Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է դատարան դիմելու պետական տուրքի չափը դարձնել 6000 դրամ, վերանայվել է արտոնությունների համակարգը

Ապրիլ 05,2021 13:23

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:

1990 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ 2018-ին դատարանների վրա մոտ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: 2019-ի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամի եկամուտ: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարն ընդգծեց, որ միջազգային փորձի ուսումնասիրություն է իրականացվել:

Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ: Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:

Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձեւ: Վերանայվել է արտոնությունների համակարգը. օրենքում չհիմնավորված արտոնություններ կան: «Լրացուցիչ կարեւոր արտոնություններ ենք սահմանել, որոնցից է համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու հարցը: Այդ դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաեւ ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում»,-պարզաբանեց Դանիելյանը:

Պետական տուրք չի գանձվի նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:

Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարակից զեկույցում գործընկերներին առաջարկեց դրական եզրակացություն տալ փոփոխություններին:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930