պատասխան, որ խորհրդարանական ընդդիմությունը համաձայն չէ ԸՕ փոփոխություններին, մասնավորապես՝ ընտրակարգի առումով, Լիլիթ Մակունցը շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ իրենք փորձել են եղած ժամանակում անցկացնել այնքան խորհրդակցություններ, որքան անհրաժեշտ է, որպեսզի առնվազն համամասնական ընտրակարգի շուրջ ընդհանուր եզրահանգում լինի․ «Չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում 2018թ․-ին կար համամասնական ընտրակարգին անցնելու հանձնառությունը, իրենք գերադասեցին ձեռնպահ մնալ այս պահին քվեարկությանը մասնակցելուց։ Լսել ենք նաեւ ԼՀԿ-ի տեսակետը։ Ինչեւէ, կարծում եմ՝ բավականաչափ քննարկել ենք։ Հարգել ենք խմբակցությունների մոտեցումները։ Արձանագրեմ, որ համամասնական ընտրակարգին անցնելը եղել է մեր քաղաքական հանձնառությունը»։

Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930