Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նա համարվում է անհետ կորած արդեն 7 ամիս, բայց մեկ է՝ հույսս չեմ կորցնում, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում». անհետ կորածի կին

Ապրիլ 05,2021 13:55

Մի ամբողջ սերնդի չապրած կյանք արժեցավ 2020 թ. Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը: Ոմանք կորցրին իրենց որդիներին, ոմանք՝ ամուսիններին, ոմանք էլ իրենց տունը հանձնելով թշնամուն` ուղղակի հեռացան հայրենի հողից։

«Երևանում էինք՝ ես, ամուսինս ու երկու անչափահաս երեխաներս։ Առավոտյան մեզ զանգեցին ու ասացին՝ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Ամուսինս՝ Գևորգը, առանց վարանելու, մեզ էլ իր հետ տարավ Արցախ։ Ճանապարհին շատ հուզված էի, մեծ տագնապ կար սրտումս։ Ինքը հակառակի պես շատ ուրախ էր։ Անընդհատ կրկնում էր՝ գնալու է հասնի ու տղերքի կողքին լինի։ Պիտի բոլորով պայքարեն թշնամու դեմ»,-ասում է անհետ կորած Գեւորգ Սիմոնյանի կինը՝ Անուշը։

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Գևորգը, որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ընկերները պատմում են, թե ինչպես էր բոլորին ոգևորում ու հորդորում ՝չընկճվեն, իրենք հաղթանակած են վերադառնալու։

«Տղերք, ամեն մեկդ մի փոքր թղթի վրա ձեր անունը գրեք և դրեք ձեր գրպաններում, պատերազմ է, ինչ իմանաս՝ ինչ կլինի»,-ասել էր նա տղաներին։

Գևորգի կինն արդեն 7 ամիս է՝ տեղեկություն չունի ամուսնուց. «Ամուսինս ծնողներ չունի, վաղուց մահացել են, ինձ ավելի շատ օգնում է ամուսնուս եղբայրը, ես չեմ զլանում դիմել բոլոր պատկան մարմիններին, որպեսզի օգնեն՝ գտնեմ ամուսնուս։ Նա համարվում է անհետ կորած արդեն 7 ամիս, բայց մեկ է՝ հույսս չեմ կորցնում, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում»։

Անուշը մասնագիտությամբ բժշկուհի է։ Պատերազմի առաջին իսկ օրից իր բժշկական հմտությունները գործի դնելով՝ չի թողել իր տունը և օգնել է մարդկանց՝ ինչով կարողացել է: «Պարտավորվածություն ունեի օգնելու գյուղում ապրող ամենավերջին մարդուն։ Երեխաներիս հետ օգնել եմ մարդկանց, քանի որ դա իմ մասնագիտությունն ու պարտքն է»,-ասում է մեր զրուցակիցը։

Անուշն իր փոքրիկ ընտանիքի հետ ապրում էր Քաշաթաղի շրջանի գյուղ Ուռեկանում։

«Մենք գյուղը լքեցինք հոկտեմբերի 17 -ին։ Երբ սկսեցին կրակել մեր գյուղի ուղղությամբ, ես, երեխաներս և ամուսնուս եղբայրը եկանք Ջերմուկ, տուն վարձեցինք ու մինչ օրս վարձով ենք ապրում այնտեղ, քանի որ մեր գյուղը անցել է թշնամուն»,-ասաց Անուշը։

Գևորգի մասին նա միայն դրական հուշեր ունի՝ որպես ընտանիքի հայր եւ ամուսին. «Գևորգն իդեալական հոր կերպար է, մի վայրկյան առանց ինձ ու երեխեքի կյանք չի ունեցել, երեխեքս ամեն օր պապայի նկարը համբուրում են՝ այն հույսով, որ շուտով նորից հետ կգա ու իրենց կգրկի։ Շատ ենք կարոտում Գևորգին, առանց իրեն շատ դժվար է։ Չի լինում համակերպվել այս մեծ ցավի հետ…»:

Անի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930