Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրաշքը կոնկրետ նպատակ էր Անդրեյ Տարկովսկու համար, որին իր ցանկացած ֆիլմով փորձում էր հասնել». Կարեն Ավետիսյան

Ապրիլ 05,2021 00:02

«Անդրեյ Տարկովսկու հետաքրքրությունը Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի նկատմամբ առնվազն կարելի է տարօրինակ համարել, քանի որ Տարկովսկին ոչ ֆանտաստիկայի սիրահար էր, ոչ էլ երբևէ մտածել էր  որևէ ֆանտաստիկ գործ էկրանավորելու մասին»,- ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված Tarkovsky Day միջոցառմանը հայտարարեց թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը:

Նա ներկայացրեց դասախոսություն Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի մասին, որի հիման վրա Անդրեյ Տարկովսկին նկարահանել է համանուն ֆիլմը: Իր բնորոշմամբ՝ Ստանիսլավ Լեմ- Անդրեյ Տարկովսկի «տանդեմի» մասին նա ասաց. «1972 թվականին ֆիլմը էկրան բարձրացավ: Վեպի լեհերեն հրատարակությունից հետո բառացիորեն մեկ-երկու տարվա ընթացքում Ռուսաստանում հայտնվեցին այդ վեպի թարգմանություններ: Խորհրդային ժամանակներում գիտաֆանտաստիկ ժանրը բավականին զարգացած էր, ուստի Ռուսաստանում այն շատ մեծ արձագանք գտավ»:

Երեկոյի ընթացքում կայացավ նաև «Սոլարիս» վեպի գրքի շնորհանդեսը, որը վերջերս «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Լեհերենից թարգմանությունը` Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի: Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:

20-րդ դարի ամենաառեղծվածային ռեժիսորներից մեկին նվիրված միջոցառման ընթացքում կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը վարեց Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսություն: Նա նշեց. «Հրաշքը կոնկրետ նպատակ էր Անդրեյ Տարկովսկու համար, որին իր ցանկացած ֆիլմով փորձում էր հասնել»:

Խոսելով Անդրեյ Տարկովսկի արվեստագետի մասին՝ նա ասաց. «Տարկովսկին այն արվեստագետներից մեկն էր, որը իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրեց այն առաքելությանը, որպեսզի կինոն ընկալվի, որ կինոն նույնքան բարձրադիր պատվանդանի վրա դրվի, որքան երաժշտությունը, գրականությունը, թատրոնը… դա նրան ինչ-որ առումով հաջողվեց»:

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև արտ ինստալյացիաներ, Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ցուցադրվեց Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930