Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» շահագրգռված չէ, որպեսզի ձեւավորվեն դաշինքներ. ակնհայտորեն այստեղ միտում կա բացառել ուժեղ մրցակիցների ձեւավորման գործընթացը»

Ապրիլ 05,2021 14:00

Բորիս Նավասարդյանը կողմ է փակ համամասնական համակարգին, սակայն նրա համար անընդունելի են այն փոփոխությունները, որոնք առնչվում են ԱԺ ընտրություններում դաշինքների համար անբարենպաստ պայմանների ստեղծմանը:

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նախագծով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից եւ հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում փակ համամասնական կարգով։

Այս համակարգի հետ կապված մտահոգություններ կան: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշում է՝ քաղաքական դաշտը դեգրադացվելու է, խորհրդարան են գալու կոճակ սեղմողները: Ու կողմ է արտահայտվում բաց համամասնական ընտրակարգին:

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը, ընդհակառակը, կողմ է փակ համամասնական համակարգին:
«Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Եթե խոսքը կոնկրետ տարածքային ցուցակների վերացումն է, ապա ես միայն դրական եմ համարում այդ փոփոխությունը, թեեւ չեմ կարծում, որ դա անմիջապես կստեղծի բարենպաստ պայմաններ ընտրությունների անցկացման համար: Բայց եթե մնային այդ վարկանիշային ցուցակները, կարծում եմ՝ խնդիրները շատ ավելի բարդ կլինեին»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ բաց համակարգը հետաքրքիր գաղափար է տեսականորեն, սակայն դա կտրուկ փոփոխություն կլիներ մեր ընտրական համակարգի համար: Նա պարզաբանեց. «Ո՚չ նման փորձ ենք ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ, ո՛չ էլ հարցը բավարար քննարկման է ենթարկվել վերջին ժամանակներում՝ ի տարբերություն տարածքային ցուցակների վերացման հարցի, որը 2018 թվականից բավականին ինտենսիվ քննարկվել է: Իսկ բաց համամասնական համակարգի համար, կարծում եմ, մենք դեռ պիտի խորանանք եւ տարբեր մակարդակներով քննարկումներ կազմակերպենք: Միգուցե հաջորդ ընտրությունների համար այն ընդունելի կլինի, բայց հենց այս պահին՝ մանավանդ ընտրություններին բավականին կարճ ժամանակ է մնացել, այդպիսի անցում երեւի նպատակահարմար չէր լինի»:

«Կոճակ սեղմողների» խորհրդարան ունենալու մտահոգության առիթով՝ ԵՄԱ նախագահն ասաց. «Եթե մենք վերլուծենք այսօրվա խորհրդարանի կազմը, տեսնենք՝ ով է անցել տարածքային ցուցակներով, ով զուտ կուսակցական ցուցակով, ապա չեմ կարծում, որ կոճակ սեղմողներն ավելի շատ են կուսակցական ցուցակով անցածների մեջ: Մեխանիզմները նաեւ տարածքային ցուցակների դեպքում թույլ են տալիս խորհրդարան անցնել այն մարդկանց, որոնք օրինաստեղծ աշխատանքների նկատմամբ հավակնություններ չունեն»:

Դիտարկմանը՝ ռեյտինգային ընտրակարգը հանելով՝ մարզային ներկայացուցչությունը խորհրդարանում դուրս է գալու, Բորիս Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Դա տեսական խոսակցություն է: Եթե նայենք նաեւ տարածքային ցուցակները, ապա բազմաթիվ պատգամավորներ այդ տարածքային ցուցակներով, ընդորում, մարզերում ձեւավորված տարածքային ցուցակներով, անցել են Երեւանի բնակիչները: Այսօր դա չի նպաստելու ներկայացվածությանը Հայաստանի տարբեր մարզերի եւ համայնքների ներկայացուցիչների: Ամեն դեպքում, եթե կուսակցությունը ներկայացնում է ցուցակ եւ ցանկանում, որ այն հետաքրքիր լինի մեր տարբեր համայնքների բնակիչների համար, կաշխատեն ներառել նաեւ համայնքներում ապրող իրենց կուսակիցներին, որպեսզի նաեւ շահեն այդ քաղաքների եւ համայնքների բնակիչների աջակցությունը: Մեր պայմաններում փակ համամասնական համակարգն առավել նպաստում է կուսակցությունների ձեւավորմանն ու ուժեղացմանը, նաեւ մրցակցությանը գաղափարական մակարդակում»:

Բորիս Նավասարդյանի համար, սակայն, անընդունելի են այն փոփոխությունները, որոնք առնչվում են ԱԺ ընտրություններում դաշինքների համար անբարենպաստ պայմանների ստեղծմանը: Ըստ նրա՝ դաշինքների համար շեմի բարձրացումն անընդունելի է, քանի որ ՀՀ-ում անհրաժեշտ են գործընթացներ կուսակցությունների միավորման եւ խոշորացման. «Առանց այդ գործընթացների մեզ մոտ քաղաքական-կուսակցական համակարգի առողջացում չի լինելու: Եթե մենք այդպիսի դժվարություններ ենք ստեղծում կամ պլանավորում ստեղծել դաշինքների համար, ապա այդ գործընթացը տեղի չի ունենա եւ ավելի ձեռնտու կլինի մասնատումը տարբեր քաղաքական շրջանակների, առանձին կուսակցությունների եւ դրանց առանձին մասնակցությունը ընտրություններին: Երկրորդ խնդիրն է այն, որ եթե ընտրություններում մասնակցում են բազմաթիվ դեռ իրենց ուժը չհաստատած եւ հնարավորությունները չստեղծած կուսակցություններ, որոնք քիչ շանսեր ունեն մտնել խորհրդարան եւ բավարարել այդ շեմի պահանջներին, ապա դա նաեւ հետ է կանգնեցնում շատ ընտրողների, որոնք միգուցե ունեն համակրանք տվյալ քաղաքական ուժերի նկատմամբ, սակայն այն, որ այդ կուսակցությունները շանսեր չունեն, կամ շատ փոքր են իրենց շանսերը, ապա բնականաբար, մարդիկ կարող են ակտիվություն չցուցաբերել եւ ուղղակի չգնալ եւ չմասնակցել ընտրությունների: Մինչդեռ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ակտիվություն են ցուցաբերում ընտրություններում, եթե տեսնում են քաղաքական ուժերի միավորումներ, դա մի տեսակ ոգեւորում է մարդկանց, ցույց տալիս, որ հնարավորություն կա այլընտրանքային ընտրություն կատարել, այդ առումով նույնպես դաշինքների ձեւավորումը դրական ազդեցություն կունենա ամբողջ ընթացքի վրա»:

Բորիս Նավասարդյանը կողմ է, որ դաշինքների համար անցողիկ շեմը ոչ թե բարձրացվի, այլ իջեցվի: Մեր դիտարկմանը՝ փաստորեն նման փոփոխություն քննարկման դնելով՝ «Իմ քայլն» իր վախե՞րն է ի ցույց դնում, նա պատասխանեց. «Իմ քայլն ուղղակի փորձում է գնահատել իրավիճակը եւ օրենսդրական դաշտում այնպիսի մարտավարություն կիրառել, որն իրենց համար կստեղծի առավել նպաստավոր պայմաններ: Բնականաբար, «Իմ քայլը» շահագրգռված չէ, որպեսզի ձեւավորվեն դաշինքներ, որոնք ավելի լուրջ մարտահրավեր կդառնան ընտրությունների ժամանակ իրենց համար: Այնպես որ, ակնհայտորեն աստեղ միտում կա բացառել ուժեղ մրցակիցների ձեւավորման գործընթացը: Պարզ թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մի քանի կուսակցություններ մասնակցում են ընտրություններին, բայց չեն հաղթահարում շեմը, ապա իրենց ձայները վերաբաշխվում են եւ անցնում այն կուսակցություններին, որոնք կմտնեն խորհրդարան: Առաջին հերթին դա ձեռնտու է հենց «Իմ քայլին»:

Բորիս Նավասարդյանը չընդունված կամ չքննարկված դրույթներում մեկ դրական բան է տեսնում եւ ուզում, որ այն՝ որպես փոփոխություն մտնի ԸՕ. դա ավելացումն է այն կուսակցությունների թվի, որոնք անկախ շեմի հաղթահարումից կմտնեն խորհրդարան: Նա նշեց. «Եթե գործող ԸՕ-ով առնվազն երեքը պիտի լինեն, ապա առաջարկվող կամ դեռ չքննարկված տարբերակում առաջարկվում է ավելացնել մինչեւ չորսը: Այդ կարգի փոփոխություն միանշանակ ընդունելի եւ շատ կարեւոր կլիներ այսօրվա պայմաններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930