Լրահոս
Օրվա լրահոսը

Դավաճանություն, այս անգամ` մշակութային

Ապրիլ 05,2021 13:00

Մշակույթի ոլորտում մշտապես եղել են ինտրիգներ, թեպետ, անկեղծ ասած՝ առանց դրանց ոլորտը «տխուր ու դժգույն» կլիներ։ Բայց որոշ դեպքերում ինտրիգ կոչվածը կարելի է որակել որպես դավաճանություն, ինչի մասին, որպես կանոն, բարձրաձայնում են տասնամյակներ անց։
«Առավոտի» հյուրը՝ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, միայն տասնամյակներ անց որոշեց հանրայնացնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նախկինում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդու մասին։ Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ արվեստի գործիչ այդ բանսարկուի մասին, որը հանրությանը հայտնի էր «Քսպե» մականունով, իրեն պատմել է ՀՀ եւ ՌԴ ժողովրդական արտիստ, մոսկվաբնակ Սուրեն Քոչարյանը։

«1963թ. Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի առիթով, որը դուրս չէր մնացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունից, «Բոլշոյ թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո, որտեղ աշուղին նվիրված ընդարձակ զեկուցումով հանդես եկավ հանրահայտ գրող Եգոր Իսաեւը։ Մինչ այդ, բնականաբար, ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով, որի նախագահ Սաղաթել Հարությունյանը գրողների միությունում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով Մոսկվայի կենտրոնական պողոտաներից մեկում կկանգնեցվի Սայաթ-Նովայի 10-12 մետր բարձրության կոմպոզիցիոն արձանը։ Այդ լուրից անմիջապես հետո ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը նամակ է ստանում Երեւանից, որով հեղինակը իր զարմանքն ու զայրույթն է արտահայտում, թե ինչպես կարելի է որոշում ընդունել ինչ-որ մի անհայտ հայ աշուղի, սեւ սքեմավոր մի հոգեւորականի արձանը կանգնեցնել Մոսկվայի սրտում։ Սայաթ-Նովայի հոբելյանական հանձնաժողովի անդամ էր նաեւ իմ ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ Սուրեն Քոչարյանը։ Նամակի հետ կապված որոշ պարզաբանումների համար Սուրենին հրավիրում են ԽՍՀՄ մշակույթի նախարարություն եւ առանց նամակի հեղինակի անունը բարձրաձայնելու՝ ընդամենը մի քանի տող են կարդում։ Այստեղ Սուրենը պարզապես բղավում է, ասելով, որ այդ բանսարկուն «Քսպեն» է, Հայաստանի գրողների միության նախագահ Հարություն Մկրտչյանը»,- պատմեց պարոն Առաքելյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է ընդամենը մեկ-երկու նախադասությունից Սուրեն Քոչարյանը հասկացել, թե ով է նամակի հեղինակը, մեր զրուցակիցն ասաց. «Այդ զրպարտչի թակարդը Սուրենն էլ էր ընկել, երբ 1944թ. պատրաստվում էր հանդես գալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա իր ստեղծած գրական կոմպոզիցիայով։ Սուրենի փոխանցմամբ՝ «Քսպեն» համապատասխան մարմնին հայտնել էր, որ «այդ արտիստ կոչվածը» ազգայնամոլական գաղափարների քարոզող է, Խաչատուր Աբովյանի մոլի հետեւորդներից մեկը։ Ամեն ինչ հարթվել էր միայն Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին հասցեագրված Սուրենի նամակից հետո։ Կատարվել էր անսպասելին. Գրիգոր Հարությունյանը ոչ միայն իր տիկնոջ հետ ներկայացել է երեկոյին, այլեւ հենց երեկոյից հետո տեղում հրավիրել է խորհրդակցություն եւ իր հիացմունքը հայտնել «բացառիկ կարեւորություն» ունեցող միջոցառման համար եւ առաջարկել այն կրկնել…»։

