Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցավոք Արթուր Ադամովին չենք տալիս այն պատիվը, որին արժանի է». ֆրանսաբնակ հայ բեմադրիչ

Ապրիլ 05,2021 11:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը ապրիլի 13- 19-ը Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում կներկայանա հայ հանդիսատեսին «Սասնա Ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացմամբ։

Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը, որն ամուսնու՝ Էդգար Մանուկյանի հետ միասին հիմնադրել է «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց միությունը Ֆրանսիայում իր առաքելությունն է համարում հայկական մշակույթի տարածումը, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիականի:

«Մենք պարբերաբար հանդես ենք գալիս ժամանակակից դրամատուրգների երկերի թարգմանությամբ»,- ասաց Սաթէ Խաչատրյանը: Հիշեցրեց, որ «Սաթէ-Աթղը» միությունը 2018 թ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում Տիկնիկային թատրոնում ներկայացավ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Սաթէ Խաչատրյան), ինչպես նաև «Կյանքի երեք տարբերակ» թատերականացված ընթերցում-ներկայացմամբ՝ Լոֆթում, որի ռեժիսորներից մեկը կրկին ինքն էր, մյուսը՝ Սերժ-Մելիք Հովսեփյանը: Նույն թվականին «Զանգակ» գրատանը կայացավ նաեւ իր թարգմանած՝ Ռեզայի պիեսների շնորհանդեսը։

2019 թվականին «Սաթէ-Աթղը» թատերական միությունը հայ հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք՝ «Սուտ» ներկայացում, «Հայրը», «Որդին» պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Սաթէ Խաչատրյանի բեմադրությամբ։

Այս տարվա ապրիլի 20-ին՝ Համազգային թատրոնում կկայանա նրա թարգմանած՝ Զելլերի պիեսների ժողովածուի շնորհանդեսը, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին «Սաթէ-Աթղը» թատերական միությունը Լովթում հանդես կգա Քսավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություն» պիեսի բեմադրությամբ, որը բեմադրիչը և թարգմանիչը Սաթէ Խաչատրյանն է։

Aravot.am-ի հետ զրույցում Սաթէ Խաչատրյանը հայտնեց, որ վաղուց ամուսնու հետ որոշել են որեւէ նախագծի շրջանակում մեկտեղել Փարաջանովին եւ Սայաթ Նովային ու անդրադառնալ այդ երկու մշակութային հսկաներին, հատկապես, որ առաջիկայում Փարաջանովի 100-ամյակն է:

Իրենց հաջորդ նախագիծը վերաբերում է ազգությամբ հայ, ֆրանսիացի դրամատուրգ Արթուր Ադամովին, որի 5 պիեսները Սաթէն թարգմանել է, «Զանգակն» էլ՝ հրատարակել:

«Այժմ ավելի ամբողջական, լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի Ադամովի նախագիծը վեր հանենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Ֆրանսիայում, որովհետեւ նա այն ամուր մշակութային կամուրջներից է, որը մեզ միացնում է Ֆրանսիային: Ադամովը եւ հայ է, եւ ֆրանսիացի, նա կարեւոր անուն է Ֆրանսիական թատրոնում:

Արթուր Ադամովը Իոնեսկոյի հետ միասին Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է, բայց դժբախտաբար մոռացության է մատնվել, եւ չի վայելել այն փառքն ու ճանաչումը, ինչ բաժին էր ընկել Իոնեսկոյին եւ Բեքեթին:

Այժմ մենք կարող ենք նրան մեր հնարավորությունների սահմաններում վեր հանել: Ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչքան լավ միջոցառումներ կան Վիլյամ Սարոյանին նվիրված, մի տեսակ ցավ եմ ապրում, որովհետեւ ինձ համար Արթուր Ադամովն էլ շատ կարեւոր անուն է, ինչպես Սարոյանը, բայց նրան չենք տալիս այն պատիվը, որին նա արժանի է»,- ասաց Սաթէ Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Սաթէ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930