Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է միշտ բարձր ճաշակ մատուցել»

Ապրիլ 05,2021 12:30

Ալլա Սահակյանը` ստեղծագործական կյանքի ու Միշել Լեգրանին նվիրված համերգի մասին

«Հիմա բուռն ստեղծագործական շրջան է, որը պայմանավորված է դահլիճների բացվելով։ Ներկա պահին դժվար է ասել, թե այս շրջանը որքան կտեւի, հետեւաբար ժամանակը փորձում ենք ճիշտ օգտագործել։ Վերադարձել ենք հին ռիթմին եւ հուսանք, որ այս վիճակը տեւական կլինի, հանդես կգանք շատ համերգներով եւ ներկայացումներով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։

Այն հարցին` արդյո՞ք դժվար չէ թատրոնն ու երաժշտությունը համատեղել, մեր զրուցակիցը պատասխանում է, որ դրանք համատեղելի են. «Բեմում հիմնական գործը ձայնի հետ է կապված, քանի որ տարբեր կերպ ենք այն օգտագործում, իսկ համերգի ժամանակ նախընտրելի է, որ այն հանգստացած լինի, այսպես ասած՝ լավ «մարզավիճակում»։ Ներկայացումների մասով ասեմ, որ Համազգային թատրոնում կարող եք դիտել` «Փափլիկը», «Լոռեցի Սաքոն», «Ճշմարտություն» եւ այլ ներկայացումներ, կան նաեւ նորերը, օրինակ` «Ճախրող լամպը»։

Ներկայացումների պակաս չկա եւ զբաղվածությունը թատրոնում եւս շատ է: Առաջիկայում մեծ եւ շատ հետաքրքիր համերգով ենք հանդես գալու` նվիրված Միշել Լեգրանին։ Համերգը տեղի է ունենալու ապրիլի 10-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաեւ Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Անցյալ տարվա հետաձգված համերգի տոմսերը ուժի մեջ են եւ դրանցով հանդիսատեսը կարող է ներկա գտնվել այս համերգին»,-հայտնեց Ալլա Սահակյանը։

«Ունկնդիներին կպատմվեն հետաքրքիր պատմություններ Միշել Լեգրանի կյանքից, կխոսվի նրա հաջողության ուղու մասին։ Համերգը նախատեսված է 5-ից մինչեւ 100 տարեկան անձանց համար, այսինքն` տարիքային սահմանափակում չկա, որովհետեւ նրա ստեղծագործությունները, ինչպես նաեւ Քյոսայանինը հատուկ ընտրված են: Կարծում եմ՝ համերգը մեծ բավականություն կպատճառի հանդիսատեսին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մարդկանց գեղեցիկ, լուսավոր, պայծառ երաժշտություն է հարկավոր, ինչը հնարավոր է լսել այս համերգին. «Մեր մեծ արվեստագետներին պետք է շատ լսել եւ երիտասարդությանը լսելի դարձնել։ Բոլորը պետք է ճանաչեն նրանց ստեղծագործությունները, որոնք իրենց տեղն ունեն համաշխարհային ձայնադարանում։ Պետք է միշտ բարձր ճաշակ մատուցել։ Խորհուրդ եմ տալիս բոլորին գալ այս համերգին»։

Համերգի գաղափարի մասին խոսելիս մեր զրուցակիցը հայնեց, որ այն հղացել էին դեռ 2 տարի առաջ. «Ավելի շատ հետաքրքրվելով Միշել Լեգրանի ստեղծագործություններով եւ հաշվի առնելով այն, որ Գարին բավականին լավ է կատարում դրանք` որոշեցինք համերգ կազմակերպել։ Սկզբում առաջարկ կար համերգն իրականացնել Լեգրանի ծննդյան օրը` փետրվարի 24-ին, սակայն տարբեր պատճառներով համերգը հետաձգվեց ու տեղափոխեցինք ապրիլի 10-ին։ Անցյալ տարի եւս քովիդի պատճառով համերգը հետաձգեցինք, Ամերիկայից հյուր պետք է ունենայինք, այժմ ծրագրում մի փոքր փոփոխություն է կատարվել»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930