Պարոն Առաքելյանը հավաստիացրեց, որ «Քսպեն» տեւական ժամանակ անհանգստություն է պատճառել նաեւ Վարպետին՝ Ավետիք Իսահակյանին, նրան մեղադրելով անգամ «քաղաքական սխալ դիրքորոշումների» մեջ, ինչի մասին մեր զրուցակցին պատմել է արձակագիր Հմայակ Սիրասը, որը 1946-48թթ. հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ «Հմայակ Սիրասը տեղյակ լինելով Վարպետի հանդեպ «Քսպեի» վերաբերմունքին, ստիպված դիմել էր դարձյալ Գրիգոր Հարությունյանին։ Վերջինս էլ պատասխանել էր, թե՝ այո, նմաններին պետք է պատժել, բայց պատժել դիվանագիտորեն։ Կարճ ասած՝ Գրիգոր Հարությունյանը խորհուրդ էր տվել անհապաղ մոգոնել մի առիթ, կազմակերպել Վարպետին նվիրված երեկո եւ զեկույցն էլ հանձնարարել հենց իրեն՝ «Քսպեին»՝ Հարություն Մկրտչյանին… Ախր, չգիտեմ «քսպեական» էլ ո՞ր արարքի մասին խոսեմ…»,- ասաց Սերգեյ Առաքելյանը։ Մեր խնդրանքին՝ հիշել եւս մեկ դեպք, արվեստաբանը հայտնեց հետեւյալը. «1957թ. մեր երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բեմադրեց Չարենցի «Կապկազ թամաշա»-ն։ Բեմադրության հեղինակ եւ ռեժիսոր Տաճատ Վարդազարյանը իսկապես ստեղծել էր սատիրական գունագեղ ու համարձակ ներկայացում։ Այդ օրերին Երեւանում պաշտոնական այցով գտնվող ԽՍՀՄ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կուխարսկին հիացած էր եւ բեմադրության համբավը հասցրեց Մոսկվա։ Մի օր ինձ Տաճատն ասաց, թե «Կապկազ թամաշա»-ով հետաքրքրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսսովետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Զավադսկին, որը զանգահարել էր մշակույթի նախարար Անդրանիկ Շահինյանին եւ խնդրել շտապ իրեն ուղարկել ստեղծագործության ռուսերեն թարգմանությունը։ Զավադսկին անմիջապես սկսել է փորձերը, սակայն նրան շտապ հրավիրել են մշակույթի նախարարություն, ցույց են տվել 4 էջանոց նամակ, ուր ստեղծագործության հեղինակի՝ Չարենցի մասին չի եղել մեղմ ասած՝ նպաստավոր եւ ոչ մի խոսք, ու խորհուրդ են տվել հեռու մնալ այդ վտանգավոր հայ բանաստեղծից։ Ներկաների թվում է եղել նաեւ Սուրեն Քոչարյանը, որն իր խրոխտ ու հնչեղ ձայնով հայերեն, ապա ռուսերեն հնչեցրել է Չարենցի հայտնի տողերը. «Սանձե՜լ է ուզում հողմերին, Այս… ողորմելին…» ու վշտացած հեռացել է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Հարգելի Պարոն Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ, Սույն հրապարակման մեջ սպրդել են երկու կորպիտ սխալ։ Հավատալով Սերգեյ Առաքելյանին, գրում եք, թե Սայաթ-Նովայի 250 ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահը Սաղաթել Հարությունյանն էր։ Այս անձնավորությունը թե իր գրական հեղինակությամբ, թե իր պաշտոնեական դիրքով այդքան բարձր չէր, որպեսզի նման հանձնաժողովի նախագահ նշանակվեր։ Նման խիստ պատվավոր առաքելությունը, այդպիսի հոբելյանների դեպքում, որպես կանոն վստահվում էր հանրապետության մինիստրների խորհրդի նախագահին։ Այնուհետև գրում եք, թե Հարություն Մկրտչյանը Գրողների միության նախագահն էր։ 1963թ․ Հայաստանի գրողների միությունը նախագահ չուներ այն պարզ պատճառով, որ ՀԳՄ ցմահ նախագահ Ավ․ Իսահակյանի մահից հետո, ի հարգանս նրա հիշատակի, որոշվեց, որ այդուհետ ՀԳՄ-ն այլևս նախագահ չի ունենա, այլ պարզապես Առաջին քարտուղար։ Այս գեղեցիկ որոշումը 1981թ․ խախտեց Վարդգես Պետրոսյանը՝ վերականգնելով և ինքնիրեն հանձնելով այդ պաշտոնը․․․ Եվ ընդհանրապես զգույշ եղեք Ս․ Առաքելյանի պատմությունների հարցում, նա ճիշտ է երկար կյանք է ապրել արվեստում, բայց, ինչպես գիտեք, տարիքը հիշողության թշնամին է․․․ Հաջողություն ձեզ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930