«Մենք ներկայացնելու ենք նախընտրական ծրագիր, որում կա անվտանգության եւ արտաքին քաղաքականության բաղադրիչ։ Դրանով քաղաքացիներին կասենք մեր լուծումների եւ պատկերացումների մասին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ ԼՀԿ-ն ի՞նչ մոտեցումներով է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Կարծում եմ՝ այս հարցին պետք է մոտենանք շատ հավասարակշռված եւ հանդարտ կերպով՝ առանց պարզունակ մոտեցումների եւ դուրս գալով Թուրքիան մեր թշնամին է կամ Թուրքիան մեր թշնամին չէ պատկերացումներից։ Մենք ունենք արտաքին եւ ներքին անվտանգության լուրջ խնդիրներ եւ չենք կարողանում այսօր մեր հարաբերությունները բարեկամ երկրների հետ կարգավորենք, ուր մնաց՝ հակառակորդ երկու երկրների հետ, որոնք ամեն օր մեզ սպառնում են։ Դեմ եմ պարզունակ մոտեցումներով առաջնորդվելուն։ Մենք ունենք հակառակորդներ եւ անվտանգության խնդիր։ Ովքեր սպառնում են մեր գոյությանը որպես էթնոս, իրենց հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն․․․»,-հավելեց Անի Սամսոնյանը։
Լրագրողն այստեղ ընդհատեց հարցով՝ «Թուրքիային այդպիսին համարո՞ւմ եք»։ Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Բնականաբար։ Թե Թուրքիան, թե Ադրբեջանն օր օրի իրենց հռետորաբանությամբ մեզ սպառնում են։ Այս պայմաններում խաղաղասիրության մասին խոսե՞լ․․․»։
Հարցին ի պատասխան, թե Թուրքիային թշնամի համարո՞ւմ եք, Անի Սամսոնյանը նշեց․ «Բնականաբար։ Եթե սպառնում են քեզ ֆիզիկապես ոչնչացնել, ինչպե՞ս կարող ենք բարեկամաբար տրամադրվել։ Մի բան էլ։ Այդ խաղաղասիրության կոչերն ինչո՞ւ են մեզ պարտադրում։ Թող պարտադրեն նրանց, ովքեր մեզ սպառնում են ֆիզիկապես ոչնչացնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